ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը մասնակցում է Պորտուգալիայի մայրաքաղաքում անցկացվող Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման Գլոբալ ֆորումի տարեկան ժողովին։
Տարեկան ժողովին ելույթի ժամանակ ՏՀԶԿ գլխավոր քարտուղար Մաթիաս Քորմանն իր ելույթում հատուկ ընդգծել է, որ դեռևս երկու տասնամյակ առաջ բանկային գաղտնիքի «դարաշրջանի» ավարտին մեկնարկ տրվեց Գլոբալ ֆորումի գործունեությանը, որն արդյունավետ հարթակ է հանդիսանում երկրների միջև հարկման նպատակով տեղեկատվությունների փոխանակման համար։
ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի տարեկան ժողովի շրջանակում քննարկվել են հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման, ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման, ինչպես նաև կրիպտոակտիվների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ թեմաներ: Քննարկված թեմաների շրջանակում Հայաստանն առաջիններից է, ով արտահայտել է իր պատրաստակամությունը աշխատանքների մասնակցության վերաբերյալ։
Հարկ է ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ միացել է ֆինանսական հաշիվների ավտոմատ փոխանակման համակարգին, որի շրջանակում առաջին փոխանակումը տեղի կունենա 2025 թվականին: Սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածից սկսած հարկային մարմինը կստանա տեղեկություններ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտների՝ արտասահմանյան ֆինանսական կազմակերպություններում ունեցած հաշիվների վերաբերյալ։
Կարդացեք նաև
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ԱՄՆ, Իսպանիայի և Կայմանյան կղզիների իր գործընկերների հետ մասնակցել է կրիպտոակտիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման մասին պանելային քննարկմանը և հանդես եկել որպես զեկուցող՝ վերահաստատելով «Կրիպտոակտիվների հաշվետվողականության շրջանակ» (CARF) նախաձեռնությանը միանալու Հայաստանի հարկային մարմնի տեսլականը։ Իր ելույթում ՊԵԿ նախագահն ընդգծել է CARF ստանդարտի առավելությունները և ակնկալվող արդյունքները՝ կոչ անելով Գլոբալ ֆորումի մյուս անդամներին ակտիվորեն միանալ ստանդարտի ներդրման հանձնառությանը։ Վերջինիս շրջանակում Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն կունենա տեղեկություններ փոխանցել և ստանալ այլ երկրներից նաև կրիպտոակտիվների վերաբերյալ:
ՊԵԿ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին