Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկայի հայտնաբերման ճանապարհին

Դեկտեմբեր 04,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

  1. Արցախցու ծառից ընկնելը պատահական չէր

Լոս Անջելեսի Փասադենա վարչական շրջանի արվեստագետներին Խաչիկ Աղազարյանը քաջ հայտնի է ոչ միայն հնաոճ իրերի, այլեւ նկարիչների, քանդակագործների, դեկորատիվ արվեստի ցուցահանդեսների կազմակերպման գործում: Նրա ընդարձակ սրահն այս անգամ տրամադրվել է Երեւանից ճարտարապետ Կարինե Դուլյանի ջրաներկ աշխատանքներին:

Մինչ մարդիկ հավաքվում էին մասնակցելու ցուցահանդեսի բացմանը, գործիքային նվագախումբը իր մեղեդիներով ներկաներին տանում է դեպի երեւանյան յուրահատուկ գունա-կենցաղային մթնոլորտը: Տեսնելով Սարի թաղի, Կոնդի տները, շենքից շենք ձգվող լարերի վրա փռած լվացքը, նախկին երեւանցիներն առանձին կարոտով են լցվում դեպ երեւանյան միջավայրը, որին այսօր փոխարինելու է գալիս մեկ այլ միջավայր: Հին թաղամասերն ասես եկել են Լոս Անջելես, մարդկանց ցուցադրելու վերջին ճիչը, քանի որ նրանց փոխարինելու է գալիս նոր ապրելակերպը՝ բարձրահարկ շինություններով, նոր մտածելակերպով:

Կարինեն հին տների մեջ ներդաշնակություն է տեսնում, որն արդեն անհետանում է սրընթաց փոփոխություններում, սակայն մնում են նրա նկարներում: Նրա վրձնի տակ խարխուլ տնակը ասես կենդանանում է, դառնում գեղեցիկ ու արտահայտիչ, սակայն մնում որպես անցյալի հուշ: Այս նկարներն անպայման իրենց հերթին նոր միջավայր են դառնում: Կարինեն երեւանյան գեղանկարչական դպրոցն է անցել, ու իր մասնագիտական արժանիքների հետ համեմված՝ մատուցում է թարմ գույնն ու ոճը:

Բացման արարողությունը վարում էր արվեստաբան Նարե Հայկազյանը: Այնուհետեւ նա խոսքն ինձ փոխանցեց, իսկ ես լոսանջելեսցի արվեստագետներին առաջարկեցի այս նկարների միջոցով մի պահ մոռանալ Գլենդելն ու Փասադենան, քանի որ այս նկարների հետ կարող են տեղափոխվել Երեւան, զգալ նրա հմայիչ ու յուրօրինակ անցյալը:

Ցուցասրահի մուտքի դիմաց մարդատար փոքրիկ մեքենա էր կանգնած: Խաչիկը մեքենայի դռներն էր բացում, ինչ-որ բան փնտրում:

-Խաչիկ ջան, ո՞ւմն է այս մեքենան, -դիմեցի ես:

-Իմն է: Հետաքրքիր երեւույթ եմ նկատել: Երբ եղբորս՝ Հարութի «Բենթլի» կամ «Ռոլսռոյս» թանկարժեք մեքենան եմ վարում, մարդիկ ատելությամբ են ինձ նայում, ես դա զգում եմ ու ազդվում, իսկ երբ ինձ տեսնում են այս մեքենայի ղեկին, ծանոթ թե անծանոթ, ժպտում են, ու ես երջանիկ եմ զգում ինձ:

-Հա, ոնց որ ձեւափոխած երեւանյան արտադրության «Երազ» լինի, -ասացի ես:

-«Մերսեդես» է, բայց երեւի «Երազից» է թխած…

Խաչիկ Աղազարյանը իր ցուցասրահով հանրությանը համառորեն կրկին մատուցում է մշակույթը, արվեստը, հիշեցնելով, որ մարդկային գոյության իմաստը առանց արվեստի, նրա բազմաթիվ ճյուղավորումների չի կարող գոյություն ունենալ: Գնահատելով մշակութային ժառանգության կարեւորությունը հանրության համար, այս ձեռնարկը նպատակ ունի արվեստը մարդկանց սեփականությունը դարձնելու խնդրում: Այստեղ կարեւոր է, որ մարդկությունը չկտրվի մշակույթի հետ կապից, որը կարող է բերել բարոյահոգեւոր անկման, իսկ դրա հետեւանքն է կոռուպցիան, թալանը, անկումը բոլոր բնագավառներում:
Արցախցու ծառից ընկնելը պատահական չէր: Այն եւ նրան հաջորդող մյուս անհաջողությունների շարքը, որը հետապնդում էր ինձ ԱՄՆ-ում, նախապես ծրագրված էր: Կարծես թե կարեւոր առաքելությամբ եմ հին լուսանկարներն առած ԱՄՆ հասել, սակայն դա ոչ ոքի պետք չէ: Որոշեցի ինչքան շուտ մեր երկիր հասնեմ, այնքան լավ կլինի բոլորի համար, ուստի խնդրեցի դստերս օգնել մեկ ամիս շուտ մեկնելու խնդրում: Սոնան պետք է պայմանավորվի երեւանյան «Արենի» զբոսաշրջային գրասենյակի հետ տոմսերը փոխելու հարցով:

Այս հոգսերով էի տարված, երբ տեղեկացա Վաշինգտոնում Արցախի խնդրի շուրջը ընթացող բանակցությունների ընթացքի մասին եւ Թվիթերում գրանցեցի իմ փոքրիկ ու սահմանափակ գրառումը. «Վաշինգտոնը, Երեւանը եւ Բաքուն բանակցում են Արցախի հարցով, միեւնույն ժամանակ որոշում՝ ի՞նչ անել, որ չնեղացնեն Բեն Լադենից հետո թիվ մեկ ահաբեկիչ Իլհամ Ալիեւին: ԱՄՆ-ն պետք է ուշքի գա եւ Արցախի Հանրապետությունը ազատի հայերի նոր ցեղասպանությունից»: Ես կարծում եմ, որ եթե ճնճղուկային ծիվ-ծիվները անմիջական ազդեցություն չունեն աշխարհի տերերի վրա, ապա այն կարեւորություն ունի հանրային կարծիքի վրա ազդեցության ուղղությամբ: Իսկ ամենը թշնամուն թողնելը սխալ է ու վտանգավոր: Ուստի ես ամեն օր նոր արձագանք եմ թողնում Թվիթերում:

Արթուր Սահակյանի հետ

«Alfa news» պորտալի մեկնաբան Արթուր Սահակյանը ինձ հրավիրեց զրույցի: Որոշվեց այս տեսագրությունը նվիրել արցախյան թեմային, իսկ հաջորդը՝ մշակութային խնդիրներին: Մինչ այդ ես ելույթ եմ ունեցել «Հուրիզոնում»՝  Բալաբեկի հետ, ապա «USArmenia» ստուդիայում՝ նախ Ալինա Խաչատրյանի, ապա եւ Արտեմ Սարգսյանի հետ՝ ներկայացնելով Գլենդել գալուս նպատակը եւ այստեղի հայության հետ երկխոսություն սկսելու ծրագիրը: Հետաքրքիրն այն էր, որ այս կես ժամանոց հաղորդումները ոչնչով չեն նպաստել ցուցահանդեսին գլենդելցիների մասնակցությանը:

«Արցախի տասը արմատները» գիրքը

Իսկ Արմենի հաղորդման մասնակցության առաջարկությանը ես սիրով համաձայնեցի, քանի որ այն Արցախում տեղի ունեցող իրադարձությունների մասին էր: Ես ցույց տվեցի անգլերենով հրատարակած «The TEN roots of Artsakh problem» գիրքս, նշելով, որ երեք հազար տարիների ընթացքում Արցախի հայությունը, երբ Մայր Հայաստանը զրկվում էր անկախությունից, ստեղծում էր իր պետականությունը, այդպես պահպանելով իր ինքնությունը, մշակույթը, տարածքային ամբողջականությունը: Ու հիմա ստիպված է նորից անկախ կարգավիճակ ստանալ եւ պահպանել այդ ամենը: Իսկ Շուշիի հետ կապված հայտնեցի, որ «Շուշի» հիմնադրամը իր գործունեությամբ ձգտում էր բերդաքաղաքում վերականգնել 19-րդ դարի քաղաքային մթնոլորտը:

Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ ԼԱ-ում Արցախի համար ակցիա

«Առավոտ» օրաթերթ
02.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031