Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեզ պետք էին այս լսումները, որ էլի նույն մարդիկ ասեն՝ այս դավաճան, դավադիր իշխանությունները պիտի «Հայաքվեին» կողմ քվեարկեն»․ Արփի Դավոյան

Դեկտեմբեր 04,2023 15:26

«Այսօրվա հայտարարության տեքստը ուղղակի լսումների համար եք բերել, ոչ թե ձեզ անհրաժեշտ է, որ սա ընդունվի։ Ձեզ պետք էին լսումները, որ էլի էս նույն մարդիկ նույն տեքստերով գնան ասեն՝ այս դավաճան, դավադիր իշխանությունները պիտի այս «Հայաքվեին» կողմ քվեարկեն։ Մի հատ հարց, հարգելի գործընկերներ, ու ասում եք՝ այս դավաճան դավադիրները պիտի գան այս օրենքը քննարկեն, ուզում եմ հասկանալ՝ ո՞նց եք պատկերացնում դա՝ դավադիրները պիտի քվեարկեն, խորհրդարանական մեծամասնությունը պիտի քվեարկի, իշխանության ներկայացուցիչները պիտի քվեարկեն»,- այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը։

«Երբ որ դուք կողմ քվեարկեք, ամոթ էն մարդկանց, ովքեր դավադիր ու դավաճան կասեն։ Կմիանամ ձեզ, եթե դուք կողմ քվեարկեք։ Բայց քանի որ դուք կողմ չեք քվեարկում, մնացած ձեւակերպումներին ճիշտ չէ անդրադառնալ»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ասաց, որ իշխանությունը զբաղված է մանիպուլյացիայով։ «Ինչո՞ւ, որովհետեւ շատ պարզ բան կա՝ դուք ստացել եք իշխանություն, երբ սեղանի վրա դրված էին բանակցային փաթեթներ։ Այդ ընթացքում ինչ քննարկումներ, որ տեղի են ունեցել, որեւէ մեկը հողի վրա չի ունեցել որեւէ արդյունք։ Դուք Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին վերագրում եք ինչ-որ բաներ։ Տարբեր ժամկետներ եք հայտարարում, մեկն ասում է՝ Արցախը տրվել էր 1991-ին, մեկը՝ 1996-ին, մյուսը՝ 2003-ին, 2016-ին։ 2018 թվականից այս կողմ ոչ մի բան չկա՞։ Բա լավ, որ այդպես է, դուք գալիս էիք իշխանության, որ ի՞նչը պաշտպանեիք։ Ինչո՞ւ ենք մենք այսօր ինքնախարազանմամբ զբաղված, եթե ձեր համոզմունքն է, ինչպես գրել եք ձեր նախընտրական ծրագրում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը, ասեք, ճանապարհը ո՞րն է։ Լավ, «Հայաքվեն» դնենք մի կողմ, ճանապարհը ո՞րն է, եթե ասում եք՝ չկա այդպիսի ճանապարհ, ուրեմն բարի եղեք, հրաժարական տվեք, հեռացեք, թող նոր ընտրություն լինի, ժողովուրդն էլ ընտրի նոր մարդ»,- ասաց Մինասյանը։

Արփի Դավոյանն արձագանքեց․ «Գիտե՞ք՝ Արցախի հայաթափումը երբ է եղել, երբ մինչեւ 2018 թվականը Լեռնային Ղարաբաղում ապրում էր 120 հազար մարդ։ Արցախի հայաթափումը սկսել է այն ժամանակվանից, երբ 1994 թվականից հետո այնտեղ գոնե կես միլիոն մարդ չէր ապրում։ Շատ ու շատ հայտնի մարդկանց երեխաներ ծնվեցին Ամերիկայում, ոչ թե Ստեփանակերտում»։

Արծվիկ Մինասյանը հորդորեց Արցախի բնակչության թվերն արհեստական չիջեցնել։ Նրա խոսքով՝ Արցախում բնակվել է շուրջ 150 հազար մարդ։ «Եվ հիմա նորից ուզում եմ հստակեցնել՝ դուք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերում եք, թե՞ ոչ։ Եթե կողմ եք, առաջարկեք ձեր լուծման տարբերակը»,- հավելեց Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031