Լրահոս
Օրվա լրահոսը

Որտեղի՞ց է Սամվել Բաբայանին տեղեկությունը, որ Սամվել Շահրամանյանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ

Դեկտեմբեր 02,2023 14:00

«Ես նմանատիպ հստակ տեղեկություն չունեմ, բայց առաջիկա հանդիպման ժամանակ կփորձեմ ճշտել եւ ավելի հստակ խոսել այդ թեմայով». «Առավոտի» զրուցակիցն է Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:

– Ինչո՞ւ այդպես էլ չի հաջողվում ԱՀ խորհրդարանի նիստ գումարել:

– Ո՞վ ասաց, որ չի հաջողվում: Նիստ չի գումարվել, բայց նման հարցադրումն էլ մի քիչ ճիշտ չէ. պատգամավորները հանդիպում են, տարբեր հարցեր են քննարկում եւ պահը հասունանում է, որ նիստը գումարվի: Նիստը եթե պետք է լինի զուտ նիստ՝ անելու համար, ապա դրա իմաստը չենք տեսնում: Այսօր ԱՀ խորհրդարանը, հասկանալի է, որ չի կարող օրենքներ մշակել, շրջանառության մեջ դնել դրանք. այլ ոլորտում պետք է օրակարգ ձեւավորել, դրա շուրջ նիստ անել: Այդ օրակարգն է դեռ քննարկվում, կհաստատվի՝ նիստ կլինի:

– Մի փոքր կմանրամասնե՞ք, ինչ օրակարգ պետք է ձեւավորել, ինչի՞ վրա պետք է ուշադրություն կենտրոնացնել:

– Այսօրվա իրականությունը պետք է հաշվի առնել եւ դրանից ելնելով օրակարգ ձեւավորել: Չունենալով հայրենիքում այս պահին արարելու, աշխատելու հնարավորություն, մենք պետք է փորձենք միջազգային տարբեր հարթակներում արցախահայության վերադարձի հարցերը բարձրաձայնել, փորձել ստեղծված իրավիճակում մեր հայրենակիցներին հուզող հարցերի պատասխանները հնչեցնել եւ այլն: Այս իրողություններից ելնելով են օրակարգերը ձեւավորվելու:

– Օրերս Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը Ադրբեջանի իշխանությունների հետ կապի մեջ է, բանակցում է արցախցիների վերադարձի հարցերով: Պարոն Շահրամանյանի հետ կապ ունե՞ք, կա՞ն բանակցություններ, ի՞նչ պայմանների շուրջ են դրանք ընթանում:

– Ես զարմանում եմ, որ Սամվել Բաբայանի ասածները հիմք ընդունած՝ փաստում եք, որ ինչ-որ բանակցություններ կան եւ փորձում եք մանրամասները պարզել: Նախ՝ Սամվել Բաբայանին որտեղի՞ց այդ տեղեկությունը, որ Սամվել Շահրամանյանը բանակցություններ է վարում Ադրբեջանի հետ: Երկրորդ՝ ինչո՞ւ է դա զարմացնում մեր հանրությանը, ի վերջո նա Արցախի նախագահն է: Երրորդ՝ ես նմանատիպ հստակ տեղեկություն չունեմ, բայց առաջիկա հանդիպման ժամանակ կփորձեմ ճշտել եւ ավելի հստակ խոսել այդ թեմայով: Մենք երբեւէ չենք հրաժարվել բանակցություններից եւ մենք հստակ գիտենք, որ բանակցությունների արդյունքում ավելի շատ հարցեր կարելի է լուծել. մի բան, ոը չարվեց 2018 թվականից սկսած, երբ բանակցությունները մտան փակուղի եւ ստացանք պատերազմ:

– Ի դեպ, Սամվել Բաբայանը մեկ այլ ուշագրավ հայտարարություն էլ էր արել՝ ասելով, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը համաձայնեցված էր ՀՀ եւ ԱՀ իշխանությունների միջեւ եւ այդ փաստաթղթով Արցախը ճանաչվել էր Ադրբեջանի մաս: Փաստաթղթի հրապարակային մասում նման փաստագրում չկա, հնարավո՞ր է համատեղ հայտարարությունը նաեւ գաղտնի մաս է ունեցել, իբրեւ պատգամավորի, կարո՞ղ է այն ձեզ հասանելի է եղել:

– Փաստաթղթի գաղտնի հատվածի մասին տեղեկություն չունեմ եւ եթե հաշվի առնենք, որ Սամվել Բաբայանը 2020 թվականի նոյեմբերի 9-ին իշխանության մաս էր հենց Արցախում, երեւի թե ինքը մասնակից է այդ փաստաթղթին կամ՝ եթե այլ մաս կա, նա պարտավոր է հրապարակել:

Այո, գաղտնիք չէ, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ՀՀ եւ Արցախի իշխանությունների համաձայնությամբ է եղել, մենք դեռ 2020 թվականի ընտրությունների ժամանակ էինք ասում, որ եթե Արցախում Նիկոլին խամաճիկ իշխանություն ունենանք՝ ունենալու ենք կորուստներ, պատերազմներ: Եվ ունեցանք այդ խամաճիկ իշխանությունը, որը մեզ տարավ պատերազմների եւ կորուստների, որի մաս էր կազմում  նաեւ Սամվել Բաբայանը:

– ՀՀ նախագահն օրերս հայտարարեց, որ Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչվել դեռ 1991 թվականին, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարում է, որ 2016-ին է Արցախը հանձնվել Ադրբեջանին, Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի անգամ ամենատարբեր տարեթվեր է հրապարակել՝ իբրեւ Արցախի հանձնման տարեթիվ. ի վերջո, ե՞րբ է Արցախը հանձնվել:

– Այդ մարդիկ, ովքեր խոսում են Արցախի մասին, որեւէ գրոշի ներդրում չունեն Արցախի կայացման, պետականության եւ երեսուն տարվա կյանքում: Քանի որ Արցախը հանձնվել է հենց իրենց իշխանության օրոք, նրանք փորձում են արդարացնել իրենց քայլերը, որոնք որեւէ արդարացում չունեն: Նրանք պատմության մեջ մնալու են՝ որպես Արցախը հանձնող իշխանություն: Սա է պատճառը, որ տարբեր պատրվակներ,  տարբեր մեկնաբանություններ են արվում, որ իրենք չեն Արցախի հանձնման մեղավորը:

– Վերջին օրերին Հայաստանում շատ ինտենսիվ սկսել է քննարկվել արտահերթ ընտրությունների թեման: Ձեր կարծիքով՝ արտահերթ ընտրությունները ի՞նչ կարող են փոխել:

– Կարծես ավանդույթ է ձեւավորվում. ինչ-որ բան հանձնելուց առաջ այս իշխանությունները գնում են ընտրությունների, որպեսզի հանձնելու ժամանակ ասեն՝ ժողովուրդը մեզ տվել է այդ մանդատը, որպեսզի հետո էլ մեղքը բարդեն ժողովրդի վրա: Ինձ թվում է, այսպես կոչված, անկլավները հանձնելուց առաջ, ինչ-որ նմանատիպ քայլերի գնալու է այս իշխանությունը. թավշյա մանդատ ուներ, որով նա չկարողացավ իր տված խոստումները կատարել, հետո, ժողովրդից պողպատյա մանդատ ուզեց Նիկոլ Փաշինյանը եւ հանձնեց Արցախը: Հիմա՝ չգիտենք, թե ի՞նչ մանդատ կուզի, որի արդյունքում ինչ-որ բաներ կհանձնի:

– Այսինքն, մտավախությունը, որ այս իշխանությունն ընտրություններով կրկին կվերարտադրվի, կա:

– Իհարկե, միայն գործող իշխանությունն է այսօր պատրաստ ընտրությունների եւ գործող իշխանությունը՝ ընտրություններով, ժողովրդին մասնակից է դարձնում պարտվողական բոլոր գործընթացներին, որն ինքը ծրագրավորված տանում է առաջ:

– Իսկ ընդդիմությունն ինչպե՞ս պետք է դիրքավորվի:

– Ես չեմ կարող խոսել այս կամ այն քաղաքական ուժի անունից, բայց, ինձ թվում է, այսօր անհրաժեշտ է ոչ թե Նիկոլ Փաշինյանի օրակարգով շարժվել, այլ ձեւավորել այնպիսի օրակարգ, որ Նիկոլ Փաշինյանին եւ նրա խմբին թույլ չտալ վերարտադրվել՝ նորանոր պարտությունների տանելով պետությանը:

– Մի բան, որը 2020 թվականից ի վեր ընդդիմությանը չի հաջողվում:

– Օրակարգ պետք է ձեւավորվի եւ հանրության հետ ինտենսիվ աշխատանք տարվի:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
01.12.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031