Ալավերդի քաղաքն իմ ծննդավայրն է։ Այսօր մառախլապատ է քաղաքիս ապագան։ Քաղաք, որ առանց այն էլ երկինք չունի։ Երկնքի փոխարեն ընդամենը մի երկար ու ծուռումուռ ճեղքվածք է, չորս կողմից կողպված ժայռերով… Լքված ու անտեսված մի բնակավայր, որ ես միշտ նմանեցրել եմ անտեր դագաղի, որի կափարիչը չգիտես ինչու մոռացել են դնել։ Էս վերջերս Ալավերդին, կարծես թե, կենդանության նշաններ էր ցույց տալիս. տարիներ շարունակ մոռացության մատնված ֆուտբոլի դաշտը վերանորոգվել է, սկսել էին նորոգել նույնիսկ անցյալ դարում կախաղան հանված ճոպանուղին, աշխուժացել է հոգևոր դաշտը` պատկերասրահը, ինքնագործ թատրոնը, գործիքային անսամբլը և ամենակարևորը` շարքային քաղաքացիների շրջանում հավատ է ծագել հանդեպ քաղաքային իշխանությունները։
Եվ այդ ամենի «մեղավորը» նորընտիր քաղաքապետն է` Արկադի Թամազյանը, ում երբևէ չեմ հանդիպել, բայց շատ եմ լսել նրա մասին։ Լսել եմ միշտ լավը. մարդիկ նրա մասին արտահայտվել են հարգանքով, նաև զարմանքով։ Դե, մեր օրերում, ո՞վ է լավը ասում վերադասի մասին։ Զարմանում էի նաև ես։ Էդ մարդը բարձրագոչ ճառեր արտասանել չգիտի, գիտի միայն գործել։ Իսկ հիմա ինչքան են խոսում, ճռճռում` վարից վար. ճառում են, ճղճղում, սարեր ու ամպեր խոստանում, խոսում են, խոսում, միևնույնն է, սայլը տեղից չի շարժվում։ Վերջապես, ի զարմանս ինձ ու մեր քաղաքի հազարավոր բնակիչների, հայտնվել է արժանի սելապան, էն էլ վերադաս իշխանությունների դուրը չի գալիս։ Պարզվում է, կարևորը նրա արած գործը չէ, ամենակարևորը` շուն լինի, շան տղա լինի, գլուխը քաչալ, մի ոտից էլ չոլախ, միայն թե իրենց մարդը լինի։ Թշվառ սելն ու սելապանի ձեռի բզկտված պլետը փորձում են արժանավորի ձեռից խլեն, որ դրանով քաղաքի ջանը դաղեն։
Հարազատ քաղաքիս բնակիչները լի են վճռականությամբ պաշտպանելու իրենց իրավունքն ու քվեն` ընտրողի կամքը, որ արտահայտել են մեկ տարի առաջ։ Վճռական մարտերը վաղն են։ Տեսնենք ո՞վ կհաղթի` քաղաքացու խիղճն ու իրավունքը, թե՞ բռնապետական կամքը։ Չմոռանամ ավելացնել, որ մարտերը տեղի են ունենում մի չնաշխարհիկ երկրում, որը կամովին կոչվել է դեմոկրատիայի բաստիոն։
Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ
ԱՐՁԱԿԱԳԻՐ, ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍ