Հայկական պատմական հետքը Արցախի բռնազավթված տարածքներում ոչնչացնելու համար Ադրբեջանը 2023 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում հատուկ տեխնիկայի գործադրմամբ Շուշիում ոչնչացրել է երկու պատմական գերեզմանոցներ. տեղեկացնում է Monument Watch.org-ը։
Գերեզմանատների ավերումն արբանյակային մոնիտորինգի միջոցով ձեռք բերված տվյալների արդյունքում փաստել է Կովկասի ժառանգության մշտադիտարկման միջազգային կենտրոնը (Caucasus Heritage Watch): «Ադրբեջանցիները ծանր տեխնիկայի կիրառմամբ ճանապարհ են հարթել Շուշիի պատմական գերեզմանատան միջով (նկ. 1), որը հայտնի է որպես Երևանյան դարպասների կողքի գերեզմանոց», – նշված է ահազանգի մեջ։
Սա հայ-ռուսական գերեզմանատուն էր՝ առաջացած ցարական սահմանապահ 6-րդ ուղեկալի մոտ: Տապանաքարերը, արձանագրությունների համաձայն, վերաբերում են 1843-1915 թվականներին, ավելի վաղ տապանաքարերը պատկանում էին ռուսների և կրում էին ռուսերեն արձանագրություններ (Հայրությունյան 2008, 35-45): Առանձին տապանաքարեր ճարտարապետության և արվեստի գլուխգործոցներ էին: Դրանք մինչև 3 մետր բարձրության բազմամաս կոթողներ էին, որոնք ժամանակին պսակվել են թևավոր խաչով։
Կարևոր է արձանագրել, որ պատմական գերեզմանատների ոչնչացումը բռնազավթված տարածքներում Ադրբեջանի քաղաքականության հստակ ուղղությունն է. հիշյալ քաղաքականության արդյունքում արդեն իսկ ոչնչացվել են Մեծ Թաղերի, Սղնախի, Շուշիի Հյուսիսային և Երևանի դարպասների գերեզմանոցները, ինչպես նաև Վազգենաշեն գյուղի մերձակայքում գտնվող գերեզմանատունը։
Կարդացեք նաև
Մշակութային ժառանգության նմանօրինակ դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվում է նաև «Մշակութային ժառանգությունը դիտավորյալ ոչնչացնելու մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականի հռչակագրով։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում