«Հայաստանն առնվազն մինչեւ 2020 թվականը հետեւողականորեն որդեգրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի հարցին։
«Եթե Սովետական միության վերջին փուլում, սովետական օրենքներին համաձայն, Արցախն ու Հայաստանը գնացել են վերամիավորման լուծման տարբերակով՝ դիմելով իրավասու մարմիններին, ապա երբ արդեն ԽՍՀՄ-ը փլուզվում էր, մինչ այդ Խորհրդային միությունն ընդունեց օրենք, թե ինչպես կարող են ինքնավար միավորները եւ հանրապետություններն անկախություն ձեռք բերել։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չկար այդ մեխանիզմը։ Զուգահեռաբար ընթացող գործընթացներին համապատասխան՝ հանրապետությունները սկսեցին իրենց անկախության գործընթացը։ Եվ քանի որ այդ հնարավորությունը տրված էր նաեւ ինքնավար միավորներին, ինքնավար միավոր հանդիսացող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզը որոշեց գնալ այդ ճանապարհով՝ անկախության ձեռք բերման ճանապարհով՝ որպես միջանկյալ քայլ վերջնանպատակին հասնելու համար։ Այն է՝ Հայաստանի հետ վերամիավորման արդյունավետ իրացում։ Եվ միջազգային, եւ տվյալ պահին գործող խորհրդային օրենքներին համապատասխան ամենապաշտպանված մեխանիզմներն են գործադրվել՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման տեսանկյունից։ Խնդիրն այլ է, որ այս ամենին զուգընթաց տեղի էր ունենում նաեւ մյուս հանրապետությունների անկախության գործընթացը։ Երբ Ադրբեջանը օգոստոսի 30-ին ընդունեց իր անկախության ակտը, սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ն արդեն հայտարարեց իր անկախության մասին, սա ամբողջությամբ տեղավորվում էր հենց այդ պահին Խորհրդային օրենքների շրջանակներում։ Եվ երբ Արցախի Հանրապետությունն արդեն դեկտեմբերի 10-ի հանրաքվեով հաստատեց այս ամենը, արդեն ամբողջությամբ ու ԽՍՀՄ կանոնների համապատասխան ստացավ իր անկախությունը՝ միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան»,- ասաց Մինասյանը։
Նա նշեց, որ փորձ է արվում ներկայացնել, որ իբր կա հակասություն ինքնորոշման իրավունքի առաջին ձեւի՝ այն է՝ վերամիավորման եւ հետո անկախության ձեռքբերման ճանապարհի միջեւ, բայց դրանք սին հակասություններ են, իրականության հետ կապ չունեն։ «Այդ բոլոր թեզերը հիմնված են այն կեղծ մոտեցման վրա, թե իբր Արցախի ժողովուրդը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ։ Մինչդեռ, Արցախի ժողովուրդն իր իրավունքն իրացրել է վերամիավորման ճանապարհով, երկրորդ դեպքում՝ նաեւ հանրաքվեով՝ հաստատելով իրենց ինքնորոշման իրավունքի իրացման այս ճանապարհը։ Եվ Հայաստանը որդեգրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանության ճանապարհը։ Դա ամրագրված է թե Անկախության հռչակագրով, թե Գերագույն խորհրդի որոշմամբ եւ դա ամրագրված է ՀՀ Սահմանադրության նախաբանում։ Այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանն առնվազն մինչեւ 2020 թվականը հետեւողականորեն որդեգրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունը»,- հավելեց նա։
Արծվիկ Մինասյանն ասաց, որ ճիշտ չէ, որ վերամիավորման ուղղությամբ քայլեր չեն իրականացվել։ «1990 թվականի Գերագույն խորհրդում եղել են Արցախի ներկայացուցիչներ՝ պատգամավորական մանդատով օժտված։ Եթե ուշադիր ուսումնասիրեք Հայաստանի Գերագույն մարմնի կողմից ընդունված բազմաթիվ ակտեր, այդ թվում՝ նաեւ Գերագույն խորհրդում եղել է հանձնաժողով Արցախի եւ Հայաստանի վերաինտեգրման հարցով հանձնաժողով, ընդունվել են բազմաթիվ ակտեր։ Որպեսզի երեւա, որ ինքնորոշման իրավունքի ընդունումը եղել է միջանկյալ քայլ, դրա վկայությունն է նաեւ այն, որ ՀՀ եւ Արցախի Ազգային ժողովների միջեւ եղել է համաձայնագիր, այդ համաձայնագրի համաձայն՝ գործել է երկու երկրների միջխորհրդարանական հանձնաժողով։ Եվ, ցավոք սրտի, վերջին արդեն 2-2․5 տարի է՝ այս հանձնաժողովը փաստացի չի գործում։ Եվ հետեւաբար, բացարձակ համաձայն չեմ այն մտքի հետ, թե իբր վերաինտեգրման կամ վերամիավորման ուղղությամբ քայլեր չեն իրականացվել։ Ավելին, Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչությունները ունեցել են համապատասխան համաձայնագրեր Արցախի Հանրապետության գերատեսչությունների հետ՝ ըստ ոլորտային առանձնահատկությունների, այդ թվում՝ այդ թվում վերամիավորման ուղղությամբ քայլեր ձեռնարկելով։ Վերամիավորման հիմքերի առումով բոլոր համակարգերի ինտեգրացիա է գնացել։ Արցախում ՀՀ արժույթն է գործել, ՀՀ պաշտոնական լեզուն է գործել, Արցախում ՀՀ քաղաքացիների ազատ մուտք ու ելք է եղել, ինչպես Արցախի քաղաքացիների ազատ մուտք ու ելք է եղել Հայաստան։ Դատական իշխանության ատյաններում եղել է համագործակցություն, դատական արդարադատությունն իրականացվել է համատեղ դատական ինստիտուտների միջոցով։ Վերամիավորման բոլոր հիմքերի ստեղծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերը կատարվել են»,- ասաց Արծվիկ Մինասյանը։
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ ՀՀ կողմից մշտապես շեշտվել է ինքնորոշման իրավունքի անհրաժեշտությունը ու այդ իրավունքի անվերադարձելիությունը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ