Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախողված կառավարություն

Դեկտեմբեր 04,2023 13:00

Ձախողված առողջապահություն

ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրի առողջապահական հատվածի վերլուծությունը փաստում է, որ այն ընդամենը թղթի վրա գրված ականջահաճո մտքերի կույտ է եւ պետք է արձանագրեմ, որ այն ձախողված է: Առավել առարկայական լինելու համար ես կներկայացնեմ սույն ծրագիրն առանձին հատվածներով եւ դրանց «իրագործման» արդյունքում տիրող ներկա իրավիճակը առողջապահական համակարգում.

«Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական եւ հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն». սույն հատվածը  ՀՀ կառավարության 2021-2026 թվականի ծրագրից է (այսուհետ՝ Ծրագիր), որով ասվում է, որ  պետության  ներքին անվտանգության ապահովման համար (իսկ ես կհավելեի, որ նաեւ արտաքին անվտանգության համար) շատ էական է առողջապահական արդյունավետ համակարգ ունենալը: Իսկ թե ի՞նչ արդյունավետության մասին է խոսքը՝ ստորեւ:

«Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիության եւ մատչելիության ապահովման համար ներդրվելու է առողջության համապարփակ ապահովագրության համակարգը, որն ուղղված է լինելու առողջապահական ծառայություններ ստանալու պահին քաղաքացու համար զգալի ծախսերի նվազեցմանը»: «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը նախատեսված էր ընդունել 2022թ. մարտին, որը սակայն մինչ օրս չի ընդունվել: Իշխանության կողմից այն ներկայացվում է որպես հեղափոխական նախագիծ, որի արդյունքում, ըստ սույն նախագծի, քաղաքացու առողջապահական ծախսերը զգալի կնվազեն: Այս առումով մի քանի առանցքային դիտարկում.

Ըստ առողջության համապարփակ ապահովագրության հայեցակարգային փաստաթղթի՝  2024 թվականին կապահովագրվեն պետական պատվերի շահառու հանդիսացող բնակչության խմբերը եւ կամավոր հիմունքներով համակարգին միացողները, 2025 թվականին՝ կենսաթոշակառուները, իսկ 2027 թվականից՝ պարտադիր բոլորը:

Պարտադիր ապահովագրական համակարգի ներդրումը ենթադրում է նոր ֆինանսական մեխանիզմների կիրառում, որի արդյունքում քաղաքացին հետազոտման եւ բուժման դիմելուց իրեն ավելի ապահով պետք է զգա եւ բժշկական ծառայությունների համար գրպանից (out-ofpocket) ուղղակի վճարումները չկատարի:

Ըստ առողջապահության ազգային հաշիվների՝ 2022 թվականին ՀՀ-ում բնակչության կատարած առողջապահական ծախսերը կազմում են շուրջ 861 մլրդ, որից պետական բյուջեից ծախսերը ընդամենը շուրջ 153 մլրդ է:

Ամենաբարենպաստ կանխատեսումներով անգամ անհավանական է, որ քաղաքացին տարեկան 200.000 ՀՀ դրամ ապահովագրավճար վճարելով՝ այլեւս բժշկական ծառայությունների դիմաց գրպանից ծախսեր չի կատարի: Այս ամենին հավելեմ, որ պետական պատվերի օրինակով հերթագրումները հիվանդանոցներում շարունակվելու են (գործելու է ապահովագրական հիմնադրամի ղեկավարների կողմից բժշկական կազմակերպությունների ընտրություն եւ նրանց տրամադրվելու է սահմանափակ բյուջե):

Միեւնույն ժամանակ ստեղծվելու է  Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամ եւ դրա կառավարման խորհուրդ, որը ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի, բյուջեի վրա արժենալու է շուրջ  5.098.000.000 ՀՀ դրամ, իսկ առողջապահության նախարարության այն ստորաբաժանումը, որը պետական պատվերով է զբաղվում  (ՊԱԳ), որի համար պետական բյուջեից ծախսվում է տարեկան ընդամենը  300 մլն ՀՀ դրամ՝ լուծարվելու է:

Վերլուծելով Կառավարության կողմից ներկայացված ապահովագրական ընթացակարգերը, արձանագրում եմ, որ այն «հեղափոխական» է միայն ապագա ապահովագրական հիմնադրամի պաշտոնյաների համար, իսկ ՀՀ բնակիչը հիվանդանոցում «պետական պատվեր վերջացել է»-ի փոխարեն կլսի «ապահովագրությունը վերջացել է» պատասխանը եւ կշարունակի գրպանից վճարել բժշկական միջամտությունների համար:

«Բնակչության առողջության պահպանման նպատակով որպես գերակա խնդիր շարունակելու է դիտարկվել վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ու վաղ հայտնաբերման ուղղությունների զարգացումը, առողջության առաջնային պահպանման օղակի արդիականացմանը»:

Այս «բարեփոխման» շրջանակներում կատարվել են ամբուլատորիաների անհասկանալի օպտիմալացումներ, որոնց շրջանակում բժիշկ տնօրենները «փոխարինվեցին» մանկապարտեզի դայակներով՝ օրինակ Փարպիի ամբուլատորիան: Ծրագրի համատեքստում առողջապահության նախարարի տեղակալը հայտարարեց «երազանքների պոլիկլինիկայի» աշխատաժամերը՝ առավոտյան 8.00-ից մինչեւ 19.00, սակայն մինչ օրս այդ թեզերը ընդամենը «անմեղ» մտքեր են, իսկ պոլիկլինիկաներում ոչ մի աշխատանքային փոփոխություններ դեռ չեն իրականացվել: Առողջապահության նախարարի տեղակալը կարող էր գոնե ներողություն խնդրեր իր լսարանից՝ ոչ իրական տեղեկատվություն տրամադրելու համար:

Բարձրաձայն ամեն պատեհ-անպատեհ առիթով ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման մասին խոսելուն զուգահեռ՝ սնկի նման ավելանում են նորագույն եւ թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող սրտամկանի ինֆարկտի, ուղեղային ինսուլտի եւ այլ տարածված ոչ վարակիչ հիվանդությունների բուժմամբ զբաղվող բաժանմունքները, իսկ կանխարգելումը ընդամենը թղթի վրա գրված մտքեր են եւ կսպասեն:

Սկսած 2023 թվականի մարտ ամսից բնակիչները հիվանդանոց դիմելիս լսում են «պետական պատվերը վերջացել է» կամ «դեղերի գումարը վերջացել է» պատասխանները, իսկ հիվանդանոցների տնօրեններն անդադար փնտրտուքի մեջ են, թե ինչպես  իրենց կատարած աշխատանքի դիմաց ստանան համապատասխան ֆինանսավորում:

«Կառավարության ուշադրությունը կենտրոնացած է լինելու բնակչության առողջության պահպանման ու բարելավման նպատակով իրականացվող կանխարգելիչ միջոցառումների իրագործմանը: Այս կապակցությամբ շարունակվելու է կարեւորվել ժամանակակից բուժման մեթոդներով ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ կրծքագեղձի քաղցկեղի որակյալ բժշկական ծառայությունների մատուցման հնարավորությունների ստեղծումը եւ շահառուների թվի ու ծառայությունների շրջանակի ընդլայնումը… »:

Այս «բարեփոխման» շրջանակում ներկայացնեմ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդի դեպքի ֆինանսական ոդիսականը, որը որեւէ աղերս չունի պետական հոգածություն հետ:

Հիվանդը մինչեւ վիրահատությունը ստանում է քիմիաթերապիայի կուրս՝ 6-12 էպիզոդ՝ յուրաքանչյուրը 200.000 ՀՀ դրամ արժողությամբ, այնուհետեւ կատարվում է վիրահատություն՝ 400.000-600.000 ՀՀ դրամ, կրծքագեղձի իմպլանտի տեղադրում՝ 400.000 ՀՀ դրամ, այնուհետեւ ճառագայթային բուժում՝ շուրջ 1մլն ՀՀ դրամ:

Իսկ հիվանդության վաղ հայտնաբերման համար հիվանդը վճարում է՝ մամոգրաֆիա 20.000 դրամ, մամոլոգի կոնսուլտացիա՝ 20.000 դրամ, համակարգչային տոմոգրաֆիա՝ 90.000 դրամ, իսկ երբեմն կոնտրաստ տոմոգրաֆիա է անհրաժեշտ՝ 110.000 դրամ, լաբորատոր հետազոտություններ՝ շուրջ 20.000 դրամ (դիտարկումը կոնկրետ հիվանդի օրինակով է):

«Ամբողջությամբ անվճար դեղերի տրամադրումը շարունակվելու է չարորակ նորագոյացությունների, շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի, էպիլեպսիայի, պարբերական հիվանդության, քրոնիկերիկամային անբավարարության (երիկամային փոխպատվաստման եւ (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում), անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշի դեպքերում…..»:

Չնայած այն պնդմանը, որ վերոնշյալ դեղերը տրամադրվում են ամբողջությամբ անվճար, պետք է արձանագրել, որ դեղերի ձեռքբերման, բաշխման ընթացակարգերը թերի են՝ անկախ էլեկտրոնային առողջապահության «զարգացման» տեմպերից, այն իրականացվում է մեխանիկական՝ թղթերով հաշվետվությունների հավաքագրման ձեւով: Որեւէ մեկի համար նոր բան չեմ բարձրաձայնի, եթե ասեմ, որ չարորակ նորագոյացությունների բուժման ծախսերը (քիմիաթերապեւտիկ դեղեր) հոգալու համար հիվանդները անգամ իրենց բնակարաններն են վաճառում, այդ ծախսերը հաճախ բերում են ընտանիքների ծայրահեղ աղքատության:

Առողջապահության նախարարությունը ձեռքբերում է ներկայացնում շաքարային դիաբետով հիվանդներին դեղերի ամբողջական անվճար տրամադրումը, սակայն իրականությունն այլ է: Հիվանդները բողոքում են շաքարային եւ ոչ շաքարային դիաբետի համար անհրաժեշտ դեղերի պակասից (հատկապես մեթֆորմինը, որի 500 մգ եւ 850 մգ դեղաբաժինները չի հատկացվել հիվանդներին ընդանրապես, երեխաների համար նախատեսված ինսուլինները տրամադրվում է ընդհատումներով), իսկ տրամադրվող դեղերը ունեն բիոէկվիվալենտության խնդիրներ, որի արդյունքում հիվանդները նախընտրում են ոչ թե ստանալ կենտրոնացած գնումով ձեռք բերված դեղերը, այլ գնել դեղատներից, եւ հավելեմ, որ օրինակ՝ ինսուլինները տրամադրվում են հիվանդներին առանց ներարկիչների:

«Կառավարության համար ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով կարեւոր է լինելու նվազեցնել ռիսկի գործոնների ազդեցությունն առողջ ապրելակերպի ծրագրերի խրախուսման միջոցով` ստեղծելով քաղաքացիների իրազեկված վարքաբանական որոշումների ընդունման միջավայր…… »:

Ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոններից ամենահիշատակվողը քաղաքացիների կողմից ծխախոտի օգտագործումն է (ծխող տղամարդկանց թիվը շուրջ 50% է), որի դեմ պայքարի արդյունքում ընդունած իրավական ակտերը ծառայում են հիմնականում բնակիչներին տուգանելու համար, իսկ փակ եւ բաց հանրային տարածքներում չծխելը չի վերաբերվում իշխանական պաշտոնյաների մասնակցությամբ միջոցառումներին:

Հավելեմ, որ «քաղաքացիների իրազեկված վարքաբանական որոշումների» շրջանակը որեւէ կերպ չի առնչվում դպրոցներում եւ այլ ուսումնական հաստատություններում ակտիվ տարածվող թմրամիջոցներին, որոնց տարածման շղթային միանում են դպրոցի եւ իրավապահ մարմինների աշխատակիցները:

Առողջապահության նախարարությունը, բացի միջազգային կառույցների աջակցությամբ ապօրինի թմրամիջոցների գործածման վերաբերյալ իրականացնող հետազոտություններից, ազգային մակարդակում, ինքնուրույն որեւէ ուսումնասիրություն  դեռահասների, դպրոցականների շրջանում չի  հրապարակել (վերջին անգամ դպրոցներում իրականացվել է 2009-2010թթ.), իսկ դեռահասների շրջանում ամենավերջին հետազոտությունն իրականացվել է 2007 թվականին:

«Նախատեսվում է նաեւ կատարելագործել վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական դիտարկման համակարգը՝ մասնավորապես դասեր քաղելով կորոնավիրուսային հիվանդության համավարակից, հնարավորինս ապահովելով երկրի տարածք վարակիչ հիվանդությունների ներմուծման ու տարածման կանխարգելումը, իմունականխարգելումը … »:

«Դասեր քաղելով» COVID-19-ի դեմ պայքարից՝ կարմրուկի հիվանդացության ցուցանիշներով Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության Եվրոպական ռեգիոնի 50-ից ավելի երկրների մեջ Հայաստանը մեկ միլիոն բնակչի հաշվարկով կարմրուկի հաստատված դեպքերի քանակով /102,59/ հունիս ամսին գրավել է երկրորդ «պատվավոր» տեղը: Վարակի տարածման հետ կապված ծիծաղելի է առողջապահության նախարարության պաշտոնյաների պարզաբանումները: Օրինակ, որ պատճառը 10 եւ ավելի տարի առաջ գյուղերում սխալ կամ կեղծ պատվաստումներն են, մարդիկ չեն պատվաստվում եւ այլն: Փաստեմ, որ համաճարակաբանական իրավիճակի պատասխանատուն ՀՀ առողջապահության նախարարությունն է, որը վարպետորեն թաքցնում եւ չի խոսում վարակի օջախի մասին…

ՀՀ առողջապահության նախարարի հրամանով բոլոր պատվաստում իրականացնող պոլիկլինիկաներին եւ ամբուլատորիաներին հանձնարարվել է  չխոտանել եւ շարունակել կատարել պիտանիության ժամկետն անցած COVID-19-ի դեմ պատվաստանյութերը՝ բժիշկներին ժամկետանց պատվաստանյութեր կիրառելու համար նշանակելով ֆինանսական խրախուսում: COVID-19-ի դեմ պայքարի արդյունավետության գնահատման ցուցանիշներից ամենակարեւորը՝ մահացության ցուցանիշը, Հայաստանի Հանրապետությունում 1,9% է` տարածաշրջանում ամենաբարձրը:

COVID-19-ի համավարակի դեմ պայքարի համապարփակ վերլուծություն չի իրականացվել եւ «դասեր» քաղելու մասով չկա մշակած ռազմավարական փաստաթուղթ:

«Կառավարության գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման եւ կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն եւ հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը…. »:

Այս «բարեփոխման» շրջանակում 2022 թվականին բոլոր բժիշկները եւ բուժքույրերը ծախսելով գումարներ՝ ձեռք բերեցին շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր, որոնք պետք է կիրառելի լինեին մինչեւ 2028 թվականը, սակայն մի քանի ամիս անց ՀՀ առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հավաստագրերը բժիշկների համար վավեր են լինելու մինչեւ 2026 թվականի հունվարի 1-ը` անկախ նախատեսված ժամկետից: Դրան զուգահեռ 2024 թվականից բժիշկները պետք է սկսեն լիցենզավորվել՝ անհասկանալի լիցենզավորման քննություններ հանձնել: Փաստեմ, որ անհատական լիցենզավորման գործընթացը կասեցվել էր դեռ 2001 թվականից, քանի որ ծրագիրը գնահատվել էր անարդյունավետ: Այսինքն՝ բոլոր այն ծրագրերը, որոնք նախկինում գնահատվել են անարդյունավետ, ներկա կառավարությունը փաթեթավորում է եւ ներկայացնում «բարեփոխումների» անվան տակ: Այդ շարքից է նաեւ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպությունների եւ դեղատների անժամկետ լիցենզիաների կասեցումը եւ դրանց նոր լիցենզավորումը 5 տարի ժամկետով:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականի ծրագրի առողջապահական հատվածի մասով վերոշարադրյալը դեռ ամբողջը չէ, սակայն ակնհայտ է, որ Ծրագրի առողջապահական մասը հիմնովին ձախուղված է եւ որ այն չի ծառայում բնակչության առողջության բարելավմանը:

Անուշ ՊՈՂՈՍՅԱՆ

Առողջապահության իրավունք իրավապաշտպան ՀԿ-ի համանախագահ

«Առավոտ» օրաթերթ
02.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031