Տեղեկացրել ենք, որ այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովում բանավեճ սկսվեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջեւ: Քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ ոչ մի դեպքում կողմ չի քվեարկի, քանի որ նախագծով պիտի դասալիքներին, բանակում չծառայածների ներեն ու թույլ տան, որ այդ հանցանքը այսպես ասած մարսի՝ ոչ մի օր չծառայելով, զուտ գումար վճարելով ազատվի պատասխանատվությունից:
Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր շուրջ 5000 քաղաքացի կա, որոնց 27 տարին լրացել է, մեծ մասը երկու երեխա ունեն ու եթե այդ կարգավորումը չմտցնեն, կգան, երեխա ունենալու հիմքով կազատվեն՝ որեւէ գումար չվճարելով. «Եթե այս կետը հանենք, դա կդառնա անժամկետ համաներում նրանց համար, ինչը անթույլատրելի է: Բացի այդ, կան քաղաքացիներ, որոնք այս ընթացքում ունեն բիզնես, հաջողությունների են հասել, մենք պետք է հնարավորություն տանք, որ բերեն այդ գումարը տան մեզ՝ մեր պետական բյուջեին, որ դա օգտագործենք մեր կարիքների համար: Այլապես նրանք ուղղակի չեն վերադառնա, 37 տարին լրանալուց հետո կազատվեն պատասխանատվությունից»:
ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ասաց, որ ամեն դեպքում՝ ինքն էլ է գտնում, որ ոչ մի օր չծառայելով՝ գոնե զինվորական երդում պետք է տան ու հաշվառվեն պահեստազորում. «Թեկուզ մի օր համազգեստը հագնեն, զինվորական երդում տան: Սա շատ կարեւոր նախագիծ է, մենք մի քանի անգամ համաներումներ ենք բերել, հիմա ընդդիմադիր մամուլում շրջանառվում է, թե գումարի դիմաց ազատում են, է, առաջ առանց գումարի էին ազատում: Մենք էլ համաներումով էինք ազատում, որովհետեւ 27 տարին լրացած էր, կա՛մ պետք է գար բանտում նստեր, կա՛մ պետք է համաներումով ազատվեին՝ որոշակի գումար վճարելով, ուղղակի գումարի չափն էր փոքր: Անհնար է հիմա մի մարզ գնանք ու մեկը չմոտենա ասի՝ բա 27 տարին լրացածների համաներումը ե՞րբ եք անելու, որովհետեւ սովոր են մարդիկ»:
Կարդացեք նաև
Կառավարության համար Հայկ Սարգսյանի նախագիծն, ընդհանուր առմամբ, ընդունելի է, գտնում են, որ սա կնպաստի հայրենադարձությանը, բայց առաջարկում է քաղաքացիություն ստանալու հետ կապված կարգավորումը, որ պետք է ծառայության անցնեն կամ 2,5 մլն դրամ վճարեն այն 27 տարին լրացված քաղաքացիները, որոնք ուզում են ստանալ ՀՀ քաղաքացիություն, հանել: Ինչպես նշեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը, քաղաքացիության ինստիտուտին առայժմ պետք է ձեռնպահ մնալ դիպչել:
ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց, որ բոլորը գիտեն, որ օրենքում բացեր կան ու բանակից կարողանում են խուսափել: Բայց բացերը փակելու փոխարեն ուզում են օրինականացնել բանակում չծառայելը. «Ես կողմ եմ, որ մարդկանց հնարավորություն տան վերադառնալ ՀՀ՝ որոշակի պայմաններով, ոչ թե համաներումով, որ գան, ֆռռան, իրենց հարցը լուծեն ու ստեղից թռնեն ու գնան: Պարոն Սարգսյան, գործը՝ գործ, ընկերությունը՝ ընկերություն, դեռ լիարժեք չեք համոզել ինձ: Ես այս փուլում դեռ «կողմ» կքվեարկեմ, առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ կխնդրեմ իրար հետ աշխատենք ու հասկանանք՝ կարո՞ղ ենք այլ մեխանիզմ գտնել: ՀՀ բանակում ծառայելը արական սեռի ոչ միայն պարտականությունն է, այլ նաեւ առաքելությունը»:
Հայկ Սարգսյանն արձագանքեց, որ ֆեյսբուքում «խրոխտ» գրառումներ են տեսնում, թե՝ բոլորը պարտադիր պետք է գնան ծառայության, ինչ ուզում է լինի. «Շատ ռազմահայրենասիրական է հնչում: Հետո տեսնում ենք թվեր, թե այդ զինծառայողների քանի տոկոսն է գնում զինծառայության, քանի տոկոսն է ազատվում՝ առողջական, ուսման, ընտանեկան դրության եւ այլ պատճառով: Տեսնում ենք, որ վիճակը աղետալի է եւ այդ մեր ցանկությունը, որ ուզում ենք բոլորը գնան պարտադիր զինծառայության, չի լինում: Գայթակղությունը մեծ է, բայց չեմ ուզում ասել, թե պարտադիր զինծառայության չեն գնում ծառայողների թվի քանի տոկոսը, ինչը ձեր մտածած թվերից մի քանի անգամ ավելի շատ է, ցավոք սրտի»:
Հայկ Սարգսյանը նաեւ պատմեց, թե ինչ նամակներ է ստանում բանակում չծառայած, արտերկրում գտնվողներից.«Որեւէ երաշխիք չկա, որ բանակում չծառայածները այդ 15 մլն-ը վճարելու են: Ինձ ֆեյսբուքում գրած նամակների մեծամասնությամբ ասում են, որ 15 մլն-ը շատ է եւ մենք, այնուամենայնիվ, օրենքից չենք օգտվի, կվերադառնանք միայն 37 տարեկանում եւ ձեզ որեւէ փող էլ չենք վճարի, հարգելի պատգամավոր, սա են ինձ ասում: Ու երբ կառավարությունն ասում էր 15 մլն-ը սարքենք 24 մլն, ես ասեցի, որ օրենքը չպետք է լինի ինքնանպատակ, այնպիսի թիվ դնենք, որ որեւէ մեկը չօգտվի»:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ