Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մասնագիտական խոսքից բացի՝ Հայաստանն ու հայերին ներկայացնող փաստեր

Դեկտեմբեր 02,2023 12:30

Առիթը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համաշխարհային շրջագայությունն է

Վերջին շրջանում մեր լրատվամիջոցներում բացակայում են մշակույթի բնագավառին առնչվող մասնագիտական հոդվածները, վերլուծությունները, քննադատությունները, որոնք զարգացած երկրներում տպագրվում են բազմամիլիոն տպաքանակ ունեցող լրագրերում, մասնագիտական հանդեսներում,  կայքերում եւ այլն։ Մենք անդրադարձել ենք վերջերս Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համաշխարհային շրջագայությանը, ներկայացնելով Հունաստանի, Կանադայի, ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում  ելույթներից հետո երաժշտագետների ու քննադատների հոդվածները, որոնցում ոչ միայն նեղ մասնագիտական խոսք է, կարծիք, վերլուծություն, այլեւ հոդվածագիրները հակիրճ ներկայացրել են նաեւ մշակույթի հայ մեծերին, կրոնը, գիրն ու գրականությունը, դրվագներ հայոց պատմությունից՝ ընդհուպ մինչեւ վերջին արցախյան դեպքեր եւ այլն։

Մեջբերենք հատվածներ հոդվածներից, որտեղ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասին մասնագիտական խոսքից զատ տեղ են գտել Հայաստանն ու հայերին ներկայացնող փաստեր։

Հարրի Ռոլնիկ՝ երաժշտաքննադատ, Նյու Յորք, ConcertNet. «…Ունկնդրի համար անսպասելի էր, որ հայկական նվագախումբը երկու տարի հետո դառնալու է 100 տարեկան, նաեւ այն, որ այդ ընթացքում նվագախումբն աշխատել է հայտնի արտիստների հետ՝ Աշկենազիից մինչեւ Ցուկերման, ելույթներ է ունեցել աշխարհով մեկ եւ թողարկել բազմաթիվ ձայնասկավառակներ։

Պետք չէ զարմանալ. Հայաստանը, որի թագավորությունը ժամանակին տարածվել էր ողջ Անատոլիայում, աշխարհին պարգեւել է այնպիսի կոմպոզիտորներ, ինչպիսիք են Ալան Հովհաննեսը, Արամ Խաչատրյանը, Քշիշտոֆ Պենդերեցկին (վերջինս ծնվել է Լեհաստանում, հայ տատիկի ու պապիկի ընտանիքում), ունեցել է հոյակերտ եկեղեցիներ եւ իմ սիրելի գրողներից մեկին՝ Վիլյամ Սարոյանին։ Բացի այդ, նրա երաժշտական ընդգրկումները, հարմոնիաները եւ մեղեդիները բացարձակ յուրահատուկ են…»։

Սյուզան Մայրոն՝ երաժշտաքննադատ, Բոստոն, Classical Scene Boston. «…Հայաստանն ապրել է պատմական ծանր ժամանակաշրջաններ, հատկապես 1915թ.-ի ցեղասպանությունից սկսած։ Այս համերգի նպատակն էր մեղմել վերջին սիրտ մաշող, ճնշող իրադարձությունների, հումանիտար աղետի հետեւանքները եւ օգնել Արցախից 120 հազար տեղահանված հայերին։ Անսովոր էր տեսնել Բոստոնի հայկական համայնքի նվիրվածությունը իրենց հայրենակիցներին։

Այս համերգի պես հրաշալի բան կազմակերպելու եւ դրամահավաքի համար անհրաժեշտ է հսկայական նվիրված համայնք… Ես սիրում եմ այն համայնքը, որը կանգնած է յուրայիններին օգնելու համար։ Այս համերգը միասնության եւ համերաշխության կատարյալ օրինակ էր…»։

Դեվիդ Պատրիկ Ստերնս՝ երաժշտաքննադատ, Նյու Յորք, ArtsJournal. «…Ինքս ժամանակին Կոմիտաս եմ հայտնաբերել Բրուքլինի Red Hook-ի ձայնասկավառակների խանութում։ Կոմիտաս վարդապետը (1869-1935) հայ եկեղեցական էր, երաժշտագետ, կոմպոզիտոր եւ երգիչ…»։

Պետրոս Շուժունեան՝ երաժշտագետ, Մոնրեալ, Horizon Weekly. «…Պէտք է յիշատակենք, որ սոյն համերգի թուականի հաստատման օրը յայտարարելուց յետոյ, միայն երկու շաբաթուայ ընթացքում երաժշտասէր հասարկութիւնը ամբողջութեամբ ապահովել էր ներկայութիւնը, ինչը քիչ պատահող երեւոյթ է։ Խանդավառութիւնը մեծ էր նման համերգի ներկայ գտնուելու։

Պէտք է նշել նաեւ, որ հայրենիքում այդ ճգնաժամային օրերին նման ծրագիր ոտքի հանելն ու իրականացնելը մեծ զոհողութիւնների արդիւնք էր։ Նուագախմբի կայուն ու գիտակից կազմակերպչական անձնակազմը ոչինչ չէր խնայել այն պրոֆեսիոնալ կազմակերպելու համար։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ  նուագախումբը դասւում է միջազգային լաւագոյնների շարքում առանց վարանելու։

Մեծ գոհունակութեամբ դուրս եկանք դահլիճից, բարիի ոգով լցուած, քանի որ այս օրերին շատ պէտք ունենք դրան…»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031