ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին Երևանում մեկնարկել է «Գիտության և գործարարության օրեր-2023» երկօրյա համաժողովը: Այս տարի համաժողովի պատվավոր հյուրն է աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Նիկոլաս Թալեբը։
Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, առցանց ուղերձով համաժողովի մասնակիցներին ողջունել է Նոբելյան մրցանակիր, պրոֆեսոր, «Գիտության և գործարարության օրեր-2022»-ի պատվավոր հյուր Արդեմ Փաթափությանը։
Կարդացեք նաև
«Մեր այս նախաձեռնության նպատակն է մեկ հարկի տակ համախմբել ձեռներեցներին և գործարարներին, գիտնականներին և հետազոտողներին, ինչպես նաև պետական պաշտոնյաներին, որպեսզի միասին մտքերի բախման շնորհիվ ավելի լավ հասկանանք, թե ինչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել, որպեսզի ունենանք գիտելիքահեն, ունիկալ ապրանքներ արտադրող ընկերություններ, որոնց արտադրանքը կարտահանվի ամբողջ աշխարհով», – նշել է Վահան Քերոբյանը։
Երկօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են տարբեր հաջողություններ գրանցած հայ և օտարերկրյա հայտնի գիտնականների և գործարարների ելույթներ, պանելային քննարկումներ՝ նվիրված գիտական մտքի ու գործարար միջավայրի առկա կարողությունների հզորացման ու գիտության և բիզնեսի միավորման հնարավորություններին։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն