ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Բենյամին-Լուսակերտ ավտոճանապարհին երեք ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի ունեցած՝ 2 անձի կյանք խլած ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ 2023 դեկտեմբերի 1-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 109 կմ հատվածում միմյանց են բախվել Վ. Կ.-ի կողմից վարած «Ford Transit» մակնիշի, Ա. Ս.-ի կողմից վարած «BMW» մակնիշի և Գ. Ս.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։
Արդյունքում «Mercedes»-ի վարորդը և ուղևորը տեղում մահացել են, իսկ նույն տրանսպորտային միջոցի ուղևորը՝ անգիտակից վիճակում, «Ford Trasit» մակնիշի տրանսպորտային միջոցի վարորդը և «BMW» ավտոմեքենայի վարորդը տարբեր վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի ԲԿ» ՓԲ ընկերություն:
Կատարվել է ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի վայրի զննություն։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի մահացած վարորդը և ուղևորը, ինչպես նաև վնասվածք ստացած մյուս ուղևորը ճանաչվել են տուժող։
Կարդացեք նաև
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ միջոցառումներ ձեռնարկելու մասին հանձնարարություն։
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:
«Mercedes» մակնիշի ավտոմեքենայի՝ անգիտակից վիճակում հիվանդանոց տեղափոխված ուղևորի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մյուս երկու վիրավորների վիճակը, նախնական տվյալներով, բավարար է։