«Ես ընդհանրապես սովոր չեմ բռնության կոչ անել, ես այդ բնավորությունը չունեմ: Ցավոք սրտի, ՀՀ իշխանությունները որդեգրել են անընդունելի եւ անընկալելի վարքագիծ: Ես հաղորդումներ ունեմ ամեն օր, օրական երկու ժամից ավելի վարում եմ, չի բացառվում այդ հաղորդումից մի դրվագ կոնտեքստից կտրված բերում են ու մեղադրանք առաջադրում: Սա կարող է ունենալ նաեւ քաղաքական նպատակ՝ հաշվի առնելով, որ հիմա գործը տեղափոխվել է այլ դատարան, այլ դատավորի մոտ, գուցե նախապատրաստում են էլի ինչ-որ մի բան, որ ասեն՝ տեսեք, երբ իր խափանման միջոցը սա էր, ինքը նորից հանցանք է կատարել, որը բացառվում է: Չեխովի հայտնի խոսքն է՝ տվեք ինձ ցանկացած նախադասություն, եւ ես կապացուցեմ, որ Նապոլեոնը 1812 թվականին պետք է հարձակվեր Ռուսական կայսրության վրա: Հիմա կոնտեքստից կտրեք ցանկացած նախադասություն, տվեք ինձ, ես կապացուցեմ՝ ով է սպանել Քենեդուն եւ այլն, հասնում ենք այդ մակարդակին, որն անընկալելի է»,- այսօր Քննչական կոմիտեում հարցաքննությունից առաջ ասաց լրագրողներին ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:
Նրա խոսքով՝ ոչ մի իրավիճակ իրեն չի ստիպելու փոխել իր վերաբերմունքն այս իշխանությունների նկատմամբ. «Ասել եմ, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ լավագույն ընկերները՝ Բակո Սահակյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Բաբայանը, Արկադի Ղուկասյանը, մյուսները նստած են թուրքական բանտերում, Հայաստանում բանտերը դրա հետ համեմատած դրախտ են, եւս մի քանի ամիս դրախտում լինելը, չեմ կարծում որեւէ մեկին վնաս կտա, ուղղակի ինչ իմաստ ունի այս գործելաոճը»:
Հիշեցնենք, որ Իսագուլյանն այսօր հրավիրվել է հարցաքննության բռնության կոչերի համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ