ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում բացասական եզրակացություն տվեց «Հայաքվե» նախաձեռնության օրենքի նախագծին։ «Հայաքվեն» Ազգային ժողով էր ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առաջարկեց նախագիծը լրացնել։ «Առաջարկս հետեւյալն է՝ Արցախին վերաբերող հոդվածում թվարկվեն այն կոնկրետ գործողությունները եւ անձանց շրջանակը, որոնք այդ հանցագործության հնարավոր կատարողներ կարող են լինել։ Եթե հիմնական զեկուցողի կողմից էլ ցանկություն կա, հետաձգվի, լրամշակվի եւ ներկայացվի»,- ասաց Մինասյանը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հորդորեց գրավոր ներկայացնել լրացումը։ Արծվիկ Մինասյանն իր այս առաջարկը գրավոր ներկայացրեց։
ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը (լուսանկարում) մեջբերում արեց Հանրաքվեի մասին օրենքից՝ նշելով․ «Եթե մենք հիմա հետաձգում ենք օրենքի նախագծի քվեարկությունը, ապա այնտեղ մենք հնարավորություն ունենք նախագիծն ավտոմատ մերժման արժանացնելու՝ առանց քվեարկության»։
Կարդացեք նաև
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ չի կարող լինել մի իրավիճակ, որ հանձնաժողովի անդամը ներկայացնի առաջարկ եւ այդ առաջարկի հիմքով նախագծի քննարկումը հետաձգվի։
Հանձնաժողովը քվեարկեց եւ մերժեց Արծվիկ Մինասյանի առաջարկը։
«Հայաքվե» նախաձեռնության լիազոր ներկայացուցիչ, իրավաբան Արամ Պետրոսյանն ասաց, որ առաջարկ ունի․ «Ես առաջարկում եմ նախագծի քննարկումը հետաձգել՝ հաշվի առնելով այն կարեւոր փաստերը, որոնք ներկայացվեցին այսօրվա քննարկման ժամանակ»։
Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ հնարավոր չէ նախագծի քննարկումը հետաձգել, եթե հիմնական զեկուցողի կողմից չկա լրամշակման վերաբերյալ առաջարկ, որը կընդունվի հանձնաժողովի կողմից։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ եթե մեծամասնությունը մերժում է այդ առաջարկը, հերթական խախտումն է թույլ տրվում։ «ԱԺ կանոնակարգ օրենքի կամայական մեկնաբանություն եք անում՝ ոտնահարելով հիմնական զեկուցողի եւ պատգամավորների իրավունքը»,- ասաց Մինասյանը։
«Միակ տարբերակը, որը հիմա կարող եք անել՝ այս քվեարկությունների արդյունքում պարզապես նախագիծը հիմա դնեք քվեարկության, եթե, իհարկե, հեղինակը հետ չի կանչում նախագիծը։ Քննարկումը սկսվել է, պետք է ավարտվի քվեարկությամբ»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։
Արուսյակ Ջուլհակյանը հայտարարեց, որ հարցը քվեարկության է դրվում։ Արծվիկ Մինասյանն ասաց, որ դա կանոնակարգի խախտում է։ Նա նշեց, որ ԱԺ նստաշրջանում հատուկ կարծիք են ներկայացնելու։
Քվեարկության արդյունքում հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «Հայաքվեի» նախագծին՝ երեք կողմ, 7 դեմ ձայնով։ Սա նշանակում է, որ նախագիծը չի ընդգրկվում ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ