Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանում քիչ առաջ ավարտվել է բանակային 3-րդ կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին ազատ արձակելու գործով դատական նիստը։ Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ դատավոր Արմեն Հովհաննիսյանը բողոքը բավարարել է մասնակիորեն։
«Դատարանն ընտրեց այլընտրանքային խափանման միջոցների համակցություն գրավ եւ վարչական հսկողություն։ Մեր դիտարկմամբ դրա հիմքերը չկային ընդհանրապես, որովհետեւ ամեն դեպքում ստեղծված իրավիճակում բացարձակ որեւէ խափանման միջող կիրառելու որեւէ հիմնավորում գոյություն չուներ։ ամեն դեպքում դատարանն այդ որոշումը կայացրեց։ Հիմա մենք պետք է այդ որոշման համատեքստում դիտարկենք մեր գործողությունները, որոնք այս պահին հստակ չեն։ Գրիգորի Խաչատուրովը այս պահին տեղափոխվեց ՔԿՀ»,-ասաց փաստաբանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ