2016 թվականի հուլիսի 28-ին «Առավոտ» օրաթերթում հրապարակեցի «Արդյո՞ք գալու է մի օր ժամանակ…» հոդվածը՝ «100 տարի անց՝ դստեր խոնարհումով» ենթավերնագրով` նվիրված պատմաբան, պրոֆեսոր, հայագետ, մանկավարժ Տաճատ Սահակյանի 100-ամյա հոբելյանին:
Բարձր գնահատելով վերջինիս վաստակը գիտության եւ կրթության ոլորտում` Երեւան քաղաքի ավագանին 2022 թվականի մայիսի 24-ի թիվ 587-Ա որոշմամբ արտոնեց Տաճատ Սահակյանի զավակներին նրա հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրել այն շենքի ճակատային պատին (Երեւան, Գրիգոր Լուսավորչի 17), որտեղ ապրել է գիտնականը՝ որպես հնաբնակ: Նախաձեռնությունը իրականություն դարձավ 2023 թվականի սեպտեմբերի 30-ին: Գրանիտե հուշաքարն ունի կամարակապ խորանով ուղղահայաց սիմետրիկ կառուցվածք: Գրվածքի յուրահատուկ ոճը պայմանավորված է կոմպոզիցիոն ինքնատիպությամբ. կողային նիստերի թեքումով՝ աջ, ձախ, եւ կենտրոնական հարթություններն ընկալվում են մեկ ընդհանուր պատկերի մեջ՝ ստեղծելով շրջանաձեւ տեսածիր: Խաչապատկերի հորիզոնական թեւերի կորությունը եւ ուղղահայաց հատվածի առաջընթաց թեքվածքը (ավանդական խաչազարդին ոչ բնորոշ) հաղորդում են հարաշարժություն: Խորանը հենվում է բազմանիստ հիմնաքարին, որը խորհրդանշում է հայկական բնաշխարհի բազմազանությունն ու պատմության բազմանիստ էությունը: Նպատակը կրկնակի է. ոչ միայն հավերժացնել արժանավոր անուններ, այլ նաեւ ստեղծել մայրաքաղաքի կերպարին հարիր, փոքրածավալ ճարտարապետական յուրօրինակ արժեք: Հուշաքարի հեղինակը ճարտարապետ Աշոտ Սահակյանն է՝ ԽՍՀՄ ճարտարապետների միության անդամը:
Մեծ Հայք՝ խոսող քարերի բնօրրան: Պերճախոս է նաեւ սույն հուշաքարը՝ ձեւով ու բովանդակությամբ՝ միասնական, միջավայրին՝ համահունչ, գույնով՝ շենքի տուֆակերտ պատին ձուլված: Կինոռեժիսոր եւ կինոդրամատուրգ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գրիգոր Մելիք-Ավագյանի «Երեւանյան երազողներ» վավերագրական ֆիլմում (1983 թ.) մի ամբողջ տեսաշար նվիրված է երեւանյան հուշաքարերին, որոնցից ջերմություն ու բարություն է ճառագում, պատմությունն է բարբառում:
Արցախին պատուհասած անասելի ու անընդգրկելի աղետը հաշվի առնելով՝ բացման, առավել եւս հանդիսավոր բացման արարողությունը բացառվեց: Այնուհանդերձ տեղադրումն ուղեկցվեց տհաճ հանգամանքով. շենքի նորահայտ բնակչի անհիմն ու անբացատրելի դիմադրությամբ, որի կանչով տարածք հրավիրված ոստիկանները, հավուր պատշաճի ծանոթանալով փաստաթղթերին, օրինականության սահմաններում նպաստեցին հուշաքարի տեղադրմանը: Ի դեպ, շենքի մյուս բոլոր բնակիչները ողջունեցին հուշաքարի տեղադրումը եւ իրենց համաձայնությունը հաստատեցին ստորագրություններով:
Կարդացեք նաև
Սյունեցի Ջավահիր Մելիք-Թանգյան տատս, որի ձեռագործ գորգերի ու կարպետների նմուշները հանգրվանում են Հայաստանի թանգարաններում եւ ով իր գլխանոցում պահում էր Գարեգին Նժդեհի թռուցիկները, իմաստուն եւ առաքինի կին է եղել, ասում էր՝ «Մեր քարը ծանր է…» (նկատի է ունեցել գործերի փշոտ ու խրթին ճանապարհը, խնդիրները լուծելու բարդ ուղին, նպատակին հասնելու դժվարություններն ու տագնապները): Բողոքին չէի անդրադառնա, եթե չիմանայի համանման երկու դեպքի մասին. գրող Մկրտիչ Սարգսյանի եւ ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանի հիշատակը հավերժացնող հուշաքարերի տեղադրման պահին տհաճ պատմությունները. առաջին հարկի բնակիչների եւ կից խանութի սեփականատիրոջ բանավոր բողոքի, տրտունջների, ընդվզումի, հարուցած արհեստական խոչընդոտների մասին ինձ հաղորդեցին վերջիններիս որդիները՝ Վահագն Սարգսյանը եւ Տիգրան Հեքեքյանը:
Օրենսդրորեն գլխավոր պողոտաների եւ փողոցների շենքերի արտաքին պատերը չեն պատկանում նույն շենքերի սեփականատերերին: Այնուհանդերձ «Էս սարն իմն է, էս ծառն իմն է…» մտայնությունն արմատավորվել է հայերի ենթագիտակցության մեջ: Իրավագիտակցությունը նահանջում է, ցավոք: Զարմանա՞լ, թե՞ զայրանալ… Հետեւություն ես ուզում անել. գուցե սա՞ էլ հիվանդություն է, անբուժելի ախտ, բարի գործի հանդեպ չարակամության ու բացասական վերաբերմունքի դրսեւորում. հարցադրումներ, որոնք պատասխան են ակնկալում: Անմիջապես մտաբերեցի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի ցուցանմուշներից մեկը. կենտրոնական ցուցասրահում վիմագիր արձանագրություն կա՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ՌԾԳ (653+551=1204) թվին ես՝ Տեր Հովհաննեսս մեծ աշխատությամբ կառուցեցի այս եկեղեցին եւ հավաքեցի այստեղ խաչեր ու գրքեր եւ գցեցի Ջոթաց այգին եւ մյուս նորատունկ այգիները: Եվ վանքն իր բոլոր սահմաններով, Հաթերքի տիրոջ միջնորդությամբ, տվեցի իմ ավագ եղբորը՝ Հասանին եւ իր որդիներին: Ով խափանի, կզրկվի Աստծու տված կյանքից: Հանուն Աստծու, սա իմ՝ Հասանիս գիրն է: Երբ իմ եղբայրը եկեղեցին կառուցեց եւ վանքն ինձ տվեց, ես Խնձորաբակը իր սահմանով ընծայեցի այս եկեղեցուն: Ով հակառակի, Աստծուն է հակառակ: Ով այս գիրը խափանի, Աստծուց թողություն չունենա»:
Եզրահանգումը թողնում եմ ընթերցողին:
Դերենիկ Դեմիրճյանը «Հայը» էսսե-պատմվածքում կասեր՝ «Արդյո՞ք մի բան հասկանում եք Հայից… Ուրիշի հաջողության մեջ նախանձոտ է…»: Ցավալի է, բայց փաստ է:
Հսկայական մշակութային շերտ ենք կորցրել այսօր, վանքեր ու ամրոցներ, եկեղեցիներ ու խաչքարեր են որբացել, թանգարանները փակել են դռները, գրքերը չունեն ընթերցող, Շուշի քաղաքի գորգերը դարձել են թափառական, մեր հայրենակիցները՝ տնավեր-փախստական… Ժողովրդի լռությունն ու անտարբերությունը (իհարկե, առանց ընդհանրացման) ցավալի է, բայց փաստ է… «Ղողանջ մթագնումի». Դե ե՛կ Վարդապետ, Ու մի՛ ցնորվիր…
ՍԱՀԱԿԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆ
107 տարի անց՝ դստեր խոնարհումով
23.11.23թ.
«Առավոտ» օրաթերթ
01.12.2023