«Հետք». ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը 2022 թվականի ընթացքում 1 միլիարդ 7 միլիոն դրամի եկամուտ է ունեցել, որից 962 միլիոնը գոյացել է «Արդշինբանկում» ունեցած բաժնետոմսերի վաճառքից։ Այս մասին նշված է Մհեր Գրիգորյանի գույքի և եկամուտների 2022թ․ տարեկան հայտարարագրում, որը հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրում։
2017 թվականի հոկտեմբերի 30-ից Մհեր Գրիգորյանը 1,000056 տոկոս մասնակցություն է ունեցել «Արդշինբանկ» ՓԲԸ-ում, որտեղ 2011-2018թթ․ զբաղեցրել է վարչության նախագահի պաշտոնը։ Բանկի բաժնետոմսերը ձեռք է բերել «Արինս Գրուպ» ՍՊԸ-ից և «Ռեգիոն ֆինանսական արդյունաբերական կորպորացիա» ՓԲԸ-ից, որոնք եղել են «Արդշինբանկի» 97,4 տոկոսի սեփականատերը։ «Արդշինբանկում» Գրիգորյանի բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ։
2022 թվականին Մհեր Գրիգորյանն այդ բաժնետոմսերը 962 մլն 424 հազ․ դրամով (ավելի քան 2 մլն ԱՄՆ դոլար) վաճառել է «Արինս Գրուպ» ՍՊԸ-ին, որն այս պահի դրությամբ բանկի 98,67 տոկոսի սեփականատերն է։ «Արինս Գրուպի» սեփականատերն էլ «Արդշինբանկի» խորհրդի նախագահ Կարեն Սաֆարյանն է։
Մհեր Գրիգորյանին պատկանող բաժնետոմսերի անվանական արժեքը կազմել է 502 մլն 300 հազ․ դրամ, որոնք վաճառել է մոտ կրկնակի ավել գնով՝ 962 մլն դրամով։
Կարդացեք նաև
Ինչպես է Մհեր Գրիգորյանն օգտագործել 1 միլիարդ դրամը
Ստացված եկամուտների մի մասը Մհեր Գրիգորյանը 2022 թվականին ավանդ է դրել։ Ավանդներից մեկի գումարը կազմել է 525 հազար ԱՄՆ դոլար, իսկ մյուսինը՝ 40 մլն դրամ։
56 միլիոն դրամ էլ արտացոլված է Մհեր Գրիգորյանի ծախսերի հատվածում՝ որպես նվիրատվություն կամ օգնության կարգով տրված գույք։
Ինչպես «Հետքին» հայտնել են փոխվարչապետի գրասենյակից, ստացված եկամուտներից մնացած մասը Մհեր Գրիգորյանը փոխանցել է կնոջը՝ Աննա Գրիգորյանին, որն էլ իր հերթին այդ գումարի մի մասը կրկին ավանդ է դրել։ Տարեսկզբին իր ունեցած 300 հազար դոլար ավանդը ավելացրել է ևս 200 հազար դոլարով, և բացի դրանից նոր ավանդ է դրել 500 հազար եվրոյի չափով։
Որպես դրամական միջոց՝ Մհեր Գրիգորյանը հայտարարագրել է 3 մլն դրամ բանկային հաշվին, և 70 մլն դրամ կանխիկ։ Ի դեպ այս 70 միլիոնը տարիներ շարունակ անփոփոխ արտացոլվում է Մհեր Գրիգորյանի հայտարարագրերում։
Տրդատ ՄՈՒՇԵՂՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: