Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ անդամ երկիր լինելով հանդերձ՝ Հայաստանը կարող է զարգացնել փոխգործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ․ «Փաստ»

Դեկտեմբեր 02,2023 09:50

Վերին Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ բեռնատարների համար, սակայն հայկական բեռներն այդպես էլ չեն կարողանում հատել Ռուսաստանի սահմանը։ Անցակետի երկու կողմում, ընդհանուր առմամբ, տարբեր հաշվարկներով, սպասում է ավելի քան երկու հազար հայկական բեռնատար։ Բայց ռուսական կողմը չի էլ թաքցնում, որ դրանով պատասխանում են ՀՀ իշխանությունների պահվածքին։ Օրինակ՝ քաղաքագետ Դենիս Դենիսովը, Alpha News-ի համար մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորի» հայտարարությունը Հայաստանից ապրանքների մատակարարման խախտումների առումով, նշել է, թե այն ռուսական կողմի պատժամիջոցային քաղաքականության մաս է, քանզի Ռուսաստանը մտահոգված է, որ ՀՀ քաղաքական վերնախավը երկրի վեկտորն ուղղում է դեպի Արևմուտք։ Ըստ Դենիսովի, Ռուսաստանը Հայաստանի վրա ազդեցության գործիքների բավականին մեծ ներուժ ունի, հատկապես սոցիալ-տնտեսական գործոնների, իսկ ավելի քիչ՝ քաղաքական գործոնների առումով:

Բայց նման պայմաններում գլխավոր հարցն այն է, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները, որոնք իրենց առավել քան արևմտամետ են ցույց տալիս ու հաճույքով մեկնում են արևմտյան տարբեր միջոցառումների ու հանդիպումների, չեն հասնում նրան, որ հայկական ապրանքները արտահանվեն նաև արևմտյան երկրներ։ Եթե Արևմուտքն իսկապես անկեղծ է իր ցանկություններում և նպատակ ունի նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանն ու հայկական տնտեսության դիվերսիֆիկացիային, ապա ինչո՞ւ է ընդամենը մի որոշ չափի օգնություն տրամադրում ու համարում, թե հարցը լուծված է։ Հայաստանին օգնություն պետք չէ, Հայաստանին անհրաժեշտ են ներդրումներ, արտադրության կազմակերպում և մուտք դեպի նոր շուկաներ, որպեսզի մեր տնտեսությունը դառնա ավելի ճկուն ու մրցակցային։ Բայց ՀՀ իշխանություններն հապշտապ միայն վիզաների ազատականացման հարցն են առաջ մղում, որը, իհարկե, լավ նախաձեռնություն է։ Այնինչ, ոչ մի խոսք չկա այն մասին, որ, օրինակ՝ ԵՄ-ն կարող է հեշտացնել հայկական արտադրանքի մուտքը իր շուկա։

ԵՄ-ն այնպիսի մեծ հնարավորություններ բացող շուկա ունի, որ դա կարող է պայմաններ ստեղծել դուրս գալ Հայաստանի՝ արտահանումը մեկ ուղղությունից կախվածության մեջ դնելու իրավիճակից։ Մյուս կողմից էլ՝ արտահանման համար Լարսին այլընտրանք կստեղծվի, և հայկական ապրանքները Վրաստանով, ապա Սև ծովով կարող են հասնել եվրոպական սպառողին։ Ուշագրավ է, որ 2022 թ. հունվարի 1-ից Հայաստանը դուրս եկավ ԵՄ-ի կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6 200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով: Բայց դրանից հետո ՀՀ իշխանություններն այդպես էլ բանակցություններ չեն նախաձեռնել ԵՄ-ի կողմից Հայաստանին նոր արտոնություններ տրամադրելու շուրջ։

Թերևս նրանց բովանդակային քայլերն այնքան էլ չեն հետաքրքրում, որքան հարաբերությունների զարգացման ձևական կողմը, երբ կլուսանկարվեն եվրոպացի պաշտոնյաների հետ ու ցույց կտան, թե հարաբերությունները զարգանում են։ Իսկ Հայաստանի ունեցած յուրահատուկ հնարավորություններն այդպես էլ մնում են չիրացված։ Չէ՞ որ ԵԱՏՄ անդամ երկիր լինելով հանդերձ՝ Հայաստանը կարող է զարգացնել փոխգործակցությունը նաև եվրոպական ուղղությամբ և օգտվել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակի իր կարգավիճակից։ Այնպես որ, դիվերսիֆիկացիան չի կարող սոսկ քաղաքական լինել, այն առաջին հերթին ու գլխավորապես տնտեսական բաղադրիչ է ենթադրում:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031