Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ փոխգնդապետի գործով ՍԴ-ն հակասող ճանաչեց հոդվածներից մեկը

Դեկտեմբեր 02,2023 13:00

Ըստ Սահմանադրական դատարան դիմած ԱԱԾ նախկին աշխատակից, փոխգնդապետ Լեւոն Հարությունյանի ներկայացուցչի. «Դիմողի նկատմամբ որպես կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող աշխատողի լիազորությունների կասեցում դատավարական հարկադրանքի միջոց չի կիրառվել»:

Նոյեմբերի 21-ին Սահմանադրական դատարանը «դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով» քննել է Ազգային անվտանգության նախկին աշխատակից Լեւոն Հարությունյանի դիմումի հիման վրա` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի եւ նույն հոդվածի 3-րդ մասի (մինչեւ 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ)՝ «Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը, կայացրել է որոշում: Դիմումը մուտքագրվել էր դատարանում հուլիսի 26-ին: Որոշումը ՍԴ պաշտոնական կայքում տեղադրվել է նոյեմբերի 28-ին: Այս գործով որպես պատասխանող կողմ ներգրավված էր Ազգային ժողովի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի պետ Մ. Ստեփանյանը:

Մինչեւ Սահմանադրական դատարան դիմելը որոշ ներպետական ընթացակարգերով է անցել այս գործը:

Դիմողի (նա եղել է սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի պետ, իքս-զորամասի հրամանատար) ներկայացուցիչը՝ Գ. Թորոսյանը 2020 թվականի փետրվարի 3-ին հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ ընդդեմ Ազգային անվտանգության ծառայության՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից դիմողին չվճարված աշխատավարձը (ներառյալ` օրենքով հասանելիք պարգեւատրումները, լրացուցիչ աշխատավարձը) ամբողջությամբ վճարել պարտավորեցնելու պահանջի մասին: ՀՀ վարչական դատարանը 2021 թվականի օգոստոսի 11-ի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն՝ պարտավորեցնելով ԱԱ ծառայությանը 2015 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած դիմողին օրենսդրությամբ սահմանված կարգով վճարել չվճարված աշխատավարձը, իսկ մնացած մասով հայցը մերժել է: Ծառայությունը 2021 թվականի սեպտեմբերի 7-ին եւ այդ գործով երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2021 թվականի սեպտեմբերի 17-ին վերոնշյալ վճռի դեմ ներկայացրել են վերաքննիչ բողոքներ: ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները բավարարել է մասնակի, իսկ ծառայությանը սահմանված կարգով Հարությունյանի՝ 2015 թվականի նոյեմբեր ամսից չվճարված աշխատավարձն ամբողջությամբ վճարելուն պարտավորեցնելու պահանջի մասով հայցը մերժել է: Դիմողի կողմից 2022 թվականի նոյեմբերի 7-ին ներկայացվել է վճռաբեկ բողոք: Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունվարի 25-ի որոշմամբ դիմողի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել էր:

ՍԴ գործերի մեջ էր նաեւ 2023 թվականի նոյեմբերի 8-ին Սահմանադրական դատարան մուտքագրված՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ. Դոլմազյանի թիվ ԴԴԱ-7-Ե-24690 գրությունը, համաձայն որի՝ 2015 թվականի դեկտեմբերի 15-ին Հարությունյանը ձերբակալվել է, նույն թվականի դեկտեմբերի 17-ին նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանքը: 2018 թվականի դեկտեմբերի 18-ին վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ դիմողի նկատմամբ կիրառված կալանքը փոխվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով, իսկ 2023 թվականի ապրիլի 12-ին հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ դիմողի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Նույն որոշմամբ վերացվել է նաեւ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Օրենքը ուժի մեջ է մտել 2003 թվականի հունիսի 1-ից: Վիճարկվող 26-րդ հոդվածի՝ 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս՝ մինչեւ տվյալ գործով վերջնական որոշում կայացնելը: 3-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում կադրերի տրամադրության տակ գտնվելիս ծառայողի վարձատրությունն իրականացվում է նշված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա: Այդ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար՝ զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով: «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի (ՀՕ-131-Ն, ընդունվել է 2021 թվականի մարտի 25-ին) 1-ին հոդվածի՝ 1-ին կետի համաձայն՝ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետն ուժը կորցրած է ճանաչվել, իսկ 2-րդ կետի համաձայն՝ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասից հանվել է «2-րդ» բառը:

Ըստ Հարությունյանի՝ «Անձը, մի կողմից հանդիսանալով ազգային անվտանգության ծառայող եւ գտնվելով կադրերի տրամադրության տակ եւ հնարավորություն չունենալով այլ տեղում անցնել աշխատանքի, նախ զրկվում է հանրային ծառայության անցնելու եւ աշխատանքի ազատ ընտրության իրավունքից, իսկ մյուս կողմից կրկին հանդիսանալով ազգային անվտանգության ծառայող եւ գտնվելով կադրերի տրամադրության տակ, չի ստանում աշխատավարձ եւ զրկված է իր եւ իր ընտանիքի գոյության ապահովման նվազագույն միջոցներից»:

Լեւոն Հարությունյանի գնահատմամբ, իր նկատմամբ կիրառված՝ իրավահարաբերության ծագման պահին գործող օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է «խտրական հիմքերով հանրային ծառայողի պաշտոնավարման իրավունքի միջամտություն՝ նման խտրականությունը պայմանավորելով ծառայողի նկատմամբ հարուցված քրեական գործի փաստով», որը, Սահմանադրական դատարանի կողմից արտահայտած իրավական դիրքորոշումների համաձայն, անթույլատրելի է: Խոսքը ՍԴ 2020 թվականի փետրվարի 25-ի ՍԴՈ-1507 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների մասին է…

Նա նշում է, որ տվյալ դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցելու փաստով պայմանավորված՝ վերջինս, մինչեւ նշված գործով վերջնական դատական ակտի կայացումը, թողնվում էր կադրերի տրամադրության տակ, այսինքն՝ հանդիսանում էր ազգային անվտանգության մարմինների ծառայող՝ իրավունք չունենալով կատարել այլ վճարովի աշխատանք. «Խտրականորեն սահմանափակվում էին ԱԱԾ ծառայողի՝ հանրային ծառայության անցնելու, աշխատանքի ընտրության ազատության իրավունքները, անմեղության կանխավարկածի, համաչափության եւ իրավական որոշակիության սկզբունքները»: Ըստ դիմողի՝ նշված սահմանափակումը չի կարող հետապնդել Սահմանադրության տեսանկյունից արդարացված որեւէ նպատակ, ուստի չի կարող արդարացվել ոչ հանրային ծառայության ընդհանուր համակարգի տրամաբանությամբ, ոչ էլ հանրային ծառայության որեւէ կոնկրետ տեսակի առանձնահատկություններով:

Պատասխանող ԱԺ ներկայացուցչի առարկության համաձայն. «Դիմողի այն պնդումը, որ վիճարկվող հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով իրականացվող գործողությունը իրականացվում է սոսկ քրեական գործի հարուցման փաստով՝ առարկայազուրկ է եւ անհիմն, քանի որ այն իրականացվում է՝ ելնելով բացառապես օրինական անհրաժեշտությունից»: Ինչ վերաբերում էր օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողի վարձատրությանը, պատասխանողը հայտնել էր, որ այն իրականացվում է նրա նկատմամբ հարուցված քրեական գործով պայմանավորված խոչընդոտները վերանալուց հետո, եթե պարզվում է, որ ծառայողի գործողություններում հանցակազմ չկա. «Այսինքն՝ հատուցում ստանալու իրավունքը վերապահվում է արդարացվածի կարգավիճակ ունեցող անձին: Ընդ որում` տվյալ դեպքում վարձատրությունն իրականացվում է կադրերի տրամադրության տակ գտնվելու ամբողջ ժամանակահատվածի համար՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայողի զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափի չափով»: Պատասխանողը գտնում էր, որ օրենքի վիճարկվող հոդվածները համապատասխանում են գործող Սահմանադրությանը:

Պատասխանողը գտնում էր, որ սույն դիմումով վիճարկվող դրույթներն իրենց իրավակարգավորիչ դերով սահմանադրականության խնդիր չեն առաջացնում, բավարար չափով որոշակի են եւ հանդիսանում են ոչ միայն սահմանադրական իրավունքների իրացման երաշխիքներ, այլեւ ապահովում են արդարացի հավասարակշռություն՝ հանրային եւ մասնավոր օրինական շահերի միջեւ:

Սահմանադրական դատարանը «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասը (մինչեւ 2021 թվականի մարտի 25-ին ընդունված ՀՕ-131-Ն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ) այնքանով, որքանով ազգային անվտանգության մարմինների ծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցված լինելու փաստի հիմքով կադրերի տրամադրության տակ թողնվելու արդյունքում տվյալ ժամանակահատվածում ծառայողը զրկվում է դրամական ապահովում ստանալու հնարավորությունից», ճանաչել է Սահմանադրության 49-րդ եւ 75-րդ հոդվածներին հակասող եւ անվավեր:

«Ուսումնասիրելով սույն գործի նյութերը եւ դրանք համադրելով վիճարկվող կարգավորումների հետ՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողին՝ բացառապես քրեական գործ (փաստացի քրեական հետապնդում) հարուցված լինելու փաստի ուժով կադրերի տրամադրության տակ թողնելը՝ առանց որեւէ դրամական ապահովման, մինչեւ տվյալ գործով վերջնական որոշումը, համահունչ չէ Սահմանադրության 49-րդ հոդվածով երաշխավորված` հանրային ծառայության անցնելու իրավունքին, քանզի օրենսդրական կարգավորումները չեն բավարարում Սահմանադրության 75-րդ հոդվածով երաշխավորված` հիմնական իրավունքի արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր եւ ընթացակարգեր սահմանելու` Սահմանադրի պահանջը՝ հանգեցնելով ազգային անվտանգության մարմինների ծառայողի` հանրային ծառայության անցնելու իրավունքին անհամաչափ միջամտության»,-արձանագրել էր դատարանը:

Ըստ դատարանի իրավական դիրքորոշման, հանրային իշխանության մարմինները պետք է առաջնորդվեն սահմանադրաիրավական կարգավորումներին համահունչ այն տրամաբանությամբ, որ հանրային ծառայության անցնելու իրավունքին որեւէ միջամտություն չի կարող փաստացի հանգեցնել հանրային ծառայության դիմաց վարձատրություն կամ ողջամիտ դրամական ապահովում ստանալու անհնարինության:

Սահմանադրական դատարանը փաստել էր, որ առկա չէ սույն սահմանադրական վեճի շրջանակում դիմողի նկատմամբ քրեական գործի հարուցման փաստի հիմքով նրան կադրերի տրամադրության տակ թողնելու միջոցով նրա պաշտոնեական լիազորությունների փաստացի կասեցման նպատակի եւ օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասով դրամական բավարարում տրամադրելու պահանջի բացակայության առումով նույն իրավական դրույթի` Սահմանադրության 79-րդ հոդվածին համապատասխանության վեճ։

«Առավոտ» օրաթերթ
01.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031