Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գալուստի ձոր» հանգստյան գոտում տեղի ունեցած խմբակային խուլիգանության վարույթով նախաքննությունը՝ 8 անձի մասով, ավարտվել է

Դեկտեմբեր 01,2023 17:36

Ավարտվել է 2023թ․ հոկտեմբերի 20–ին Աշտարակ քաղաքի Քասախի կիրճում գտնվող «Գալուստի Ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածքում տեղի ունեցած խուլիգանության, ոստիկանության աշխատակիցների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 8 անձի վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 2023թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14-15-ի սահմաններում, Աշտարակի 64–ամյա բնակչի և նրա որդու կողմից, նախապես վարձակալված էքսկավատորով և ինքնաթափ բեռնատարով Քասախի կիրճում՝ իրենց ընտանիքին պատկանող «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտուն հարակից տարածքում հողաշինական աշխատանքների կապակցությամբ վիճաբանություն է տեղի ունեցել, որի կապակցությամբ և  հաջորդիվ սպասվող հավանական վեճի մասին ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նշված տարածք են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Աշտարակի բաժնի մի շարք ծառայողներ:

Աշտարակի 64–ամյա բնակչի և նրա որդու հետ ոստիկանների կողմից պարզաբանումներ կատարելու ընթացքում, բազմաթիվ անձինք իրենց անձի ենթադրյալ առավելություններն ու գերակայությունն ընդգծելու, հիշյալ հոր և որդու մոտ սարսափ առաջացնելու նպատակով, հեռախոսազանգերի և հանդիպումների միջոցով հավաքագրել են շուրջ 50 մտերիմներ ու կողմնակիցներ, որից հետո նրանցից մի մասի ձեռքերին քարերով, ջրով լցված շշերով, ոմանց մոտ դանակներով ու տարբեր տեսակի այլ առարկաներով, մեկնել են «Գալուստի ձոր» կոչվող հանգստյան գոտու տարածք։

Հիշյալ 50 անձինք, վնաս պատճառելու նպատակով տեղում տարբեր չափերի քարեր վերցնելով, հայհոյելով մոտեցել են 64–ամյա տղամարդուն և նրանց մոտ գտնվող ոստիկանության ծառայողներին։ Նրանք շշեր և քարեր են նետել հոր և որդու, ոստիկանների և շինարարական տեխնիկայի ուղղությամբ, ոտքով հարվածել են արգելափակոցին, վնասել են շինարարական տեխնիկայի ապակիները, հարվածելով ու քաշքշելով պոկել են արգելափակոցը, նրանցից մեկը, նստելով ոստիկանության ծառայողների ավտոմեքենան, առաջ ընթանալով՝ հարվածել է նրանցից մեկին։ Հիշյալ գործողությունների հետևանքով 64–ամյա տղամարդը և ոստիկանության որոշ ծառայողներ ստացել են մարմնական վնասվածքներ։

Այդ ընթացքում 64–ամյա տղամարդու որդին, տարածքում կայանված իր ավտոմեքենայից վերցրել ու լիցքավորել է իր անվամբ հաշվառված 7,62 մմ տրամաչափի «Սայգա» տեսակի որսորդական ակոսափող հրազենը և հանդարտեցնելու համար մեկ անգամ օդ է կրակել։ Տեսնելով, որ խուլիգանության մասնակիցները չեն դադարեցնում իր հորը ծեծի ենթարկելը և իրենց ուղղությամբ քարեր նետելը, նրանց կյանքի և առողջության համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել հորը ծեծի ենթարկողների ոտքերի ուղղությամբ, որի արդյունքում ոտքերի շրջանում հրազենային վնասվածքներ է ստացել 2 անձ։ Դրանից հետո խուլիգանության մասնակիցները դադարեցրել են իրենց գործողությունները և դիմել փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա խուլիգանության 8 մասնակիցների մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 4–ի նկատմամբ՝ տնային կալանքը։

Նշված 8 անձի վերաբերյալ մասն անջատվել է առանձին վարույթ, որով նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են հսկող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և վարույթի նյութերը դատարան ուղարկելու համար։

Խուլիգանության մյուս մասնակիցների, ինչպես նաև 64–ամյա տղամարդու որդու մասով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031