Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Բեռնաթափման համար կարող եք Նիկոլ Փաշինյանին առաջարկել ոչ թե շարասյունով երթեւեկի, մարդկանց էլ գցի ավտոյի տակ, սպանի, այլ՝ հեծանիվով, ոնց որ վատ չի ստացվել»

Դեկտեմբեր 01,2023 19:55

«Դուք ասել եք, որ բեռնաթափելու եք Երեւանը, բայց չեք ասել, որ հարկը բարձրացնելու եք»,-այսօր Երեւանի քաղաքապետարանում ավտոկայանատեղիների վճարի թանկացման վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ հայտարարեց Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը։

Հիշեցնենք, Երեւանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երեւան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։

Էդգար Ղազարյանը Երեւանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենց նախընտրական ծրագրից է բխում այս նախագիծը՝ իշխանության գալուց առաջ ե՞րբ եք խոսք տվել, որ իշխանության գալուց անմիջապես հետո բարձրացնելու եք հարկը։

Ղազարյանը մի քանի հարց  ուղղեց փոխքաղաքապետն․ նա նախ նշեց, որ չի կարող դեկտեմբերին որոշում կայացվի հարկեր կամ տուրքեր բարձրացնելու մասին, եւ այն ուժի մեջ մտնի հունվարի 1-ից, քանի որ քաղաքացիները, տնտեսվարողները պետք է պատրաստվեն դրան, նրանք բիզնես են պլանավորում։ Ղազարյանը օրինակ բերեց տարբեր ապրանքների՝ բեռնատարներով առաքումներին, եւ այս որոշման ընդունումից հետո գործարարը, որը իր ապրանքը մի քանի մեքենայով առաքում է տարբեր խանութներ, ամեն մեքենայի համար պետք է տարեկան 160 հազար դրամ վճարի։

«Ասում եք՝ բեռնաթափումն է նպատակը, արդյոք քաղաքապետարանը այս որոշմանը զուգահեռ ունի տրանսպորտային նոր սխեմա, նոր տրանսպորտային երթուղիներ կամ նոր շարժակազմեր, որոնք միաժամանակ գործի են դրվելու՝ հաշվի առնելով, որ ուղեւորների քանակը կտրուկ ավելանալու է»,-հետաքրքրվեց Ղազարյանը։

Նա նաեւ այլ մայրաքաղաքների փորձը ներկայացրեց, հիշեց, որ Վարշավայում ապրել է, եւ այնտեղ քաղաքապետարանը հեծանիվներ էր շահագործում քաղաքացիների համար՝ 20-30 րոպե անվճար․ «Այս որոշմանը զուգահեռ Երեւանի քաղաքապետարանն ունի՞ սահմանված երթուղիներ հեծանվների կամ ինքնագլորների համար, որոնք այլընտրանք կլինեն»։

Եվրոպական քաղաքներում, Ղազարյանի ներկայացմամբ՝  քաղաքացիները հանգստյան օրերին եւ երեկոյան ժամերին չեն վճարում կայանատեղիի համար։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ի պատասխան այս հարցերի, ասաց՝ ՔՊ-ի նախընտրական ծրագրում քաղաքի բեռնաթափման մասին հիշատակումներ հաստատ կարելի է գտնել, բայց դա չի նշանակում, որ բոլոր գործիքակազմերը նշվել են ծրագրում։

Ինչ վերաբերում է առաքումներին, ապա Գրիգորյանն ասաց՝ մեծ բեռնատարներով առաքումները եւս խցանումների պատճառներ են․ «Բեռնատարների մուտքի արգելքը կոնկրետ ժամերին, նույնպես բեռնաթափման նպատակ է հետապնդում։ Եթե ինչ որ թեթեւ ավտոմեքենայով առաքում իրականացնելու մասին  է խոսքը, ապա 15 րոպե կայանելն  անվճար է։ Նախագծով նախատեսվում է, որ ժամը 24:00-09:00-ն անվճար է լինելու։ Շաբաթ-կիրակի օրերի մասով հետաքրքիր առաջարկ է, կարող ենք քննարկել»։

«Անդրադառնալով հանրային տրանսպորտից օգտվողների թվի ավելացմանը, ապա փոխքաղաքապետը դա չբացառեց, ու հավելեց․ «Չբացառենք, որ ով ավտոմեքենայով էր երթեւեկում, դառնալու է հասարակական տրանսպորտի ուղեւոր»։

Անդրադառնալով եվրոպական քաղաքների՝ Ղազարյանի բերած օրինակին, ապա փոխքաղաքպետն ասաց՝ այնտեղ ավելի խիստ կանոններ են։

Ղազարյանն արձագանքեց՝  դուք ասել եք, որ բեռնաթափելու եք բայց չեք ասել որ հարկը բարձրացնում եք, իսկ ով է ասում, որ դա միակ լուծումն է․ շրջանցող ճանապարհներ կարելի է կառուցել, որակյալ տրանսպորտային համակարգ ունենալ։ Երեւանը այնպիսի քաղաք է, որ կենտրոնական հատվածներում են առեւտրի կենտրոնները, զվարճանքի վայրերը, մարզասրահները, որոնցից ոչ մեկը իր հետ զուգահեռ ավտոկայանատեղի չունի։ Կարող է ձեր նպատակն ազնիվ է,  որոշումն է սխալ։ Հեծանվային երթուղիներ սահմանեք, ոչ մի լուծում չեք առաջարկում։ Բեռնաթափման ուղիները տարբեր են, օրինակ կարող եք վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկել ոչ թե շարասյունով երթեւեկի ու մարդկանց էլ գցի ավտոյի տակ, սպանի, այլ՝ հեծանիվով, ոնց որ մի քանի անգամ փորձել է, վատ չի ստացվել։ Դուք հաշվարկե՞լ եք Փաշինյանի շարասյունով երթեւեկելն ինչ խցանումներ է առաջացնում ու դրանք ավելի մեծ չե՞ն, քան կարմիր գծի վայրում կայանելը»։

«Շարասյունները լավ հիշում ենք, այդ թվում՝ ձեր սիրելի իշխանության ժամանակ»,-արձագանքեց փոխքաղաքապետը։

Գրիգորյանի ներկայացմամբ՝ այս նախագիծը միակ գործիքը չէ բեռնաթափման համար։

Հանրային քննարկման ժամանակ հարց հնչեց, թե ինչու հենց 160 հազար դրամ է սահմանվել, ինչին ի պատասխան  քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունն ասաց՝ դա այն գումարն է, որը կիրառված է մեր հարեւան երեկոներում, մասնավորապես Վրաստանում․ «Միջազգային  փորձի ուսումնասիրության արդյունք է։ Հաշվարկներով գտել ենք, որ դա այն գումարն է, որը կզսպի, որ տրանսպորտային միջոցները չգան կենտրոն։ Մեր խնդիրը փողոցների բեռնաթափումն է, որտեղ հասարակական տրանսպորտի խափանումները խցանումներով են պայմանավորված։ Եթե ավելի շարժակազմ էլ լինի, միեւնույն է, կանգառներում հոսքը մնալու է, ուղեւորները մնալու են, որովհետեւ հանրային տրանսպորտը խցանման մեջ է մնում»։

Փոխքաղաքապետն էլ նշեց, որ կայանման համար այսօրվա գործող վճարը՝ 12 հազար դրամը,  զսպող գին չէ, որպեսզի ավտոմեքենայով քաղաքացիները չգան կենտրոն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031