Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում մերժվել է «ՀայաՔվե»-ի մի քանի անդամների մասնակցությունը հարցի քննարկմանը

Դեկտեմբեր 03,2023 16:07

Դեկտեմբերի 4-ին, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված է «ՀայաՔվե» նախագծի ներկայացումը: Նախաձեռնության հեղինակներն առաջարկել են մի քանի անդամներով մասնակցել հարցի խորհրդարանական հանձնաժողովում քննարկմանը, ինչը մերժվել է հանձնաժողովի կողմից: «ՀայաՔվե» նախագծի ներկայացմանը կմասնակցի նախաձեռնության միայն մեկ անդամ:

ԱԺ կանոնակարգ-օրենքը հնարավորությունը տալիս է, որ հարցի քննարկմանը մի քանի հոգի մասնակցեն, բայց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն Aravot.am-ին փոխանցեց, որ առանց որեւէ պատճառաբանության է իրենց առաջարկը մերժվել. «Իրենք (նկատի ունի իշխանությանը. Ն․ Գ.) կրկին մերժողական կեցվածք են որդեգրել»:

Օրեր առաջ էլ խորհրդարանում նախագծի վերաբերյալ լսումներ էին. հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տվեցին այդ լսումները, ի՞նչ է սպասվում նախաձեռնությանը եւ արդյո՞ք Հայաստանի կողմից Արցախի մասին որեւէ փաստաթուղթ ընդունելը կարող է գործընթացների վրա ազդեցություն ունենալ, իրավիճակ շտկել, մանավանդ, որ ՀՀ գործող իշխանությունն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս:

«Ընդհանրապես, խորհրդարանական լսումները ես շատ կարեւոր եմ համարում. հանրությանը՝ քաղաքացիական հասարակության կարծիքների եւ դիրքորոշումների ներկայացումը եւ այս տեսանկյունից, շատ կարեւոր եւ հաջողված միջոցառում ունեցանք: Այն շատ ներկայացուցչական էր՝ քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ամենատարբեր ներկայացուցիչները դիրքորոշումներ հայտնեցին եւ բոլորի ելույթներում կար այն, այսպես կոչված, կարմիր թելը, որ գործող իշխանությունները «ՀայաՔվե» նախագծի նկատմամբ որդեգրելով այսպիսի թշնամական վերաբերմունք, առհասարակ, ճանաչելով  Արցախն Ադրբեջանի կազմում, ոչ միայն ի ցույց են դնում իրենց հակազգային էությունն, այլեւ իրենց ոչ ժողովրդավար էությունն են ի ցույց դնում»,- ասաց Մենուա Սողոմոնյանը:

Բուն նախագծի եւ դրա հնարավոր ազդեցությունների մասին էլ, մեր զրուցակիցն ասում է. «Բոլոր իրավական գործիքները, ինչքան որ կան, որքան որ դրանք հնարավորություն տան, մենք «ՀայաՔվեի» շրջանակներում օգտագործելու ենք: Մյուս կողմից, կարեւոր է արձանագրել, որ «ՀայաՔվե» նախաձեռնությունը հենց գործիք է՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման եւ նախաձեռնության շրջանակներում, եթե անգամ բոլոր հնարավոր իրավական գործիքները սպառվեն, նպատակը՝ կապված Արցախի սուբյեկտայնության, Արցախի ինքնության պահպանման, արցախցիների ինքնության պահպանման հետ՝ հետագայում վերադարձը կազմակերպելու նպատակով, պահպանելու ենք եւ այլ գործիքներ ևս օգտագործելու ենք»:

Ի դեպ, վերջին օրերին Հայաստանի քաղաքական դաշտում, հատկապես իշխանական, գեներացվում է արտահերթ ընտրությունների անհրաժեշտության հարցը: Մենուա Սողոմոնյանից նաեւ հետաքրքրվեցինք՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են մեր երկրում իրավիճակ փոխել, թե՞ իշխող ՔՊ-ն հերթական զիջումների մանդատը կստանա:

«Եթե այդ մարտահրավերը նետվի, պետք է կարողանալ վերցնել այդ ձեռնոցը, բայց դրան լինել շատ պատրաստված, որակապես տարբերվող նախորդ բոլոր ընտրություններից»,- եղավ պատասխանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031