Այսօր Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում տեղի ունեցավ Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանի հրդեհի գործի անջատված մասով դատական նիստը:
Հիշեցնենք, 2023 թվականի հունվարի 19-ին, Ազատ գյուղում տեղակայված զիվորական կացարանում հրդեհ էր բռնկվել. 15 զինծառայող զոհվեց:
Գործով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր կայացած նիստի ժամանակ պարզվել է, որ գործի անջատված մասը, որն ուղարկվել է դատարան, քննող քննիչին վարույթից հեռացրել են՝ դատախազի որոշմամբ: Որոշման հիմքում դրված է՝ քննիչի կողմից գործի քննության ընթացքում առանձին ջանասիրություն չցուցաբերելու հանգամանքը:
«Բայց, ընդհանուր առմամբ, ասեմ, որ այս գործը՝ անջատված մասը, որն ուղարկվել է դատարան, շատ վատ քննված գործ է: Մենք՝ թե պաշտպանական կողմը, թե տուժող կողմը, բազմաթիվ անգամներ ասել ենք, բարձրաձայնում էինք, որ նորմալ քննության չի կատարվում եւ այդպես էլ թերի, մակերեսային, ոչ լիարժեք քննությամբ գործը դատարան էր ուղարկվել: Հետաքրքիրն այն է, որ դատախազները հիմա են գտնում, որ քննիչը ջանասիրություն չի դրսեւորել եւ վարույթից հեռացնում են»,- ասաց Հովսեփ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Այս գործով նիստերը մշտապես լարված են անցնում, այսօրվա նիստ էլ բացառություն չի եղել: Ըստ Հովսեփ Սարգսյանի, այսօր կրքերն էլ ավելի են բորբոքվել քննիչին վարույթից հեռացնելով պայմանավորված. «Տուժողներն արդարացիորեն բողոքում էին, ընդ որում, դա նաեւ պաշտպանական կողմին է վերաբերվում. երբ նախաքննության ավարտ հայտարարվեց, քննիչը մեզ 3 օր ժամկետ տրամադրեց՝ 22 հատոր գործի նյութերին ծանոթանալու համար: 22 հատորը, եթե ցանկանաս, երեք օրում ֆիզիկապես չես էլ կարող ուսումնասիրել, եթե հաշվենք, որ յուրաքանչյուր հատորը՝ միջինացված հաշվարկով 300 թերթ լինի, 6500-7000 թերթ նյութերի ուսումնասիրության մասին է խոսքը, ինչը հնարավոր չէ երեք օրում անել, եթե անգամ 24 ժամ աշխատես»,- մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ նախաքննության ավարտին տուժողները բողոքարկել էին քննիչի գործողությունները եւ միջնորդություն էին ներկայացրել դատախազին՝ ավելի երկար ժամանակ տրամադրելու համար, բայց դատախազը մերժել էր միջնորդությունն՝ ասելով, որ երեք օրը բավարար ժամկետ է:
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ տուժողի ներկայացուցիչները մի քանի օր առաջ տեղեկանալով քննիչի փոփոխության մասին, գնացել էին նոր քննիչի մոտ եւ հանդիպում էին խնդրել, բայց քննիչը պատասխանել էր, որ իրեն 25 օր ժամանակ է անհրաժեշտ՝ գործի նյութերին ծանոթանալու համար. «Խոսքը 22 հատորի մասին է, իր մոտ գործի անջատված մասն է: Հիմա, տուժողները վրդովվել էին, որ իրենց երեք օր էր տրամադրվում նույն աշխատանքի համար եւ դա արդարացիորեն խոսում էր այն մասին, որ դատախազները դատավարական իմաստով ոչ համաչափ գործողություններ են իրականացնում, որը ցույց է տալիս ընդգծված վերաբերմունքը՝ թե տուժողների ներկայացուցիչների, թե պաշտպանական կողմի նկատմամբ»:
Այսօրվա նիստում ևս գործի նյութերն են հետազոտվել, որոշվել է ապացույցների հետազոտման կարգը փոփոխել. նախ կհարցաքննվեն տուժողները՝ այն զինվորները, որոնք փրկվել են հրդեհից, ապա մահացած զինվորների՝ տուժողի ներկայացուցիչ ճանաչված հարազատները, որից հետո կշարունակվեն գործի նյութերի հետազոտումը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ