Զինվոր է վիրավորվել, հակառակորդի կրակոցի՞ց է վիրավորումը եղել. այսօր ԱԺ-ում լրագրողները փորձեցին պարզել ՊՆ փոխնախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանից: Նա պատասխանեց. «Ճիշտն ասած կառավարությունում եմ եղել եւ այս պահի դրությամբ տեղեկատվություն չունեմ»:
Սահմանային իրավիճակի հետ կապված էլ ասաց. «Ինչ կա պաշտոնական, դա է, ավելացնելու բան չունեմ»:
Հարցին՝ Ֆրանսիան հերթական անգամ խոսել է զենքի մատակարարումներից, ի՞նչ փուլում են ստորագրված պայմանագրերը՝ փոխնախարարի պատասխանը հետեւյալն էր. «Այն, ինչ պաշտոնապես կա, դրանք են, ավելացնելու բան չունեմ: Այն, ինչ հրապարակային կա, պաշտոնապես կհրապարակենք, հարգելի գործընկերներ»:
Հարցին՝ այն գումարը, որ տվել էինք ՌԴ-ին զենքի մատակարարման համար, արդյոք քննարկվո՞ւմ է, որ դա ՌԴ-ին ունեցած պարտքից մարվի՝ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ չեմ կարող պատասխանել, քանի որ այդ ոլորտը ես չեմ բան անում, կուրացիա անում ֆինանսական: Այս պահի դրությամբ ինֆորմացիա չունեմ, որպեսզի ձեզ տրամադրեմ»:
Կարդացեք նաև
Հարցին ի պատասխան՝ բայց ՌԴ-ի հետ պայմանագիրն ուժի մե՞ջ է՝ փոխնախարարը մի քիչ տարուբերեց ու ասաց. «Չեմ կարող ասել, պայմանագիրը մինչեւ իմ նշանակվելն է կնքվել, պայմանագրերին անձամբ ծանոթ չեմ եւ այդ ոլորտը ես չեմ կոորդինացնում, որ ձեզ տեղեկատվություն տրամադրեմ»:
Հարցին՝ քննարկվո՞ւմ է միջազգային դատարաններում ՌԴ-ին դատի տալու հարցը՝ նա պատասխանեց. «Ես կարծում եմ, հերթը դրան չի հասնի, գործընկերային հարաբերությունով կլուծվի այդ խնդիրը»:
Հարցին՝ հույս կա՞, որ կտան այդ զենքերը՝ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Միշտ էլ հույս կա»:
Լրագրողները այսքանից հետո ճշտեցին՝ լավ, դուք ո՞ր ոլորտն եք համակարգում այդուհանդերձ՝ նա պատասխանեց էլի խիստ երկմտելով. «Ըըըը, որոշ բաներ, եկեք էս պահին բան չանեմ, բայց որոշ ոլորտներ կան…Մի խոսքով: Նախապատրաստական աշխատանքներ ենք անում, մի ուրիշ անգամ դրանց մասին կասեմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ