Լրահոս
Օրվա լրահոսը

Պաքուն հետապնդում է նաեւ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» խնդիրը՝ ցանկանալով ՀՀ տարածքում ատրպէյճանցիների կողմից հիմնել ինքնավար հանրապետութիւն. «Հայրենիք»

Դեկտեմբեր 04,2023 10:41

Բոլորովին վերջերս, Հոկտեմբեր 7-ին, Եւրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշէլի հետ հեռախօսազրոյցում Ալիեւը ի թիւս այլնի երկու միտք է արտայայտել, առաջին, որ Հարաւային Կովկասում նոր պատերազմի մեղաւորը Ֆրանսիան կը լինի, երկրորդ, որ ատրպէյճանական ութ գիւղեր շարունակում են մնալ «հայկական օկուպացիայի» տակ։ Սրանով, Պաքուի բռնապետը՝ օգտագործելով «օկուպացիա» տերմինը, ակնյայտօրէն նոր հիմք է փորձում ստեղծել Հայաստանի նկատմամբ հերթական ռազմական գործողութիւնների համար։ Հայաստանի հետ ռազմաքաղաքական յարաբերութիւնները նոր մակարդակի բարձրացնելու եւ համապատասխան առեւտրային յարաբերութիւնների զարգացման վերաբերեալ ֆրանսիական պատրաստակամութեանը հակադրուելով էլ, Ալիեւը նպատակ ունի ամէն կերպ կանխել հայկական բանակի կարողութիւնների զարգացումը, ինչն անելու համար սպառնում է նոր պատերազմով եւ տարածաշրջանային ապակայունացմամբ՝ նախապէս իբրեւ դրա մեղաւոր հռչակելով Փարիզին։

Գալով ատրպէյճանական քարոզչամեքենայի առանցքային եւ ամենավտանգաւոր թեզերից մէկին՝ «Արեւմտեան Ատրպէյճանին»՝ անդրադառնանք, որ ընդամէնը օրեր առաջ լուր տարածուեց առ այն, որ Ատրպէյճանի Միլի մեճլիսի պատգամաւոր Քամալ Ջաֆարովը կ’այցելի Շուէյցարիայի Ժընեւ քաղաք՝ մասնակցելու ՄԱԿ-ի տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրաւունքների կոմիտէի Հայաստանի վերաբերեալ պարբերական զեկոյցի շնորհանդէսին։ Միջոցառմանը պատգամաւոր Ջաֆարովը կը ներկայացնի իր դիրքորոշումը որպէս «Արեւմտեան Ատրպէյճանի» համայնքային երիտասարդական միութեան փոխնախագահ: Այցի ընթացքում նախատեսւում է պատգամաւորի հանդիպումը ՄԱԿ-ի պաշտօնեաների հետ՝ քննարկելու արեւմտեան ատրպէյճանցիների վերադարձի իրաւունքի ճանաչման հարցը։

Սրան նախորդել էր, դեռեւս ամիսներ առաջ 2023-ի տարեսկզբին ՄԱԿ-ում «Արեւմտեան Ատրպէյճանի համայնքի» կոչի շրջանառումը, որով Հայաստանի կառավարութիւնից պահանջւում էր «միջազգային գործընթացի շրջանակներում պայմաններ ստեղծել էթնիկ ատրպէյճանցիների՝ Հայաստանում իրենց տները անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի համար» եւ ակնկալւում միջազգային հանրութեան աջակցութիւնը: Նամակի հեղինակները նամակի տեքստի հետ միասին շրջանառութեան մէջ էին դրել նաեւ համապատասխան հայեցակարգ՝ «ապահովելու սոյն տարածքից վտարուած ատրպէյճանցիների խաղաղ, անվտանգ եւ արժանապատիւ վերադարձը»։

ՄԱԿ-ում որեւէ գրութեան շրջանառման համար անհրաժեշտ է կառոյցում հաւատարմագրուած պաշտօնական ներկայացուցչութեան ղեկավարի գրաւոր ուղեկցող դիմումն ուղղուած ՄԱԿ-ի գլխաւոր քարտուղարին։ Այլ խօսքով, թէեւ յաճախ դրանք կարող են չարտայայտել տուեալ պետութեան պաշտօնական դիրքորոշումը, բայց ակնյայտօրէն չեն կարող հակասել դրան, իսկ Ատրպէյճանի նման բռնապետական պետութեան պարագայում, ատրպէյճանական դիւանագիտական առաքելութիւնը չի կարող շրջանառութեան մէջ դնել մի փաստաթուղթ, որը նրանց պետական քաղաքականութեան մաս չի կազմում՝ այլ հարց է դա պաշտօնապէս յայտարարւում է որպէս այդպիսին թէ ոչ։ Հետեւաբար, ինչպէս նախորդ յօդուածում ենք պնդել՝ հաւաքական հայ հանրոյթը, հայ քաղաքական միտքը, քաղաքական ընտրանին, մտաւորականութիւնը, հանրային գործիչները պէտք է ամբողջ էութեամբ գիտակցեն այն վերահաս վտանգը, որ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» քաղաքական կոնցեպտը ներկայացնում է մեզ համար։ Հայաստանի Հանրապետութիւնը պարտաւոր է բազմաշերտ եւ հուժկու հակազդեցութիւն ապահովել այս թեզի դէմ։ Պէտք է նաեւ խուսափել այն մտայնութիւնից, յատկապէս ակադեմիական շրջանակներում, որ «Արեւմտեան Ատրպէյճանի» թեզին լուրջ հակազդեցութիւն ապահովել պէտք չէ, որովհետեւ դա զաւեշտ է։ Արդէն իսկ ակնյայտ է, որ Ատրպէյճանը օգտագործելով միջազգային յարաբերութիւնների խառնաշփոթ իրավիճակների պարբերական կրկնումները, փորձում է իր զաւեշտալի թեզերը առաջ տանել եւ յաճախ յաջողում է։ Հետեւապէս, ատրպէյճանական այս հերթական զաւեշտի բազմաչափ հակազդեցութիւնը պէտք է սկսել հնարաւորինս արագ։

Առհասարակ, ատրպէյճանցիները, իրենց առջեւ դրուած որեւէ մարտավարական խնդրի լուծումից յետոյ կամ երբ Հայաստանի գործող իշխանութիւնների կողմից բաւարարւում է նրանց հերթական պահանջներից մէկը, ոչ թէ թուլացնում են ճնշումը Հայաստանի վրայ, այլ նախայարձակ ակտիւութեամբ առաջադրում են նոր անիրականալի պահանջներ, որոնց բաւարարումը կասկածի տակ կարող է դնել Հայաստանի Հանրապետութեան գոյութիւնը։

Փորձելով, ընդհանուր առմամբ ամփոփել Հայաստանին ներկայացուող ատրպէյճանական պահանջները, գոնէ կարճաժամկէտ կտրուածքում դրանք մասնաւորապէս հետեւեալներն են՝

Հայաստանի տարածքով արտատարածաշրջանային մէկ կամ մի քանի միջանցքների տրամադրում
Արցախեան հիմնախնդրի առկայութեան բացառում եւ միջպետական յարաբերութիւններում Արցախին վերաբերող հարցերի քննարկման բացառում՝ այն շեշտադրմամբ, որ առկայ խնդիրները բացառապէս Ատրպէյճանի ներքին գործն են
Հայկական ԽՍՀ տարածքում եղած, այսպէս կոչուած, «Ատրպէյճանական անկլաւների վերադարձ»
1980-ականների վերջին եւ 1990-ականների սկզբին Հայաստանից հեռացած ատրպէյճանցիների վերադարձ իրենց սկզբնական բնակավայրեր
Հայաստանի Հանրապետութեան զինուած ուժերի թուակազմի, կարիքների, արտաքին ռազմաքաղաքական յարաբերութիւնների էական սահմանափակում։

Ինչպէս տեսանք, ռազմավարական հեռահար պլանաւորմամբ պաշտօնական Պաքուն հետապնդում է նաեւ այսպէս կոչուած «Արեւմտեան Ատրպէյճանի» խնդիրը՝ ցանկանալով Հայաստանի Հանրապետութեան տարածքում, ատրպէյճանցիների կողմից հիմնել ինքնավար հանրապետութիւն։

Գէորգ Ղուկասեան

Հ.Յ.Դ. Բիւրոյի Հայ Դատի Կեդրոնական գրասենեակի յատուկ ծրագիրներու պատասխանատու

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայրենիք» շաբաթաթերթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031