Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Նահապետյան․ «Բարձրաստիճան պաշտոնյաների համար Հայաստանը ԱՁ չէ, որ պետռեգիստրում դիմում փակեն ու գնան ՄԱԿ-ում խորհրդատվական ծառայություններ մատուցեն «Ինչպես ապամոնտաժել պետություններ» թեմայով»

Դեկտեմբեր 02,2023 23:53

«Զանգ քաղաքացիական շարժման անդամ Միքայել Նահապետյանը Մաշտոցի պուրակում հրավիրված իրազեկման ակցիայի ժամանակ պատասխանեց  տարածվող այն լուրերին, թե, հնարավոր է, իրենք նախընտրական կամ նախանախընտրական քարոզարշավ են իրականացնում եւ ընտրությունների մասնակցելու գործընթացի մեջ են։ «Մարդիկ պետք է վերաբերմունք ձեւավորեն, թե սա ինչ է, ինչ գործընթաց է։ Ես իսկապես հավատում եմ, որ Հայաստանը ինչ-որ կետից կարող է էլ գոյություն չունենալ որպես մի պետություն, որի քաղաքացիները ընտրատեղամասերում կամ փողոցներում կարող են բան փոխել։ Ինձ չի թվում, որ մենք իրավունք ունենք մտածելու եկող կամ դրա հաջորդ տարի ընտրություններ լինել-չլինելու եւ դրան նախապատրաստվելու մասին։ Եվ որպեսզի այս խոսակցությունը անիմաստ ու շատ չերկարի, մի կարեւոր բան եմ ուզում ասել։ Քանի դեռ այս պրոցեսը չի հասել իր տրամաբանական հանգրվանին, քանի դեռ մենք չունենք այն արդյունքը, որը նպատակադրել ենք, քանի դեռ Հայաստանը չունի կառավարություն, որը պահում է այս պետության իրավունքները ու շանս է տալիս, որ այս պետությունը ունենա նաեւ վաղվա օր, ես որեւէ ընտրության ոչ 2024-ին, ոչ 2025-ին, ոչ 2026-ին, ոչ էլ դրանից հետո չեմ պատրաստվում մասնակցել։ Սա կարող եք ընկալել որպես հրապարակային, այսքան մարդու, տեսախցիկների առաջ տված խոստում։ Չի լինելու ընտրություն, որին ես կմասնակցեմ, եթե մեր դրված խնդիրը չի լուծվում։

Երկրորդ բանը, որին կուզեմ անդրադառնալ։ Արդեն մի քանի տեղից լսում եմ, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք, ցավոք, աշխարհում մեզ ներկայացնելու փաստաթուղթ ունեն, մելանխոլիայի մեջ ընկած ժամանակ իրենց բուխարու առաջ մի բաժակ կոնյակով  արտահայտվել են, թե  իրենք Հայաստանի վերջին հանրապետության վերջին ղեկավարներն են։ Սա մտածողություն է ցույց տալիս։ Ես ուզում եմ իրենց ասածի մի կեսի հետ համաձայնել։ Այո, իրենք Հայաստանի վերջին  հանրապետության ղեկավարներն են, որովհետեւ նորը չի լինելու, որովհետեւ այս հանրապետությունը հավերժ է լինելու, որովհետեւ մենք այս հանրապետությունը պահելու ենք։ Հայաստանի Հանրապետությունը իրենց համար ԱՁ չէ, որ մի օր գնան պետռեգիստրում դիմում ներկայացնեն, փակեն, ասեն վերջ, սա պրծավ, կգնանք ՄԱԿ-ում խորհրդատվական ծառայություններ կմատուցենք, ինչպես ապամոնտաժել պետություններ թեմայով։

Սա Հայաստանի վերջին ու հավերժ հանրապետությունն է, Հայաստանը միշտ լինելու է ու Հայաստանը միշտ ունենալու է ղեկավարներ։ Ու այդ ղեկավարները, որոնք մտածելու են միայն այն մասին, որ Հայաստանը լինելու է առաջիկա 100, 1000 եւ 3000 տարում»,-ասաց Միքայել Նահապետյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031