Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացիական պայմանագիրը» պետք է առաջարկի նախընտրական եւ կառավարության ծրագրերի իրականացման այլ ճանապարհային քարտեզ»․ Արծվիկ Մինասյան

Դեկտեմբեր 04,2023 11:42

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց «Հայաքվե» նախաձեռնության վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը։

Հիշեցնենք, որ «Հայաքվեն» Ազգային ժողով է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Նշված արարքները սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։

Նախագծի վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը շրջանառության մեջ է դրել «Հայաստան» խմբակցությունը։ «Հայտարարության նախագծի անհրաժեշտությունը բխում է երկու կարեւոր հանգամանքից։ Առաջինն այն, որ առաջին անգամ մենք հաջողված նախադեպ ունենք, երբ քաղաքացիական նախաձեռնության կարգով ներկայացվում է անհրաժեշտ 50 հազար ստորագրություն, ինչը նախատեսված է օրենսդրությամբ։ 58 հազար քաղաքացիներ միացել են այս նախաձեռնությանը, եւ ինքը համարվելով որպես իրավական, ժողովրդավարական պետության կարեւոր ինստիտուտ, երբ քաղաքացիներն իրենք են մասնակցում օրինաստեղծ աշխատանքին, սա առաջին հաջողված դեպքն է։ Երկրորդ հանգամանքը վերաբերում է նրան, որ հատկապես այս նախաձեռնության արժեւորումը նրանում է, որ ազգային կարեւորագույն հարցերին է վերաբերում։ Այն է՝ Արցախի ինքնորոշման իրավունքի անվերապահ ճանաչում եւ դրա դեմ ուղղված որեւէ գործողություն դատապարտելի ու քրեորեն պատժելի համարելը եւ Հայոց ցեղասպանության դեմ իրականացվող գործողությունները քրեականացնել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ բոլոր քաղաքական ուժերի նախընտրական ծրագրում, նաեւ գործող կառավարության գործող ծրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման պաշտպանությունն անվերապահորեն ստանձնած պարտավորություն է։ «Հետեւաբար, այս նախաձեռնության նպատակներից է նաեւ հետեւողական լինել նախընտրական խոստումներին։ «ԱԺ կողմից նման հայտարարության ընդունումը չափազանց կարեւորվում է նաեւ միջազգային հարթակում Արցախյան հարցի հետեւողականության ցուցաբերման առումով։ Եթե քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրում, հայտարարելով այս ամենի մասին, իրականում չեն իրականացնում դա, ստացվում է, որ ուղղակի խաբել են հանրությանը։ Միջազգային ասպարեզում էլ ընկալվում է, որ քաղաքական ուժերը ժողովրդի առաջ խոստանում են մի բան, ստանում են մանդատ, իրականացնում են հակառակը։ Քանի որ «Քաղաքացիական պայմանագիրն» իր որոշմամբ է հնարավորություն տալու այս հայտարարությունն ընդունել կամ մերժել, պետք է առաջարկի նախընտրական ծրագրի եւ կառավարության ծրագրով ստանձնած պարտավորությունների իրականացման այլ ճանապարհային քարտեզ։ Եթե դա էլ չի անում, վերջին լուծումը մնում է հրաժարական եւ հեռացում»,- ասաց Մինասյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031