Մերօրյա գունավոր ու վառ կերպարները չեն գիտակցում պատերազմի լրջությունը։ Արկերի պայթյուն, երգ, պար և վերջում այս ամենի հանգուցալուծումը միայն մեկն է…
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնում կրկին հանդիսատեսին ներկայացվեց Ֆերնանդո Արրաբալիի համանուն պիեսի հիման վրա բեմադրված «Պիկնիկ» ներկայացումը։
-Պիեսը կարդալուց հետո առանց երկմտելու որոշեցի բեմադրել, որովհետև իրականում մեր մասին է այս գործը։ Մենք էլ այսօր ապրելով պատերազմող երկրում` մոռանում ենք դրա մասին ու շարունակում ապրել առօրյա կյանքով։ Մինչդեռ անտեսելով պատերազմը դրան լուծում չենք տալիս, այլ հակառակը` բացում ենք բոլոր դռները, որպեսզի մտնի հենց մեր տուն… Խնդիրը գլոբալ է և ոչ տեղայնացված. պատերազմը համամարդկային խնդիր է և դրան պիտի լուծում տրվի,- վստահեցնում է ներկայացման ռեժիսոր Անահիտ Կարապետյանը։
Նշենք, որ ներկայացման մեջ ներգրավված են դերասաններ Սրբուհի Բալայանը, Դավիթ Հարությունյանը, Ռաֆայել Թալասյանը, Ավո Կալամդարյանը։ Բեմանկարչը Արեգ Միրիջանյանն է։
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ