Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Եթե ՔՊ-ն հրաժարվում է կողմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին, դեմ է քվեարկում կառավարության ծրագրին եւ կառավարությունը հայտարարում է անօրեն ու ապօրինի»

Դեկտեմբեր 04,2023 11:22

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվում է «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին նախագիծը։ Քննարկմանը զուգահեռ՝ «Հայաքվե» նախաձեռնության անդամներն ու աջակիցները բողոքի ցույց են անում Ազգային ժողովի շենքի մոտ։

Supporters of the Hayaqve initiative hold a protest action in front of the RA National Assembly building

«Հայաքվեն» Ազգային ժողով է ներկայացրել Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծ, համաձայն որի՝ ՀՀ անունից Արցախը որեւէ այլ պետության կազմում ճանաչելը, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը պատժվում է ազատազրկմամբ՝ 10-15 տարի ժամկետով։ Նշված արարքները սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություններ են։

Supporters of the Hayaqve initiative hold a protest action in front of the RA National Assembly building

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարության արձագանքն իրենք օրենքի նախագծի վերաբերյալ իրավական տեսանկյունից թույլ ու չհիմնավորված է։ «Շատ կարեւոր է արձանագրել հետեւյալը՝ 2021 թվականին, երբ ՔՊ-ն հավաքեց 680 հազար ընտրողների ձայներ եւ Ազգային ժողովում կազմեց մեծամասնություն, ընտրողներին խոստացել էր հետամուտ լինել Արցախի ինքնորոշման իրավունքին, խոստացել է երաշխավոր լինել Արցախի ու Արցախի ժողովրդի անվտանգությանը։ Նա ընտրողներին խոստացել է շարունակել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ հասնել Արցախի վերջնական կարգավիճակին՝ հենվելով Արցախի ինքնորոշման իրավունքի վրա։ Բոլոր այս խոստումները ՔՊ-ն հիմա փորձում է մոռացության մատնել։ Բայց պետք է հիշել, որ դրանք ոչ թե օդում տրված խոստումներ են, այլ այդ խոստումների հիման վրա ձեւավորվել է կառավարության ծրագիր, Ազգային ժողովը կառավարության ծրագիրն ընդունել է 2021 թվականի օգոստոսին եւ այն պարտադիր է կատարման համար։ Եվ դա Նիկոլ Փաշինյանի այս կառավարության ծրագիրն է, ուստի, եթե ՔՊ-ն այսօր հրաժարվում է կողմ քվեարկել մեր ներկայացրած օրենքի նախագծին, փաստորեն դեմ է քվեարկում նաեւ իր կառավարության ծրագրին։ Եվ դեմ քվեարկելով իր կառավարության ծրագրին, նա իր կառավարությունը հայտարարում է անօրեն, ապօրինի։ Այս կառավարությունը դառնում է ոչ լեգիտիմ, եւ մեր հաջորդ խնդիրը պետք է լինի այս կառավարությունից ազատվելը, որն իր ընտրողներին խաբել է, իշխանազավթում է իրականացնում։ Ուստի, առիթից օգտվելով, ուզում եմ ՔՊ պատգամավորներին ասել՝ դուք հասկացեք, թե ինչին եք դեմ քվեարկում։ Դուք դեմ եք քվեարկում կառավարության ծրագրին, իսկ կառավարության ծրագրին դեմ քվեարկելը նշանակում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա»,- ասաց Չալաբյանը։

Նա նշեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքն առանցքային է պահպանել, որպեսզի մենք երբեւիցե կարողանանք Արցախը վերադարձել։ «1994 թվականին, երբ կնքվեց զինադադարի պայմանագիրը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի միջեւ, Ադրբեջանը պարտված էր։ Բայց նա չգնաց խաղաղության պայմանագրի, կնքեց զինադադար, 26 տարի ուժ հավաքեց, որպեսզի կարողանար վերադարձնել այն, ինչ իրենք համարում են, որ իրենց է պատկանում։ Նույնը պետք է այսօր մենք անենք, այդ իմաստով Ադրբեջանը մեզ օրինակ է տվել։ Ոչ թե թուլության ու դժվարության պահին հրաժարվել քո սեփական իրավունքներից, քո հայրենիքից, ունեցվածքից, սեփականությունից, այլ ընդհակառակը, տոկունություն, դիմացկունություն ցուցաբերել, ուժ հավաքել եւ վերադարձնել այն, ինչ օրենքով քեզ է պատկանում։ Արցախն օրենքով պատկանում է հայ ժողովրդին, Արցախում ապրող մեր հայրենակիցներին։ Եվ եթե իրենք այսօր հանգամանքների բերումով ապրում են ՀՀ-ում, ամեն ինչ պետք է անել, որպեսզի իրենք վերադառնան ու վերատիրանան Արցախին»,- ասաց Չալաբյանը։

Supporters of the Hayaqve initiative hold a protest action in front of the RA National Assembly building

Ավետիք Չալաբյանն անդրադարձավ նաեւ հարցին, որ կարծես միջազգային հանրության մոտ լուռ կոնսենսուս կա Արցախի հարցում։ «Լուռ կոնսենսուս գոյություն չունի, դա գործող իշխանության հնարած կեղծ թեզն է։ Մենք տեսնում ենք օրինակ, որ ամերիկյան Սենատը ընդունում է օրինագիծ, որով դատապարտում է Ադրբեջանին եւ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ են կիրառվում։ Մենք տեսնում ենք, որ Եվրախորհրդարանն ընդունում է օրինագիծ եւ պարտադրում է եվրոպական կառավարություններին ու Եվրոպական հանձնաժողովին՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել Արցախը հայաթափելու համար։ Ուստի, որեւէ կոնսենսուս չկա, կոնսենսուսի մասին խոսում է այս իշխանությունը, որը, այո, կոնսենսուս ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ եւ փորձում է մյուսներին խաբել, որ դա համաշխարհային կոնսենսուս է։ Այդպիսի կոնսենսուս գոյություն չունի, մի խաբնվեք դրան»,- հավելեց նա։

Չալաբյանը հավելեց, որ ամենեւին չի բացառվում, որ Արեւմուտքը կկարողանա ապահովել Արցախի բնակչության վերադարձը։ Նա հիշեցրեց, որ ԱՄՆ-ում գործում է 907 բանաձեւը, որն ընդունվել է Արցախյան առաջին պատերազմից հետո եւ որը նախատեսում է, որ ԱՄՆ-ն Ադրբեջանին չի կարող որեւէ ռազմական օգնություն հատկացնել։ Հետագայում այդ բանաձեւը ճշգրտվել է, ամեն տարի ԱՄՆ նախագահն իրավունք ուներ Կոնգրեսի համաձայնությամբ այդ բանաձեւի գործողությունը մեկ տարով չեղարկել։ Հիմա Սենատն ընդունել է նոր օրինագիծ, որով նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի այդ իրավունքը վերացվում է, 907 բանաձեւը պետք է միարժեք գործի, ԱՄՆ-ն այլեւս իրավունք չի ունենալու Ադրբեջանին որեւէ ռազմական օգնություն հատկացնել, որովհետեւ այդ ռազմական օգնությունն օգտագործվում է խաղաղ հայ ժողովրդի դեմ։

«Ուստի, ես կարծում եմ, այո, բոլորովին չի բացառվում, որ եւ ԱՄՆ-ն, եւ Եվրոպական միությունը, ապագայում նաեւ՝ ՌԴ-ն, փոխեն իրենց դիրքորոշումները եւ առնվազն նպաստեն նրան, որպեսզի Արցախի հայ բնակչությունը վերադառնա Արցախ, եւ նորից վերսկսվեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում՝ Արցախի ինքնորոշումը ճանաչելու տրամաբանությամբ։ Պարզապես մեզ պետք է ազատվել այն իշխանություններից, որոնք իսկապես ունենալով կոնսենսուս Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ եւ ցանկանալով օր առաջ առեւտուր սկսել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, պատրաստ են դրա համար զոհաբերել Արցախը»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031