Լրահոս
Օրվա լրահոսը

«ՆԱՏՕ-ն հիմա Արցախի անո՞ւն է տալիս, սկի դուք չեք տալիս, ՆԱՏՕ-ն ո՞նց պետք է տա»․ Արծվիկ Մինասյանը՝ Վլադիմիր Վարդանյանին

Դեկտեմբեր 04,2023 14:22

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին․ «Մինսկի խմբի համանախագահությանն եք անդրադառնում, ճիշտ եք ասում, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հանձնարարեց այդ հարցը Մինսկի անվտանգության կոնֆերանսին, այնուհետեւ ձեւավորվեց Մինսկի խմբի համանախագահությունը։ Այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, վեր նշված սուբյեկտների պարտականությո՞ւնը չէր՝ կանխելու։ Արձանագրել էին, չէ՞, որ երեք սկզբունք կա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշում եւ ուժի չկիրառում։ Հիմա մի սուբյեկտն ուժ կիրառեց, բայց արձագանք չստացանք։ ՆԱՏՕ-ն հիմա էլ է ասում՝ ուժի կիրառումն արգելված է, բայց մնացածներն ինչո՞ւ չեն ասում»։

Արծվիկ Մինասյանն ի պատասխան ասաց, որ իշխանությունը չպետք է իրականացնի քայլեր, որոնք մեր ազգային պետական շահերը կվնասեն։ «Իսկ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ապահովման հարցը մեր ազգային պետական օրակարգային հարց է։ Ընդունելի է, թե ընդունելի չէ իշխանության համար, բայց դա փաստ է։ Եվ մեր կոչն ու հորդորն է եղել, որ չձեռնարկվեն քայլեր, որպեսզի վնասենք այս հարցին։ Ավելին, դուք 2021 թվականին մեզանից ավելի ազգային պետական հայտարարություն եք արել, հիմա ասում ենք՝ տեր կանգնեք ձեր հայտարարություններին, ապահովեք դրանք»։

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ պետք է հնչեցնել հարցը՝ միջազգային կազմակերպություններն իրենց  ստանձնած պարտավորություններին համապատասխան գործե՞լ են, թե՞ ոչ։ «Եվ եթե չեն գործել, պատճառահետեւանքային կապը ո՞րն է, ասում եք՝ ՆԱՏՕ-ն հիմա էլ է ասում, ՆԱՏՕ-ն հիմա Արցախի անո՞ւն է տալիս, սկի դուք չեք տալիս, ՆԱՏՕ-ն ո՞նց պետք է տա։ Ձեր իշխանությունն այսքան ժամանակ որեւէ երկրի դիմե՞լ է, ասե՞լ է, որ Ադրբեջանի ներկայացուցիչների նկատմամբ հարուցեք քրեական գործ։ Սկի մենք հարուցե՞լ ենք, Հայաստանը հարուցե՞լ է։ Մենք համագործակցության շրջանակներում կարող ենք դիմել ու ասել՝ հարուցեք քրեական գործ ալիեւյան ռեժիմի դեմ։ Եթե դուք երաշխավորում եք, որ ալիեւյան ռեժիմ տանելու ենք պատասխանատվության դաշտ, նրանք բոլորը՝ որպես քրեորեն պատժելի արարք կատարող անձինք, պիտի նստեն, դա նշանակում է՝ դուք պիտի գոնե հիմա խաղաղության մասին չխոսեք։ Եթե դուք գնում եք այն ճանապարհով, որ պիտի պատժենք Ալիեւին, ուրեմն մի խոսեք խաղաղության գնալու մասին »,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031