«Այսօր մենք շատ ենք խոսելու։ Եվ դա մեր գիտակցված որոշումն է։ Վերջին ինն ամիսներին իմ հարցազրույցների միակ թեման արեւմտյան Ադրբեջանի ադրբեջանական հայեցակարգն է, որը Հայաստանի կառավարությունը վերցնում ու նույնությամբ կրկնում է։
Մարդիկ կան, որ մեզ լսում ու աչքները չռում են, թե ոնց կարող է նման բան լինել, ոնց կարող է արեւմտյան Ադրբեջան կոնցեպտին Հայաստանի կառավարությունը համաձայն լինել»,-Մաշտոցի պուրակում այսօր հրավիրված իրազեկման հերթական ցույցի ժամանակ ասաց «Զանգ» քաղաքացիական շարժման անդամ Սուրեն Սահակյանը եւ որպես իր ասածի ապացույց՝ արեց անհավատալի թվացող բացահայտումներ։
«Ես ուզում եմ մի անգամ էլ հիշեցնել, թե ինչ է նշանակում արեւմտյան Ադրբեջանի հայեցակարգ։ Այդ հայեցակարգը պատերազմից հետո ինտենսիվ մշակվել է Ադրբեջանի կողմից եւ ավարտին է հասցվել 2022 թվականի դեկտեմբերի 24-ին։ Այդ հայեցակարգի մասին Ադրբեջանի կողմից տեղեկացվել է ՄԱԿ-ին ուղարկված նամակում։ Դա ինն էջանոց փաստաթուղթ է, որը կա ՄԱԿ-ի պաշտոնական կայքում։ Շատ չծանրաբեռնեմ ձեզ եւ ներկայացնեմ այդ կոնցեպտի ընդամենը մի քանի թեզեր։
Առաջին․ Հայերը իրավունք չունեն վերադարձող ադրբեջանցիների բնակության վայրը որոշել։ Եթե նման բան փորձեն, դա մեր եւ ՄԱԿ-ի կողմից պետք է դիտվի որպես ռասայական մոտեցում, ռասայական խտրականություն՝ դիմում է Ադրբեջանը աշխարհին։
Կարդացեք նաև
Երկրորդ․ Ըստ Ադրբեջանի, քանի որ վերջին 200 տարիներին հայերը ցեղասպանել են ադրբեջանցիներին, ապա վերաբնակեցվող ադրբեջանցիները չեն վստահում Հայաստանի որեւէ կառավարության եւ դրա համար պետք է խաղաղապահ ուժեր տեղակայվեն Հայաստանի տարածքում։ Ու չեն բավարարվում դրանցով։ Ասում են, որ խաղաղապահ ուժերը պետք է լինեն այն երկրների կազմով, որոնց վստահում է Ադրբեջանը։
Երրորդ․ Այդ խաղաղապահ ուժերը պետք է մնան Հայաստանում այնքան, մինչեւ վերաբնակեցված ադրբեջանցիները ստեղծեն իրենց ինքնապաշտպանական ուժերը։ Դա նշանակում է՝ ադրբեջանական բանակ Հայաստանի տարածքում, որպեսզի հայերից պաշտպանվեն։
Չորրորդ․ Ադրբեջաներենը պետք է դառնա ուսուցանվող լեզու։ Հայաստանի դատական, գործադիր, օրենսդիր մարմիններում ադրբեջաներենը պետք է գործածական լեզու լինի։ Ամբողջ ԵԱՀԿ բազան պետք է թարգմանվի ադրբեջաներեն՝ հեշտորեն ծանոթանալու համար։ Ու սա էլ հեչ։
Ամենավերջին թեզը․ Այս ամենը պետք է արտացոլվի խաղաղության պայմանագրի մեջ։
Այսինքն, այն խաղաղության պայմանագիրը, որը այսօր բանակցվում է եւ պետք է կնքվի, դրա մեջ տեղ են գտնելու այս կետերը»,-տեղեկացրեց Սուրեն Սահակյանը։ Բայց նրան պակաս չի անհանգստացնում այս ամենին հայաստանաբնակներից շատերի արձագանքը։
«Երբ մենք այս մասին օրերս խոսում էինք կոնկրետ մարդկանց հետ, նրանց արձագանքը ավելի քան անսպասելի էր։ Նրանք ասում էին․ «Բա, շուտ ասեք, թողնենք, երկրից գնանք»։ Պատկերացնել անգամ դժվար է, որ պայքարելու փոխարեն գերադասում են գնալը։ Դա իմ ուղեղում չի տեղավորվում։ Պայքարելու ոչ մի մոտիվացիա, ցանկություն ու փորձ։ Եվ համոզված եմ, որ հանձնվելու, պարտվողական այս մտածողությունը մեր կառավարության քարոզչամեքենայի հետեւանքն է։ Դրա համար ոչ մի կերպ հնարավոր չի լինում քանդել քարոզչական միֆերը, թե հանձնվենք, մեզ ձեռք չեն տա, ծնկի գանք՝ ձեռք չեն տա։ Չենք կարողանում դրանք կոտրել, որ մարդիկ հավատան, որ կարող են պայքարել եւ դա թույլ չտալ»,-ասաց նա եւ ակցիայի մասնակիցներին կոչ արեց Հայաստանի ապագայի մասին խոսել այս թեզերով, մարդկանց համոզեն, որ գան, սրանք մի օր առաջ գնան իրենց ոչ հայանպաստ գործերով, իսկ մենք հնարավորություն ունենանք պայքարելու եւ, գուցեեւ, հաղթելու։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ