Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր բարձրագույն նպատակ են հայտարարել Հայաստանի անկախության պահպանումը, այ փոքրիկ, դու ո՞վ ես, որ Հայաստանի անկախության մասին խոսես». Պարույր Հայրիկյան

Դեկտեմբեր 01,2023 16:34

«Դեկտեմբերի 1-ը սովետական բռնապետության ու դիկտատուրայի տարիներին շատ լուրջ ժողովրդավարական քայլ էր։ Այսինքն՝ Սովետական միության տարածքում առաջին անգամ որեւէ հանրապետություն եւ որեւէ վարչական միավոր համարձակվեց ինքնուրույն որոշում ընդունել, որի հետ Մոսկվան համաձայն չէր»,- այս մասին «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնությամբ Ազգային ժողովի մոտ հրավիրած հավաքում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշմանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի այսօրվա իշխանությունները կարծես թե պատմություն ունեցող ժողովրդի ներկայացուցիչ չեն։ «Այսօր ոչ թե պետք է այստեղ միջոցառում կազմակերպվեր, այլ ՀՀ առաջին դեմքերը պիտի հրավիրեին օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչներին եւ ասեին՝ դուք մեր քաղաքակրթության բարձրագույն արժեքը ժողովրդավարությունն եք համարում։ Տեսեք՝ Սովետական միության տարիներին ինչ գեղեցիկ ժողովրդավարական քայլ է արվել։ Եվ ի հակադրություն այդ ժողովրդավարական քայլի կատարված որեւէ գործողություն ցեղասպանություն է։ Այն ժամանակ դա ինքնորոշման գործողություն էր, ներկայացուցչական մարմնի միջոցով Արցախն ու Հայաստանը միասին ինքնորոշվեցին, որ դառնում են մեկ պետություն։ Դրա հակադրվող բոլորը՝ Արեւմուտքից կլինեն, թե Արեւելքից, նրանք բոլորը ցեղասպանություն իրականացնողներ են։ Եթե ոչ անմիջական, ապա հետագայում ցեղասպանություն նախատեսող»,- ասաց նա։

Հայրիկյանը հայտարարեց, որ այն, ինչ կատարվեց Արցախի հետ, այսօր չգիտես ինչու կոչում են «էթնիկական զտում»։ Բայց բազմաթիվ մասնագետներ ասում են՝ միջազգային իրավունքում «էթնիկական զտում» եզրույթ չկա, կա «ցեղասպանություն»։ Ազգային պատկանելության հիման վրա տեղի ունեցող նույնիսկ էթնիկ զտումը դա ցեղասպանություն է։ «Մենք չպետք է տրվենք իրավիճակի թելադրանքներին, մենք չպետք է ճիշտ համարենք վախվորածությամբ ընդունվող որոշումներն ու դիրքորոշումները։ Այսօր բարձրագույն նպատակ են հայտարարել Հայաստանի անկախության պահպանումը։ Այ փոքրիկ, դու ո՞վ ես, որ Հայաստանի անկախության մասին ընդհանրապես խոսես։ Անկախության համար պայքարողները հասցրել են քեզ այս հանգրվանին, որ Հայաստանը դառնա միջազգային իրավունքի ենթակա։ Դու միջազգային իրավունքի ենթակա պետությունը դարձրիր խամաճիկ, բռնապետ Ալիեւի կամակատար։ Երբեւէ դուք լսե՞լ եք, որ նա որեւէ ամբիոնից ասի՝ դուք առաջարկում եք, որ ես բռնապետի հետ խաղաղության պայմանագիր կնքե՞մ, ընդհանրապես հանդիպե՞մ։ Բա ինչո՞ւ Հիտլերի հետ չէիք հանդիպում։ Մակարդակ չկա, մեր խնդիրը կամ այս անմակարդակներին դաստիարակելն է, կամ էլ պիտի բոլորով համատեղ աշխատենք նրանց հեռացման համար»,- ասաց նա։

Ըստ Հայրիկյանի՝ բոլոր ուժերը խոսում են անմիջական իշխանափոխության մասին՝ ենթադրելով, որ դրանից հետո իրենք պետք է գան իշխանության։ Մինչդեռ կա մի ճանապարհ՝ ժողովրդին պետք է դարձնել իշխանության տերը, ժողովուրդն ում կընտրի, նա էլ կդառնա իշխանություն։

«Ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, որ 1988 թվականի փետրվարի 20-ի արցախյան հատվածի ինքնորոշման որոշումից հետո մեկ ու կես տարի հետո նաեւ մակարդակ դրսեւորեցին եւ եւս մեկ անգամ հայ ժողովրդի ինքնորոշման գործողություն իրականացրեցին։ Եվ ի վերջո ինքնորոշման լուսապսակը դարձավ սեպտեմբերի 21-ը, որը տարբեր տեսակի անմակարդակների ու գործակալների պատճառով թույլ չտվեց, որ մենք միջազգային իրավունքի ընձեռած հնարավորություններն օգտագործենք»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031