Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ ժողովրդի մեջ, ոչ պետության մակարդակով մենք չունենք որեւէ որոշում, որտեղ ասվում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս». Լարիսա Ալավերդյան

Դեկտեմբեր 01,2023 17:11

«Ազգային ազատագրական պայքարը չի վերջացել, մենք մտնել ենք նոր փուլ»,- այսօր Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ Ազգային ժողովի մոտ հրավիրած հավաքում ասաց Մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նա անդրադարձավ հարցին, որ այսօր էլ Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշումը նույնչափ արդիական է, ինչպես եղել է 1989 թվականին։ «Արդեն 1989 թվականի մայիսին ՀՀՇ գործիչները հայտարարել էին ակտիվին, որ մենք չենք շարունակելու «Միացում» շարժումը, այլ պետք է լինի անջատում, եւ առանձին ինքնորոշման իրավունքի իրացմամբ կամ պահպանմամբ պետք է շարունակել պայքարը։ Ավելին, արդեն 1989 թվականի ամռանը հայտարարվել է ՀՀՇ կայացումը։ Այդ բոլոր մտքերի մասին ժողովուրդը ոչ միայն անտեղյակ էր, այլ չէր էլ ուզում լսել, եւ Շարժումը շարունակվում էր «Միացում» կարգախոսի ներքո։ Այսօր մենք ունենք ամեն ինչից անտեղյակ, միջազգային իրավունքը ոտնահարող, ոչ պակաս ոտնահարող, քան Ադրբեջանն է ոտնահարում, իշխանություններ։ Արդյոք մենք պե՞տք է ղեկավարվենք այդ անտեղյակ խմբի տեսակետներով»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ըստ նրա՝ այս իշխանությունները խոսում են այն մասին, որ խաղաղություն պետք է լինի։ Բայց խաղաղությունը չի կարող հիմնված լինել ոչ ճշմարիտ գաղափարների վրա։ Միայն ճշմարտությունն է իրական խաղաղության հիմքը։ «Այն անձինք, ովքեր ասում են, որ մեզ համար փակված է Արցախի հարցը, իրենք ճիշտ են ասում, իրենց համար փակված է։ Նրանք ուղղակի խեղաթյուրում են մի շատ կարեւոր բան՝ իրենք իրենց համարում են համարժեք, նույնացնում են թե պետության, թե ժողովրդի հետ։ Ոչ ժողովրդի մեջ, ոչ պետության մակարդակով մենք չունենք որեւէ որոշում, ոչ Ազգային ժողովի մակարդակով, ոչ կառավարության մակարդակով չկա այդպիսի որոշում, որտեղ ասվում է, որ Հայաստանը ճանաչում է Արցախը Ադրբեջանի մաս։ Այս հայտարարությունները կրում են զուտ անձնական բնույթ,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը հավելեց, որ Արցախը Ադրբեջանի մաս չէր, չէ եւ չպիտի լինի։ Այն ամենը, ինչ տեղի է ունենում, պարզ ագրեսիայի հետեւանքով ուղղակի նվաճումներ են։ «Եվ ահա այդ օկուպացված տարածքները, խոսքը ոչ միայն ԼՂԻՄ-ի մասին է, այլ նաեւ նրա շուրջը այն տարածքների մասին, որոնց մի մասը հասցրել ենք այն ժամանակ ազատագրել, դրանք միջազգային իրավունքի առումով չեն պատկանում Ադրբեջանին։ Եվ այս առումով մեր պայքարն առջեւում է։ Ես պետք է հստակեցնեմ, որ անգրագիտությունը, որը տիրում է հասարակության մեջ, մեծապես նպաստում է, որ Հայաստանը դառնա մանիպուլյատիվ տեխնոլոգիաների կիրառման լաբորատորիա»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031