Լրահոս
Օրվա լրահոսը

Անհավատալին այսօր իրականություն է

Դեկտեմբեր 03,2023 00:01

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1990-ին Անկախության հռչակագիրն ընդունելիս դժվար թե որևէ մեկը հավատար, որ մեկ օր այդ փաստաթուղթը կընթերցենք դառնությամբ:

Այս օրերին Հայաստանի իշխանություններն ակտիվորեն գովազդում են «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացանք ՀՀ ԱԳՆ խոսնակի գրառումից՝ «Մանամայում կայացած բոլոր հանդիպումների ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը»:

Շաբաթներ առաջ Կառավարությունն անգլիալեզու հոլովակ հրապարակեց՝ մանրամասնելով իշխանական «փայլուն» ծրագիրը: Ուշադրություն դարձրեք քարտեզներին:

Այս հոլովակում պատկերվող քարտեզներն ապացուցում են, որ այն, ինչ 30, 20, 10 տարի առաջ անհավատալի կթվար, այսօր իրականություն է: Պաշտոնական Երևանի կողմից պատրաստված այս հոլովակում Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի մաս է: Քարտեզի վրա նույնիսկ «Լեռնային Ղարաբաղ» նշում առկա չէ: Միայն պատկերացնել կարելի է, թե քննադատության և ցասման ինչ տեղատարափ կհնչեր, եթե սա տեղի ունենար Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին:

Իհարկե, սպասելի էր, որ քարտեզում Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ներառելը կմնա անարձագանք: Չէ որ մեր հասարակության մի ծանրակշիռ հատված համոզված է, որ ամեն ինչում մեղավոր են ղարաբաղցիները: Դե իսկ Ղաաբաղը կորցրել ենք շատ վաղուց: Սկզբում իշխանությունն ասում էր 2007-ին, հետո դարձավ 1991-ին, հիմա 1996-ին: Ով իմանա, հնարավոր է վաղն էլ իմանաք, որ Արցախը երբեք էլ Հայաստանին չի պատկանել:

Այսօրվա իրականությունը Հայաստանի Անկախության հռչակագիրը կարդալիս տարակուսանք է առաջացնում: Ըստ մեր պետության հիմնադիր փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության հիմնադրման հիմքերից է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին:

Այսուհետ Անկախության հռչակագիրն ընթերցել առանց դառնության զգացողության անհնար է: Ինչպե՞ս պետք է մեր մեջքն ուղիղ կարդանք Հռչակագիրը, երբ Արցախը հայկական չէ: 1990-ին ընդունված Անկախության հռչակագիրը բացառիկ է նաև այն առումով, որ դա մեր քաղաքական միակ փաստաթուղթն է, որի շուրջ քաղաքական ուժերն ունեին համընդհանուր դրական վերաբերմունք և գրեթե ոչ մի անհամաձայնություն: Բայց այս տարվա օգոստոսի 23-ին դա էլ փոխվեց:

«Հռչակագրի տեքստի քննական վերլուծությունն ի ցույց է դնում, որ մենք ի վերջո ընտրել ենք այնպիսի խոսույթ և բովանդակություն, որի հիմքում դրված է մեզ Խորհրդային Միության մաս դարձրած բանաձևը. խոսքը տարածաշրջանային միջավայրի հետ կոնֆրոնտացիոն խոսույթի մասին է, որ մեզ անընդհատ կոնֆլիկտների մեջ էր պահելու մեր հարևանների հետ»,- ասում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձի իր ուղերձում:

Չի բացառվում, որ մոտակա ժամանակներում իշխանությունը փոփոխության ենթարկի հիմնարար այս փաստաթուղթը՝ հավատարիմ մնալով Ղարաբաղը Հայաստանից կտրելու իր որդեգրած քաղաքականությանը:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031