Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են «աղմկում» ականջները

Դեկտեմբեր 04,2023 09:30

Աղմուկն ականջներում կամ տինիտուսը ականջներում զնգոցի, բզզոցի, ծլվլոցի, սուլոցի, շշուկի կամ այլ ձայների զգացողությունն է, որը չի գալիս արտաքին աշխարհից։ Այն կարող է լինել ժամանակավոր կամ մշտական, թույլ կամ ուժեղ, մեկ կամ երկու ականջներում։ Հազվադեպ աղմուկն ուղեկցվում է ականջներում սրտի զարկերի զգացողությամբ։ Որոշ դեպքերում ականջների աղմուկն ավելի զգալի է դառնում գիշերային ժամերին կամ երբ շուրջբոլորը լռություն է։ Երբեմն գլխի, պարանոցի կամ աչքերի շարժումները ևս կարող են ականջներում աղմուկ առաջացնել։

Տինիտուսը տարածված խնդիր է․ որոշ հետազոտությունների համաձայն՝ այդ խնդիրն այս կամ այն չափով ունենում են մեծահասակների 10-25 տոկոսը, թեև երեխաները ևս կարող են ունենալ աղմուկ ականջներում։

Տինիտուսի առաջացման պատճառները դեռևս լիովին հայտնի չեն, սակայն տինիտուս ունեցող մարդկանց մեծամասնության մոտ նկատվում է լսողության որոշակի կորուստ։ Տինիտուսի վերաբերյալ առաջատար տեսություններից մեկն այն է, որ ներքին ականջի վնասվածքները փոփոխում են գլխուղեղի՝ ձայնի մշակման համար պատասխանատու հատվածներին փոխանցվող ազդակները։

Ականջներում աղմուկն, ըստ էության, ոչ թե հիվանդություն է, այլ ախտանշան, որի առաջացման ռիսկի գործոններն են՝ 

Աղմուկի ազդեցությունը․ Հաճախ ականջներում աղմուկն առաջանում է բարձր ձայների ազդեցության արդյունքում, լինի դա աշխատավայրում, համերգասրահում կամ սպորտային որևէ միջոցառման ժամանակ։ Ականջներում աղմուկը տարածված է վետերանների շրջանում, որոնք ծառայության ընթացքում ստիպված են եղել բազմաթիվ անգամներ ենթարկվել ուժեղ աղմուկի ազդեցությանը։

Լսողության կորուստ․ Տարիքի հետ սովորաբար լսողությունը վատանում է, ինչը որոշ մարդկանց շրջանում ուղեկցվում է նաև ականջներում աղմուկի զգացողությամբ։

Դեղամիջոցները․ Տինիտուսը կարող է լինել որոշ դեղամիջոցների՝ հատկապես բարձր չափաբաժիններով ընդունվող, կողմնակի ազդեցություններից մեկը։ Այդպիսի ազդեցություն կարող են ունենալ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները (իբուպրոֆեն, ասպիրին և այլն), որոշ հակաբիոտիկներ, հակաքաղցկեղային, հակամալարիային դեղամիջոցներն ու հակադեպրեսանտները։

Ականջի ծծումբը կամ ականջի վարակը․ Ականջի խցանումը ծծմբով կամ վարակի արգասիքներով կարող է աղմուկի առաջացման պատճառ դառնալ։

Գլխուղեղի, պարանոցի վնասվածքները կարող են հանգեցնել ականջի կառուցվածքի, նյարդերի կամ գլխուղեղի՝ ձայների մշակման համար պատասխանատու հատվածների վնասվածքների՝ առաջացնելով աղմուկ ականջներում։

Տինիտուսի առաջացման ռիսկի հազվադեպ գործոնները

Մենյերի հիվանդություն. Սա ներքին ականջի հիվանդություն է, որը կարող է առաջացնել հավասարակշռության հետ կապված խնդիրներ ու լսողության կորուստ։ Ականջներում աղմուկը Մենյերի հիվանդության նախանշաններից է։

Ծնոտային հոդերի հետ կապված խնդիրներ. Ստորին ծնոտը գանգի հետ կապող հոդը տեղակայված է ականջի մոտ։ Այդ հատվածում առաջացող խանգարումները, վնասվածքները կարող են հանգեցնել տինիտուսի զարգացման։

Ուռուցքների հետ կապված խանգարումներ, գլխի, պարանոցի ուռուցքներ. Ակուստիկ նեյրոման գլխուղեղից մինչև ներքին ականջ անցնող նյարդի բարորակ ուռուցք է, որը կարող է  առաջացնել աղմուկ ականջում: Այդ ախտանշանը կարող են առաջացնել նաև գլխուղեղի, պարանոցի հատվածում տեղակայված ուռուցքները։

Արյունատար անոթների հետ կապված խնդիրներ․ Զարկերակային բարձր ճնշումը, աթերոսկլերոզը, արյունատար անոթների կառուցվածքային փոփոխությունները, առանձնահատկությունները (թեքվածություն և այլն) կարող են արյան հոսքի փոփոխություններ առաջացնել և ականջներում աղմուկ առաջացնել։

Քրոնիկ հիվանդություններ․ դիաբետը, միգրենը, վահանաձև գեղձի հիվանդությունները, սակավարյունությունն ու աուտոիմունային որոշ հիվանդությունները, ինչպիսիք են գայլախտն ու ցրված սկլերոզը, տինիտուսի առաջացման հետ կապվող վիճակներից են։

Ականջներում աղմուկի հետ են կապվում նաև տագնապը կամ դեպրեսիան, ականջում օտար մարմնի առկայությունը, միոկլոնուսը (հազվադեպ հիվանդություն, որն առաջացնում է քիմքի մկանների ռիթմիկ կրճատումներ)։

Երբ դիմել բժշկին

  • Երբ ականջներում հանկարծակի աղմուկ է առաջանում, որն ուղեկցվում է այլ ախտանշաններով։
  • Ականջում կա խցանված ծծումբ կամ օտար մարմին։
  • Ականջներում աղմուկն ազդում է քնի որակի, կենսագործունեության վրա։
  • Առաջացնում է տագնապ ու դեպրեսիա։
  • Աղմուկը հիշեցնում է սրտի զարկեր, ինչը կարող է հուշել սիրտ-անոթային խնդիրների մասին։
  • Այլ մարդու համար ևս լսելի է ականջներում հնչող աղմուկը․ դա կարող է խոսել լուրջ հիվանդության մասին։

Անհապաղ դիմել բուժօգնության, եթե՝

  • Ականջներում աղմուկն առաջանում է վնասվածքից հետո կամ աղմուկի հետ մեկտեղ կան հետևյալ ախտանշանները՝
  • գլխապտույտ,
  • դեմքի մկանների թուլություն,
  • լսողության հանկարծակի կորուստ։

Որոնք են տինիտուսի բուժման մեթոդները

Եթե ականջներում աղմուկի պատճառը ֆիզիոլոգիական է, ասենք խցանումը, հոդային կամ արյունատար անոթների խնդիրները, ապա առաջնային խնդրի լուծումը կարող է նշանակալիորեն թեթևացնել տինիտուսի ախտանշանները։ Սակայն շատերի մոտ աղմուկը կարող է պահպանվել ամիսներով կամ տարիներով։

Բուժման մեթոդները ներառում են ձայնային թերապիան, լսողական սարքերի, «սպիտակ աղմուկի» օգտագործումը, դեղորայքի փոփոխությունը, կոգնիտիվ վարքաբանական թերապիան և այլն։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի կարող ծառայել որպես հիմք ախտորոշման համար։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ NIDCD

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031