Նախօրեին Հայաստանի նկարիչների միությունում մեկնարկեց Սարգիս Վիրաբյանի ֆոտոխմբակի մասնակիցների «Խաղեր լույսի հետ» լուսանկարչական ցուցահանդեսը։
«Նոր սերունդ է, նոր մտածելակերպ, նոր աշխարհընկալում… Լուսանկարչությունն էլ ինչ-որ տեղ հոմանիշ է աշխարհընկալման»,-Aravot.am-ի հետ զրույցում նշել է Սարգիս Վիրաբյանը` հավելելով, որ բազմաժանր լուսանկարներ են ցուցադրված` սև ու սպիտակից մինչև գունավոր, առօրյա կյանքը պատկերող։
«Ներկայացված են թե՛ դոկումենտալ լուսանկարներ, թե՛ բնանկարներ ու դիմանկարներ։ Նույնիսկ տարիքային ձեռագիր կա, որովհետև ներկայացված են տարբեր տարիքային խմբերի լուսանկարիչների աշխատանքներ։ Ողջունելի է նաև, որ նրանց շարքում Արցախից նույնպես մասնակիցներ կան»,-եզրափակել է ֆոտոխմբակի ղեկավար Սարգիս Վիրաբյանը։
Կարդացեք նաև
Լուսանկարիչ Վահագն Սաղաթելյանն Արցախից է։ Aravot.am-ին պատմեց, որ լուսանկարչությունը, լինելով արվեստի ամենանուրբ տեսակներից մեկը, սիրում է, երբ կադրում ամեն մի մանրուքի ուշադրություն ես դարձնում, աշխատում ես չվրիպել գեղեցիկը, անտեսանելին տեսանելի ես դարձնում։
Մեր զրուցակցի խոսքով` լուսանկարելը լավ հնարավորություն է պատմելու կյանքի մասին հենց իրական կյանքում։ Գուցե մարդիկ շատ բան չեն էլ տեսնում…
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ