Լրահոս
Օրվա լրահոսը

Փոխքաղաքապետը՝ ավտոկայանատեղիների վճարի թանկացման նախագծի մասին․ «Խցանումները վնասում են հասարակական տրանսպորտի աշխատանքը, դա է պատճառը, որ ուզում ենք բեռնաթափման հարցը լուծել»։

Դեկտեմբեր 01,2023 16:50

«Մեր նպատակը բյուջեի հավաքագրումները բարձրացնելը չէ, մեր նպատակը փոքր կենտրոնի որոշ հատվածների բեռնաթափումն է եւ եթե մենք այս փոփոխության արդյունքում ունենանք ավելի քիչ մուտքեր համայնքային բյուջե, բայց ավելի բեռնաթափված կենտրոն, կհամարենք, որ մեր նպատակին հասել ենք»,-այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանում հրավիրված ավտոկայանատեղիների վճարների թանկացման վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը (լուսանկարում)։

Երեւանի ավագանու քննարկմանն է ներկայացվել «Երեւան համայնքում տեղական վճարների 2024 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագիծը, որով առաջարկվում է 2024 թվականի հունվարի 1-ից մայրաքաղաքի կենտրոնում ավտոկայանատեղիում կայանելու համար վճարը սահմանել տարեկան 160 հազար դրամ, իսկ կենտրոնից դուրս՝ 24 հազար դրամ։

Սուրեն Գրիգորյանը հանրային քննարկման ժամանակ ասաց՝ մայրաքաղաքում օր-օրի ավելանում են խցանումները, հասարակական տրանսպորտի աշխատանքից դժգոհություն կա, թեեւ դրա հիմնական պատճառը խցանումը չէ։

Նրա ներկայացմամբ՝ տրանսպորտի վատ աշխատանքի դժգոհության հետքերով գնացել է, ուսումնասիրել ու պարզել, որ տվյալ համարի ավտոբուսների՝ երթուղի դուրս գալու խնդիր չի եղել, շարժակազմի խնդիր չի եղել․ «Ավտոբուսը խցանումների պատճառով ճիշտ ինտերվալում չի հասցրել հասնել կանգառ։ Մենք նախատեսում ենք առանձնացված ավտոբուսային գծեր։ Բայց խցանումները հասարակական տրանսպորտի աշխատանքին հասցվող վնասներից ամենաակնառուն են, դա է պատճառը, որ ուզում ենք բեռնաթափման հարցը լուծենք»։

Երեւանի ավագանու«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն էլ նկատեց՝ եթե խնդիրը չունի համալիր լուծում, միայն մի բաղադրիչով խնդիրը չի լուծվելու․ «Բազմիցս չարչրկված միասնական տոմսային համակարգը չկա, մետրոյի ընդլայնումը չկա, շարժակազմերի ավելացում չկա, նոր խմբաքանակը ամռանը կհավելվի։ Եթե անգամ փողոցը ողողենք ավտոբուսներով, մեր փողոցների թողունակությունը թույլ չի տալիս, որ այդքան շատ տրանսպորտ շարժվի մեր փողոցներում, եւ եթե գումարում ենք այդքան շինթույլտվությունները, շենքեր, շենքեր, շենքեր․․․ այս նախագիծը սոցիալական շերտավորում է առաջացնելու։ Վճարունակների համար խնդիր չի լինելու մտնել կենտրոն։ Իսկ օրինակ՝ Ավանից կամ Նորքի զանգվածից, ասենք, Հերացիում կամ կենդանաբանական այգու մոտ կանգնեցնի մեքենան ու ի՞նչ նստի։ Էլ չեմ խոսում վերգետնյա ու ստորգետնյա կայանատեղիների մասին։ Մարդը կենտրոնում է աշխատում, եկեք սահմանափակենք, տեսնենք՝ ինչ է լինելու արդյունքում»։

Արձագանքելով Սուքիասյանին, փոխքաղաքապետն ասաց՝ սոցիալական շերտավորման մասին նշեցիք, դուք այդտեղ եք տեսնում խնդիրը, ես էլ տեսնում եմ, որ մարդիկ չունեն անձնական մեքենա եւ չեն կարողանում իջնել կենտրոն խցանումների պատճառով։

Ինչ վերաբերում է միասնական տոմսային համակարգին, ապա Գրիգորյանն ասաց՝ այսօր արդեն ավտոբուսների 90%-ում, մետրոպոլիտենում, որտեղ որոշակի տեխնիկական խնդիրներ դեռ կան, արդեն հնարավոր է մեկ էլեկտրոնային տոմսով ավտոբուս ու մետրո նստել։

«Բայց տոմսային համակարգն ինչպե՞ս է ազդելու տրանսպորտի արագագործության վրա»,-Սուքիասյանին հարցրեց փոխքաղաքապետը։

Ավագանու անդամը պարզաբանեց՝ միասնական տոմսային համակարգը նշանակում է տրոլեյբուսի, ավտոբուսի եւ մետրոյի այնպիսի փոխկապակցվածություն, որը հնարավորություն կտա մայրաքաղաքի մի ծայրամասից մյուսը հասնել մեկ կամ երկու տրանսպորտ փոխելով։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031