Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ նիստում քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես իշխանությունը խլել ընդդիմադիր համայնքապետերից». Լեւոն Զուրաբյան

Դեկտեմբեր 02,2023 13:18

«Ապրելու երկիր» եւ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները միասին 50 տոկոսից ավելի մանդատներ էին ստացել ՏԻՄ ընտրություններում եւ համատեղ կոալիցիոն հուշագրի շրջանակում ստանձնել Ալավերդի համայնքի ղեկավարումը: Հուշագիր ենք ստորագրել՝ հաշվի առնելով համայնքի զարգացումը: Դրա շրջանակներում արդեն մեկ տարի է համատեղ կառավարում ենք իրականացնում»,-ասուլիսում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը:

Նրա խոսքով. «Այս ընթացքում «Քաղաքացիական պայմանագրի» կողմից մի քանի անգամ փորձ է արվել խոչընդոտել համայնքի կառավարումը, արդեն երեք ամսից ավելի է, նիստերի չեն ներկայանում: Նրանց նաեւ հաջողվել էր մեր խմբակցության անդամներից մեկին տարբեր մոտիվացիաներով, խոսակցություններով բերել իրենց կողմ, եւ այդ անձնավորությունները նույնպես բոյկոտում է նիստերը: Մի քանի օր առաջ ՔՊ-ի հետ միասին որոշում է կայացվել նախաձեռնել համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթաց»:

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանի խոսքով. «Համատեղ հրավիրված այս ասուլիսի թեման ավելի լայն է, եւ չի վերաբերվում միայն Ալավերդուն, այլ վերաբերվում է Հայաստանում ժողովրդավարության վիճակին: Մեր անվտանգությունը, Արցախը տապալած իշխանությունները սիրում են խոսել այն մասին, որ իբր ունենք լուրջ նվաճումներ: Տնտեսության մասին իրենց ինքնագովաբանումները լրիվ անհիմն են, որովհետեւ դա իրականում իրենց քաղաքականության հետ որեւէ կապ չունի: Դա հետեւանք է ռուս-ուկրաինական ճգնաժամի պատճառով Հայաստան մտած ռուսների, բելառուսների, ուկրաինացիների:

Ես ընդամենն ուզում եմ ասել, որ անվտանգության եւ տնտեսության հարցերում այս իշխանությունը լրիվ տապալված է: Որպես հաղթաթուղթ մեր իշխանությունը միշտ ներկայացրել է իր՝ այսպես կոչված նվաճումները ժողովրդավարության հարցում. իբր  Հայաստանում վերջապես հարգվում է ժողովրդի կամքը, ընտրություններ են անցկացվում, ընտրությունների արդյունքում ընտրված մարդկանց, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներին, իբր թույլ է տրվում կառավարել եւ ղեկավարել առնվազն տեղական ինքնակառավարման մարմիններում»:

Լեոն Զուրաբյանը նշեց, որ փաստերով ցույց կտա, թե իրականությունը որքան  հեռու է նրանից, ինչ Նիկոլ Փաշինյանը եւ իշխանությունները փորձում են ներկայացնել. «Մեր տեղեկություններով, որն ընդարձակվեց մամուլի ջանքերով, ամսի 23-ին տեղի է ունեցել ՔՊ նիստ, որտեղ քննարկվել են հնարավորությունները, թե ինչպես կարող է ՔՊ-ն խլել իշխանությունը այն ընդդիմադիր համայնքապետերից, որոնք ընտրվել են ժողովրդի կողմից: Ալավերդու հարցը եւս եղել է քննարկված հարցերից մեկը: Որոշում է ընդունվել, որ վճռական գրոհի ժամանակն է, պետք է Ալավերդու համայնքապետի պաշտոնը ի վերջո խլվի ընդդիմությունից…Եվ ոչ միայն դա: Մի քանի օր հետո էլ շատ կոնկրետ որոշում է ընդունվել, որ Ալավերդիում պետք է անվստահություն հայտնել գործող քաղաքապետին: Ուզում եմ ասել, որ սա ընդհանրապես ընդհանուր ծրագիր է…

Ժամանակին Ստալինն ասում էր՝ կարեւոր չէ, ինչպես են քվեարկել, կարեւոր է, թե ով է հաշվում քվեները: Ի դեպ, չկարծեք, թե Նիկոլ Փաշինյանին համեմատում եմ Ստալինի հետ, այնտեղ մասշտաբների մեծ տարբերություններ կան, բայց այս հարցում մտածողությունը նույնն է: Ուղղակի Նիկոլ Փաշինյանը մի քիչ փոխել է այդ լոզունգը, ասում է՝ կարեւոր չէ, թե ով է ընտրվում, կարեւոր է, թե ում ձեռքին է պատժիչ մեքենան: Պատժիչ մեքենա ասելով ՝  նկատի ունեմ  քննչական մարմիններին: Քննչական կոմիտեն, Հակակոռուպցիոն հանձնաժողովը, դատարանը այսօր իշխանության ձեռքին դարձել են գործիք, որով ճնշումներ են գործադրվում ընդդիմադիր ավագանիների, ընդդիմադիր քաղաքապետերի վրա, նրանց նկատմամբ ապօրինի քրեական գործեր են հարուցվում եւ այդ լծակներով փորձում են պարտադրել, որ ընդդիմության ավագանիները, քաղաքապետերը հրաժարական տան կամ անցնեն իշխանության ճամբար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031