Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա նշանակում է, որ Թուրքիան, Իսրայելը եւ ԱՄՆ-ն այսուհետ չեն կարող Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել»

Դեկտեմբեր 04,2023 13:30

«Ադրբեջանի ցանկությունն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանագիր կնքեն առանց Արցախի, բայց Արեւմուտքը բարձրացնում է նաեւ Արցախին վերաբերվող հարցերը»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է Հայ կառուցողական կուսակցության նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը:

– Պարոն Ղուկասյան, նոյեմբերի 30-ին տեղի ունեցավ Հայաստանի  եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հանդիպումը։ Այս գործընթացից ի՞նչ ակնկալիք կա, ի՞նչ վտանգներ կարող են լինել։ Հնարավո՞ր է՝ մինչեւ տարեվերջ շատ արագ ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ։

– Այդ հանդիպման նախաձեռնող կողմն Ադրբեջանն էր, եթե չեմ սխալվում։ Հավանաբար սա այլընտրանքային գործողություն է այլն ջանքերին, որը Եվրամիությունը եւ ԱՄՆ-ն հիմա գործադրում են, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքվի «խաղաղության պայմանագիր»։ Այս հանդիպումը Ադրբեջանի ցանկությունն էր, Հայաստանի իշխանություններն այդ ցանկությունը բավարարեցին, եւ փոխվարչապետների ձեւաչափով հանդիպումը կայացավ։ Ակնհայտ է, որ փորձ է արվում ստեղծել լրացուցիչ ձեւաչափ։

– Ասում եք, որ ԱՄՆ-ու ու Եվրամիությունը ջանքեր են գործադրում, ի՞նչ է ենթադրում նրանց առաջարկած տարբերակը, ի՞նչ հարցեր են ներառվելու այդ հնարավոր փաստաթղթում։

– Դա ենթադրում է բոլոր այն վիճելի հարցերը, որոնք կան, ներառյալ Արցախին վերաբերվող հարցերը։ Ադրբեջանի ցանկությունն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանագիր կնքեն առանց Արցախին վերաբերվող հարցերի։ Գլխավոր տարբերությունը սա է։

– ԱՄՆ Սենատն ընդունեց «Հայաստանի պաշտպանության ակտ 2023» օրինագիծը, որը մերժում է ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին։ Ի՞նչ է ենթադրում սա։

– Սա նշանակում է, որ Թուրքիան, Իսրայելը, ԱՄՆ-ն այսուհետ չեն կարող Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերել, զենք վաճառել եւ այլն։ Այսինքն՝ ԱՄՆ-ն եւ իր դաշնակիցները։ Դա Ալիեւի ռեժիմին զրկում է հօգուտ Ադրբեջանի զինված ուժերի ռազմական բալանսը փոխելուց եւ սահմանափակում է իրենց հնարավորությունը՝ նախաձեռնելու պատերազմ։ Պատերազմի վտանգի մասին խոսում են բոլորը, բոլոր հայտարարություններում նշվում է, որ այդպիսի սպառնալիք ըստ էության կա։

– Դուք ասում եք, որ ԱՄՆ-ն ու Արեւմուտքը վիճելի են համարում նաեւ Արցախի հարցը։ Հատկապես ո՞ր հարցն են նրանք կարեւորում՝ Արցախի կարգավիճակի հարցը կա՞ օրակարգում։ Մենք տեսնում ենք, որ Արեւմուտքը Արցախը համարում է Ադրբեջանի մաս։

– Իրենք պահանջում են, որպեսզի Ադրբեջանը թույլ տա, որ Արցախում կառավարումն անցնի միջազգային կառույցին, որը կապահովի արցախցիների վերադարձը։ Ըստ էության դա էքստերիտորիալ կարգավիճակ է, ժամանակավոր կարգավիճակ է։ Ադրբեջանական ԶԼՄ-ներում այդ մասին բազմաթիվ հոդվածներ կան, նրանք բողոքում են ու ասում, որ դա նպատակ ունի Արցախն անջատել Ադրբեջանից։ Եվ Ադրբեջանն ինքն իր պատասխան հայտարարության մեջ ասաց, որ Եվրամիությունը հաշվի չի առնում Ադրբեջանի կողմից նոր ստեղծված իրողությունը։ Դա նշանակում է, որ հաշվի չի առնում ուժով Արցախի բռնազավթման փաստը։ Այստեղ գլխավոր խնդիրը հետեւյալն է՝ այո, հաշվի չի առնում, որովհետեւ ուժով գրավվածն օրինական ճանաչվել չի կարող։ Մենք տարիներ շարունակ ունեցել ենք այդ խնդիրը Արցախի հարակից տարածքների հետ կապված հարցում։ Հիմա իրենց մոտ է ադ խնդիրը, կարելի է ասել, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեղերով փոխվել են։

– Հայաստանի իշխանությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, քաղաքական ու կարգավիճակի հարցերը չի բարձրացնում։ Ի՞նչ կարող է տեղի ունենալ այդ դեպքում, եթե Հայաստանի իշխանությունն ինքն է հանձնում Արցախը։

– Դա քարոզչական տրյուկ է։ Ռուսաստանի Դաշնությունը փոխարինեց ԽՍՀՄ-ը միջազգային հարաբերություններում եւ համաձայնություն տվեց, որպեսզի միութենական հանրապետություններն անջատվեն։ Ոչ մի հանրապետությունում, բացի Հայաստանից ու Ուկրաինայից, չէր եղել հանրաքվե։ Այսինքն՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա չեն ձեւավորվել խորհրդային նախկին հանրապետությունների տարածքում նոր պետություններ։ Դա բոլորը գիտեն։ Եվ այն ժամանակվա ՌԴ ղեկավարության դիրքորոշումը հետեւյալն էր՝ հանրապետություններն անջատվում են՝ ամեն մեկն իր տարածքով։ Ալմա Աթայի հռչակագրով էլ հանրապետություններն իրար սահմաններն ու տարածքները, անկախությունը ճանաչեցին։ Այսինքն՝ սա մի բլեֆ էր, միջազգային պրակտիկայում աննախադեպ խաբեություն էր, որը տեսեք, թե ինչքան պատերազմների բերեց։ Բազմաթիվ մարդիկ մահացան Տաջիկստանում, Մոլդովայում, Աբխազիայում, Օսեթիայում, Արցախում, Չեչնիայում, հիմա մահանում են Ուկրաինայում։ Շատ ողբերգական հետեւանքներ ունեցավ այդ որոշումը։ Եվ 1992 թվականից ի վեր Արցախը հանդիսանում է վիճելի տարած Ադրբեջանի կազմում։ Ամբողջական նախադասությունն այդպես է ճիշտ հնչում։ Նիկոլ Փաշինյանը մանիպուլացնում է, հանում է «վիճելի տարածք» բառակապակցությունը, եւ ասում է՝ Հայաստանը ճանաչել է Արցախը Ադրբեջանի կազմում։ Բայց դա սուտ է պարզապես, ինքը ստի թագավոր է։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
02.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031