ԱԺ պաշտպանության հանձնաժողովում ուշագրավ վիճաբանություն սկսվեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի ու ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի միջեւ: Քննարկվում էր «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Գաբրիելյանը հարցրեց` այս նախագծով անհավասար պայմաններ չե՞ն ստեղծվում. «Ասում եք՝ մարդիկ հիմա էլ իրենց երեխաներին տարբեր օրենսդրական բացերի հետեւանքով կարող են դուրս տանել երկրից, բայց, ըստ էության, նրանք այն մարդիկ են, որոնք ունեն համապատասխան ֆինանսական հնարավորություններ: Չեմ կարծում, որ բոլորն են այդպես վարվում: Արդյոք է՛լ ավելի շատ չե՞նք դարձնում անհավասարությունը այս նախաձեռնությամբ: Բացի այդ, ես 5-րդ կետի հետ կապված լուրջ խնդիր եմ տեսնում, չեմ կարա կողմ քվեարկեմ դրան, որ մարդը գումարով, մեկ օր չծառայելով, առավել եւս ներկայումս… Ես՝ չէ, չի ստացվելու մոտս, որ քվեարկեմ, չեմ կարողանալու ուղղակի, որովհետեւ փաստացի դուրս է գալիս, որ ծառայությունից խուսափած մարդուն, որը, ըստ էության, դասալքությամբ է զբաղվել, ես պետք է հնարավորություն տամ, որպեսզի գումարով ինքը իր գործած հանցանքը մենք ներենք: Ցանկացած այլ պարագայում 14 ամիս է, մեկ ամիս է, այդ տեսանկյունից խնդիր չեմ տեսնում, բայց զրո օր չծառայել՝ գումար վճարելով՝ ես խնդիր եմ տեսնում»:
Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Իմ բացատրություններից հետո դուք պարտավոր կլինեք կողմ քվեարկել: Դուք կողմ եք քվեարկել «Համաներման մասին» օրենքին, որը 1360 քաղաքացիների հնարավորություն է տվել ոչ մի օր չծառայելով եւ ոչ մի դրամ չվճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից: Դուք մի կողմից ասում եք՝ ես կողմ չեմ քվեարկի, որ քաղաքացիները վճարեն 15 մլն դրամ՝ չծառայելով, բայց մյուս կողմից 1360 քաղաքացիների տվել եք այդ հնարավորությունը՝ ազատվել՝ որեւէ դրամ չվճարելով: Բազմաթիվ քաղաքացիներ չեն ծառայում ԶՈՒ-ում՝ առողջական խնդիրներ ունենալու պատրվակով, ունենալով առողջական խնդիրներ կամ թղթեր՝ առողջական խնդիրներ ունենալու մասին: 2011-ից 2019-ի ընթացքում 50 հազարից ավելի քաղաքացիներ չեն ծառայել բանակում՝ որեւէ դրամ չվճարելով ու որեւէ օր չծառայելով: Այդ տարիներին շուրջ 10 հազար քաղաքացիներ չեն ծառայել բանակում՝ ոչ առողջական, այլ խնդիրներ ունենալու հիմքով: 2265 քաղաքացի չի ծառայել բանակում՝ օտարերկրյա բուհերում սովորելու արտոնությունով: Բանակում չծառայելու համար ընդամենը դատապարտվել է բանակում չծառայողների թվի 1%-ից քիչ: Նույնիսկ հայտնաբերվածների 1%-ը: Մենք տարիներով ունեցել ենք քաղաքացիներ, ովքեր չեն ծառայել որեւէ պատրվակով, ունեցել ենք տասնյակ հազարավոր հայտնաբերված քաղաքացիներ, որոնցից դատապարտվել է ընդամենը 203-ը, դրանցից մեծ մասը՝ պայմանական կամ մեկ տարի ժամկետով, այլ պատիժ է սահմանվել: Հիմա դուք ինչպե՞ս եք ասում՝ ես կողմ չեմ քվեարկի, չե՞ք ուզում, որ տան այդ գումարը՝ չծառայելու դիմաց»:
Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Հարգելի պարոն Սարգսյան, պետք է ձեզ հիասթափեցնեմ. «Համաներման» օրենքն ընդունել են, այդ սխալը գործել են 7-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորները, ես այդ ժամանակ չեմ հանդիսացել պատգամավոր եւ կողմ չեմ քվեարկել: Եթե լինեի պատգամավոր, ամեն ինչ անելու էի, որ այդ նախագիծը չընդունվեր»:
Կարդացեք նաև
Վիլեն Գաբրիելյանը մնաց անդրդվելի՝ ասելով, թե իր համար սկզբունքային ու գաղափարական հարց է՝ չի կարելի փողով ու ոչ մի օր չծառայելով՝ ազատվել պատասխանատվությունից:
Հիշեցնենք, որ 8-րդ գումարման խորհրդարանի 70 տղամարդ պատգամավորներից բանակում չի ծառայել գրեթե կեսը՝ 29-ը: Չծառայածների մեծ մասը ՔՊ-ից են՝ իրենց խմբակցության ղեկավարից սկսած ու չեն ծառայել հիմնականում առողջական խնդիրների հիմքով: Ինչպես «Հետքի» ուսումնասիրությունը ցույց տվեց, չեն ծառայել նաեւ ՔՊ-ական պատգամավորներից շատերի որդիները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ