Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Արցախի նախագահի նվիրած զենքով Հայաստանում ազատ շրջում են, իսկ մեր մյուս քաղաքացիներն այդ հնարավորությունը չունեն. Հայկ Սարգսյանի հարցը

Դեկտեմբեր 04,2023 12:26

ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել  «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը:

ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչի 2022-ին ընդունած օրենքում այս փոփոխությունները չեն արել, որ հիմա է բերել:

Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Ինչ-որ մի դրվագ կա, որ չի աշխատում, դա քաղաքացիների համար առաջին անգամ զենքի թույլտվություն տալու խնդիրն է: Մենք այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց այս փոփոխությունները դրան չեն վերաբերում, մենք ուրիշ խնդիր ունենք: Այս փաթեթով բովանդակային գրեթե բան չի փոխվում, բազմաթիվ տեխնիկական խնդիրներ կան՝ մի բառ ավել, մի բառ պակաս»:  Նա ասաց, որ զուտ շտկում են, որ օրենքի դրույթները տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք չտան:

Հայկ Սարգսյանն արձագանքեց. «Լավ չի, որ բովանդակային փոփոխություն չկա, որովհետեւ գիտեք, որ մեկ է՝ դժվար կամ անհնարին է քաղաքացիների համար զենք ձեռք բերելն ու դրանով իրենց ինքնապաշտպանությունը կազմակերպելը, ինչը դրված էր բուն օրենսդրական նախաձեռնության հիմքում, բայց կարգավորումները այլ բանի մասին են խոսում: Այսօր ՆԳՆ-ի մեր գործընկերներն այստեղ են, ուզում եմ ասել՝ այն քաղաքացիները, ովքեր ունեն Արցախի նախագահի կողմից տրված թուղթ, իրենք ունեն շատ ավելի մեծ լիազորություններ եւ հեշտ, անարգել կարողանում են ՀՀ-ում կրել հրազեն, ինչը մեր մյուս քաղաքացիները, անգամ շատ բարդ ճանապարհով անցնելու դեպքում չունեն: Մի դեպքում մարդը, չանցնելով որեւէ ստուգում, պատրաստություն, քննություն, ունի զենք կրելու թույլտվություն, իսկ մյուս կողմից մեր քաղաքացիները, ովքեր կարող են վարժ կրակել, տիրապետում են զենքին, չեն կարողանում զենք ունենալ»:

Սարգսյանն առաջարկեց վերանայել կարգավորումները այն քաղաքացիների համար, որոնք որեւէ ստուգում չեն անցել ու ստացել են զենքի թույլտվություն:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ երբ այս նախագիծը քննարկում էին, այլ իրողություն էր, հիմա ունենք այլ իրավիճակ Ղարաբաղում. «Արցախի նախագահի կողմից նվիրված զենքերը այլ նպատակ էին հետապնդում, այսօր մենք այդ իրողությունները պետք է դարձնենք ավելի կառավարելի: Երբ հասարակության մեջ զենքի ազատ տնօրինում է լինում, բոլորին թվում է, որ վաղը այդ զենքով կսկսեն իրար վրա կրակել: Երբ բացատրվում է, որ հաշվառված զենքը որպես կանոն չի կրակելու, արագ բացահայտվելու է, այդ ընկալումը չկա»:

Նա ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրեց. «Վերջիվերջո, Արցախի նախագահի շնորհված զենքը գտնվում է ՀՀ-ում, ի՞նչ իրավակարգավորումներ եք տեսնում»: Փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը պետք է առանձին քննարկման առարկա դառնա, եթե հասցնեն, այս փաթեթի մեջ մինչեւ երկրորդ ընթերցում լուծումներ կառաջարկեն:

Վիլեն Գաբրիելյանի նախագիծը դրական եզրակացություն ստացավ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031