Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ իրավունք ունեն ԱՄՆ, ՌԴ դեսպաններին սպասարկող մեքենաները կրել կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկներ». Արսեն Թորոսյան

Դեկտեմբեր 01,2023 17:48

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Ներքին գործերի նախարարությունից (ՆԳՆ) պահանջում է արգելել պաշտոնյաների մեքենաների վրա ապօրինի ամրացված առկայծող փարոսիկները՝ այսպես կոչված «միգալկաները»: Ասում է՝ մեկ տարի է, դիմել է այդ պահանջով: Այս մասին նա պատմեց այսօր՝ «Ոստիկանության դերը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում» թեմայով հանրային քննարկման ընթացքում։

«Ես ու պարոն Գաբրիելյանն էլ կարող ենք դնել մեր մեքենաների վրա, էդ դնողները թող մեզանից ավելի լավ կամ ավելի բարձր պաշտոնյա չլինեն: Էդ «միգալկաները» կրողին առավելություն են տալիս մյուս մասնակիցների նկատմամբ: Իմ բազմաթիվ փորձերից հետո գոնե այդ ցանկը ընդլայնեցին մեր գործընկերները, որպեսզի այնպես անեն, որ այլեւս ապօրինի կրողները չլինեն, բայց ես իմ արձանագրումներով անձամբ տեսել եմ վերջերս»,-ասում է պատգամավորը:

Արսեն Թորոսյանը «սպառնում» է, եթե հարցը վերջապես չկարգավորվի, ինքն էլ է այդ փարոսիկներից դնելու իր մեքենայի վրա: Ասում է՝ դե թող փորձեն իրեն կանգնեցնել:

Պատգամավորը հայաստանյան պաշտոնյաների անուններ է հնչեցնում. «ՀՀ գլխավոր դատախազին սպասարկող եւ ուղեկցող ավտոմեքենա, իրավունք չունի առկայծող փարոսիկներով շրջել, բայց այդպես է շրջում, քննչական կոմիտեին սպասարկող եւ ուղեկցող ավտոմեքենա, իրավունք չունի, բայց այդպես է, ԲԴԽ նախագահին սպասարկող եւ ուղեկցող ավտոմեքենա, Կենտրոնական բանկի նախագահին սպասարկող մեքենա…»:

Թորոսյանը շարունակում է. « Այնքան է այս միտումը տարածվել, որ դիվանագիտական ներկայացուցչությունների մեքենաներն էլ են այդպես շրջում»:

«Թող ինձանից չնեղանան իմ շատ հարգելի դիվանագետները, բայց ի՞նչ իրավունք ունի ԱՄՆ դեսպանին սպասարկող մեքենան կրել կարմիր եւ կապույտ առկայծող փարոսիկներ: Կամ Ռուսաստանի դեսպանին սպասարկող մեքենան… Ինձ համար դեռեւս ոչ հայտնի 44 D 001 դիվանագիտական համարանիշով մեքենա էլ կա: Մեր դիվանագետներն ուրիշ երկրներում շատ օրինակելի վարքագիծ են դրսեւորում: Ես ակնկալում եմ, որ իրենք էլ մեր երկրում պետք է օրինակելի վարքագիծ դրսեւորեն: Ըստ Վիեննայի կոնվենցիայի ՝ պետք է հյուրընկալ երկրի բոլոր օրենքները պահպանվեն դիվանագետների կողմից»,-ասում է իշխանական պատգամավորը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031