Այսօր Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նիստում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը տեղեկացրեց, որ արդեն կա նախնական հայեցակարգ, որի մեջ որոշ հարցեր արդեն խորհուրդը քննարկել ու քվեարկել է:
«Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը ներկայացրեց իրականացված աշխատանքները: Նախարարությունը առաջարկել է ԱԺ պատգամավորների էթիկայի պահպանման համար հանձնաժողով ստեղծել, ինչը բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: «Գրեկոն» պահանջում է, որ ԱԺ-ում ստեղծվի հատուկ մարմին, որը կիրականացնի պատգամավորների էթիկայի եւ վարքագծի նորմերի պահպանման նկատմամբ վերահսկողություն: Հաջորդը ԱԺ-ի ինքնարձակման մեխանիզմների ներդրման հարցն է քննարկվել: Մեր օրենսդրությամբ դա նախատեսվում է, բայց կապվում է վարչապետ ընտրելու անհնարինության հետ: Այնինչ դա կարեւոր մեխանիզմ է ճգնաժամերը լուծելու համար. «Խորհրդարանը արձակելու որոշումը հենց խորհրդարանը պետք է քննարկի, ոչ թե մեկի այլ մարմին: Կան երկրներ, որ նախագահն է որոշում կայացնում»,- ասաց Դադունցը՝ հավելելով, որ այս որոշումն ընդունելու համար պետք է նախատեսվի ձայների բարձր շեմ, օրինակ՝ պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ը, որ որոշումը բարձր լեգիտիմություն ունենա:
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը ներկայացրեց իր առաջարկները: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը հարցրեց. «1992-ին կառավարության ղեկավարի մակարդակով կնքվել է համաձայնագիր՝ ՀՀ-ի հետ Թուրքիայի եւ Իրանի սահմաններում ռուս սահմանապահ զորքերի տեղակայման վերաբերյալ: Այդ պայմանագիրը ոչ մի տեղ չի վերացել, վարչապետն ուղղակի ստորագրել է ու վերջ: Ընդ որում, երբ նայում ենք Անկախության հռչակագրի ընդունման պայմանները, այն ժամանակ գործող միջազգային պայմանագրերի մասին կարգավորումները, չէր կարող այդ իրավական ակտը չվավերացվեր: Պիտի՛ վավերացվեր: Հիմա իմ մոտ հարց է առաջանում՝ չվավերացված միջազգային պայմանագիրը լինելո՞ւ է Հայաստանի իրավական համակարգի մաս, թե՞ չի լինելու»:
Կարդացեք նաև
Վիգեն Քոչարյանը պատասխանեց. «Դա եղել է այն պայմաններում, երբ մենք, որպես այդպիսին գործող Սահմանադրություն չենք ունեցել: Միանշանակ իրավական ուժի վերաբերյալ դատողություն անելը բարդ է: Ես համամիտ չէի լինի ձեր կատեգորիկ մոտեցմանը, որ եթե վավերացված չի, չի կարող գործել: Կան հաստատվող միջազգային պայմանագրեր»:
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար Արթուր Սաքունցն ասաց, որ այդ ժամանակ Խորհրդային Հայաստանի սահմանադրությունը արդեն չէր գործում, գոյություն ուներ Գերագույն խորհուրդ եւ պետք է վավերացներ, ինչը չի արել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ