Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը փորձում է արագացնել ՀՀ-ի հետ պայմանագրի կնքումը, որպեսզի Արցախի հարցը տարանջատի մնացյալ խնդիրներից․ «Հայացք Երևանից»

Դեկտեմբեր 03,2023 10:40

Ադրբեջանը համարում է, որ Արցախի հարցն այլեւս փակված է եւ ցանկանում է այդ փաստը հնարավորինս շուտ ամրագրել իրավական փաստաթղթով: Խոսքն, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» մասին է:

Միջազգային քաղաքականության պատմությանն ու նրբությունների անծանոթ մարդիկ չեն հասկանում Ադրբեջանի շտապողականության իրական պատճառները: Ինքը, կարծես թե, չունի շտապելու շարժառիթ. 44-օրյա պատերազմից դուրս եկավ հաղթանակած, ունի հզոր դաշնակիցներ, որոնք պատերազմի ընթացքում մեծ շահագրգռվածությամբ օգնում էին իրեն, մինչդեռ Հայաստանը մենակ էր եւ, ընդհանրապես, հետանկախական ավելի քան 30-ամյա շրջանի իր ամենաանկումային ժամանակներն է ապրում՝ թույլ կառավարությամբ, որին կարելի է անվերջ գջլել, եւ զուրկ ռեւանշի որեւէ հնարավորությունից:

Այսօր Երկրորդ համաշխարհայինից հետո ստեղծված աշխարհակարգը փլուզվել է, եւ սկսվել է սահմանների փոփոխությունը: Կան բազմաթիվ չլուծված հարցեր՝ Կոսովա, Աբխազիա, Հարավային Օսիա, Մերձդնեստրի չճանաչված հանրապետություն, Ղրիմ… Կա Ուկրաինայի մասնատման խնդիր, որի տարածքների մի մասը Ռուսաստանը ճանաչել է որպես իր տարածք՝ դեռեւս անհասկանալի սահմաններով, կա Իսրայելի ու Պաղեստինի հակամարտություն եւ այլն: Այստեղ մեծ երկրների շահեր են խաչվում:

Հին սկզբունքներն այլեւս չեն գործում, իսկ նորերը դեռ չկան: Անգամ եթե միջազգային որեւէ խորհրդաժողով տեղի ունենա, այդ նոր սահմանների հարցը, միեւնույն է, երկար ժամանակ մնալու է անորոշ: Այս առումով Ադրբեջանում լավ են հասկանում, որ Արցախի հարցը իրականում լուծված չէ, եւ երբ մեծ երկրները խոսում են բռնի տեղահանվածների վերադարձի մասին՝ դա նշանակում է, որ խոսքը արցախցիների անվտանգության մասին է, թե ովքեր են ապահովելու նրանց անվտանգությունը, այսինքն՝ ում զինված ուժերն են այնտեղ տեղակայվելու:

Սա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է արագացնել ՀՀ-ի հետ պայմանագրի կնքումը, որպեսզի Արցախի հարցը տարանջատի մնացյալ խնդիրներից եւ այն համարի լուծված: Իսկ արդյո՞ք դա մեզ պետք է: Անկարակույս՝ ոչ: Մեր խնդիրն է՝ այն թողնել փակագծերի ետեւում եւ ուշի-ուշով հետեւել միջազգային հարաբերություններում ընթացող զարգացումներին՝ մասնավորապես Հարավային Կովկասի քաղաքական կարգավիճակին, որից էլ ածանցվելու են մեզ հետաքրքրող մյուս բոլոր հարցերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031