Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը ոտնատակ է տալիս ՀՀ Սահմանադրությունը

Դեկտեմբեր 02,2023 13:30

«Առավոտի» զրուցակիցն է «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը

– ՀՀ նախագահն օրերս հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել դեռ 1991 թվականին, մինչդեռ 1991 թվականի իրադարձություններն այլ բանի մասին են փաստում.  ինչպե՞ս կբնութագրեք նախագահի հայտարարությունը։

– Վահագն Խաչատուրյանին դժվար է նախագահ համարել, որովհետեւ նա, որպես նախագահ, աշխատում է Նիկոլ Փաշինյանի մոտ: Նիկոլ Փաշինյանի ձեռքի տակ եղած պատգամավորների կողմից ոչ մրցակցային ընտրություններում, հակաժողովրդավար կոնյունկտուրայի պայմաններում նշանակված նախագահ է նա եւ ասում է այն, ինչը որ իրեն թելադրում են:

Իսկ ինչ վերաբերում է հարցի իրավական կողմին՝ տվյալ պարագայում նախագահի կողմից, որպես Սահմանադրության երաշխավորի, այդպիսի հայտարարություն անելով, որ իբրեւ ՀՀ-ն Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում դեռ 1991 թվականին, ոտնատակ է տալիս ՀՀ Սահմանադրությունը: ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ, բացի Նիկոլ Փաշինյանից եւ իր խմբակից, ոչ մի ղեկավար եւ ոչ մի քաղաքական ուժ երբեք Արցախը չի ճանաչել Ադրբեջանի մաս: ՀՀ երրորդ հանրապետության սահմանադրաիրավական կարգի մեջ Հայաստանի եւ Արցախի միասնությունն է: Երբ ՀՀ Սահմանադրության երաշխավորն է ոտնահարում Սահմանադրությունը, սահմանադրական կարգը, սա խոսում է այն մասին, որ Վահագն Խաչատուրյանը ոչ մի կապ չունի ՀՀ-ի, հայ ժողովրդի հետ:

– Օրերս նաեւ Սամվել Բաբայանն ուշագրավ հայտարարություն արեց` ասաց, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Ադրբեջանի հետ մշտական բանակցությունների մեջ է, բանակցում է արցախցիների վերադարձի հարցերով. տեղյա՞կ եք այդ գործընթացներից, ի՞նչ պայմաններով եք հնարավոր համարում արցախցիների վերադարձը։

– Ես տեղյակ չեմ, թե Շահրամանյանը Բաքվի հետ ի՞նչ բանակցությունների մեջ է: Եթե նույնիսկ առերեւույթ կան այդպիսի բանակցություններ՝ արցախցիների վերադարձի վերաբերյալ, ապա առնվազն անհասկանալի է, թե միջազգային-իրավական ի՞նչ երաշխիքների պայմաններում է տեղի ունենալու այդ վերադարձը: Ադրբեջանական ոստիկանության, ադրբեջանական իշխանությունների դեմ-հանդիման թողնել հայ բնակչությանը՝ նրանք չեն ունենա կյանքի ու գույքի ապահովության պայմաններ: Գուցե շատ սիմվոլիկ քանակությամբ հայերի ներկայությունն Ադրբեջանը փորձի ապահովել՝ դրանով աշխարհի առջեւ պարզաջրելու համար իր երեսը, բայց մենք չպետք է մտնենք այդպիսի օրակարգերի մեջ, որոնք ուղղված են արցախցիների վերադարձն ապահովելու իմիտացիա ապահովելուն: Պարզ է, որ քանի դեռ հարցին քաղաքական լուծում չի տրվել, արցախցիների՝ մեծ խմբերով վերադարձ չի լինելու: Իսկ որպեսզի հարցին քաղաքական լուծում տրվի, իսկ դա չի նշանակում Արցախի որեւէ ենթակայություն Բաքվին, ապա դրա համար շատ ավելի խորքային, հիմնավոր գործունեություն է անհրաժեշտ իրականացնել, որի առաջին քայլերից մեկը պետք է լինի Արցախը՝ իր պետական, հասարակական ինստիտուտներով, համայնքներով, արցախյան ինքնությամբ, ՀՀ-ում պահպանելը, որպեսզի վերադարձի գաղափարը միշտ լինի, ակտուալ լինի եւ այդ ուղղությամբ տարվեն աշխատանքներ՝ եղած միջազգային իրավական գործիքներով: Ո՞վ ավելի լավ կտանի այդ քաղաքականությունը, ո՞վ ավելի լավ կպայքարի արցախցիների վերադարձի հիմքերն ապահովելու ուղղությամբ, եթե ոչ արցախյան կառույցները:

Ճիշտ է, ՀՀ իշխանություններն այդ ամեն ինչին խոչընդոտներ են ստեղծում, բայց արցախյան ուժերի խոշորագույն ռազմավարությունը պետք է լինի Արցախի պահպանումը Հայաստանում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031