ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվեց ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին նախագիծը:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ամեն տարի այս օրենքում փոփոխություններ էին առաջարկում, հիմա պետք է գնան լուծման, որ կարգավորի խնդիրը վերջնականապես ու հավերժ: Հիշեցնենք, որ նախագիծը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել քրեական պատասխանատվությունից: Առաջարկվում է, որ նրանք կարող են 2 տարի ծառայել բանակում, ծառայել 1 տարի եւ պետբյուջե վճարել 2,5 մլն դրամ, ծառայել 6 ամիս եւ պետբյուջե վճարել 5 մլն դրամ, ծառայել 1 ամիս եւ պետբյուջե վճարել 10 մլն դրամ եւ վճարել 15 մլն դրամ՝ ողջ ծառայության դիմաց»: Գործող օրենքով 27 տարին լրացած եւ բանակում չծառայածները չեն կարող այլեւս ծառայել բանակում, ունեն մեկ տարբերակ՝ դատվել՝ Քրեական օրենսգրքի 461 հոդվածով՝ մինչեւ 5 տարի ժամկետով:
Հայկ Սարգսյանն ասաց, որ եթե այս գումարները վճարեն, պաշտպանական խնդիրներին կուղղեն. «Կանխատեսվում է, որ առաջին տարում օրենքից մոտ 1000 քաղաքացի կօգտվի: Միջինացված եթե վճարեն 10 մլն դրամ, պետական բյուջե կգեներացվի ավելի քան 10 մլրդ դրամ, ինչը քիչ գումար չէ: Չեմ ուզում տպավորություն ստեղծվի, թե մեր բանակն ունի գումարի խնդիր: Գիտեք, որ մեր պաշտպանական ծախսերը կազմում են ավելի քան 555 մլրդ դրամ, ինչը 2018-ի բյուջեից 2,2 անգամ ավելի է: Բայց եւս 10 մլրդ-ը չի խանգարի»:
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ հավերժ համաներումներով չեն կարող աչք փակել այս խնդրի վրա. «Ազատ այլ երկրներում շրջում են, ճիշտ է, քրեական գործեր հարուցվում են, բայց դրանք այնքան մեղմ հոդվածներով էին, որ միջազգային հետախուզում չեն առաջացնում: Հիմա քրեական օրենսգրքում փոփոխություններ են արվել եւ նրանք արդեն կարծես այլընտրանք չունեն՝ կա՛մ օգտվում են օրենքի հնարավորություններից, կա՛մ ունենում են պրոբլեմ նաեւ դրսում իրենց կեցությունը կազմակերպելու առումով»:
Հայկ Սարգսյանն ասաց, որ 2004-ից եղել է բանակում ծառայությունից խուսափած անձանց պատասխանատվությունից ազատելու հնարավորություն, 1,8 մլն դրամ տալիս էին ու ազատվում քրեական պատասխանատվությունից, հետո դարձավ 3,6 մլն եւ 10,500 քաղաքացի օգտվեց դրանից:
2019-ից հետո կարգավորում չեղավ ու 2021-ին ընդունեցին համաներման մասին օրենք. «Ցավոք ընդունվեց օրենքը եւ օգտվեցին 1360 քաղաքացի, նրանք վերադարձան հայրենիք, որեւէ գումար չվճարեցին, որեւէ օր չծառայեցին ու ազատվեցին պատասխանատվությունից, ինչը անհավասարության նշան դրեց իրենց ու ՀՀ բանակում ծառայածների միջեւ: Բազմահազար քաղաքացիներ վտանգում են իրենց կյանքը ծառայության ընթացքում, նրանց ընտանիքի անդամները դժվարությամբ հաղթահարում են այդ 2 տարին, ինչը անհավասարության նշան է դնում այն քաղաքացիների նկատմամբ, ովքեր օգտվեցին համաներումից»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Քրիստինե Պողոսյանը հարցրեց՝ առաջարկվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող 27 տարին լրացածներին ծառայել, եթե ուզում են դառնալ ՀՀ քաղաքացի, բայց մինչեւ 27 տարեկանը, եթե այդ մարդը եղել է այլ երկրի քաղաքացի, ծառայած կլինի տվյալ երկրում, հետեւաբար անարդար է լինում նրա հանդեպ երկու անգամ ծառայել, ավելի լավ է գումար ուզեն, քան ստիպեն զինծառայություն անցնել:
Հայկ Սարգսյանն ասաց, որ այսօր բազմաթիվ քաղաքացիներ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից, մինչեւ հաշվառման կանգնելը, ստանում են այլ երկրի քաղաքացիություն ու ազատվում բանակում ծառայելու պարտավորությունից, ընդ որում, շարունակում են ապրել ՀՀ-ում, գնալ դպրոց. «Հաճախ իրենց դասարանի մյուս երեխաները չեն էլ իմանում, որ իրենց ընկերը կամ համադասարանցին ՀՀ քաղաքացի չէ, դա միայն հայտնաբերում են 18 տարին լրանալուց հետո, երբ դասարանցիները անցնում են զինծառայության, հայտնաբերում են, որ ունեն դասարանցի, ում ծնողները ավելի հեռատես են գտնվել եւ շուտ լուծել են այս հարցը: Հազարավոր քաղաքացիներ ունենք, որ հրաժարվում են ՀՀ քաղաքացիությունից: Այս լուծման ձեւը որեւէ կերպ չի նպաստելու, եթե քաղաքացին որոշել է, որ իր տղան պետք է չլինի ՀՀ քաղաքացի, որ չծառայի, դրա համար գործուն քայլեր է անում, չի նայում այս օրենքը կա՞, թե՞ չկա: Օրենքում կան բացեր եւ եթե ուզում են իրենց որդին չծառայի, կարողանում են օգտվել այդ բացերից»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկել է, որ օրենքը միայն վերաբերվի նրանց, ում 27 տարին արդեն լրացել է: Հայկ Սարգսյանը որոշել է ամրագրել ավելի փոքր տարիքային շեմ՝ 25 տարեկաններին:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ