Լրահոս
Օրվա լրահոսը

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը կմիավորի ՀՀ և արտերկրի գիտնականներին՝ հակազդելու հակահայկական քարոզչությանը

Դեկտեմբեր 01,2023 14:35

Սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի ստեղծմանը։

Հիմնադրամի ստեղծման նպատակը, հիմնախնդիրները և նախատեսվող գործունեությունը ներկայացրին ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը և «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահ, «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Սաղյանը նշեց, որ հիմնադրամի ստեղծման հարցը ծագեց, երբ Ադրբեջանը պաշտոնական մակարդակով հայտարարեց այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» նախաձեռնության մասին՝ պատվիրելով իր ակադեմիական համակարգի երեք ինստիտուտներին գիտական նախադրյալներ ստեղծել՝ իբր Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է։
«Որոշվեց ստեղծել հատուկ կառույց, որը պետք է գիտականորեն հիմնավորված արձագանքի հակահայկական քարոզչությանը, մեր պետության տարածքային պատկանելիության, պատմության, մշակույթի վերաբերյալ հայտարարություններին», – ասաց Աշոտ Սաղյանը։

ՀՀ ԳԱԱ նախագահը նշեց, որ հակահայկական քարոզչությանը հակազդելու աշխատանքներ ՀՀ ԳԱԱ համակարգի ինստիտուտներում մշտապես կատարվել են, և այսօր պետք է ակտիվացնել այդ գործունեությունը՝ հիմքում ունենալով գիտական փաստեր և վերլուծություններ։

«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը թվեց հիմնադրամի նպատակները։ «Հիմնական նպատակն է ստեղծել և զարգացնել նոր գիտահետազոտական հարթակ, բարձրացնել Հայաստանի գիտական կազմակերպություններում իրականացվող հետազոտությունների արդյունավետությունը, խթանել գիտավերլուծական աշխատանքները գիտական կազմակերպություններում և ԲՈՒՀ-երում, միավորող հարթակ հանդիսանալ հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում գիտահետազոտական և գիտավերլուծական աշխատանքներ իրականացնող մասնագետների համար», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Հիմնադրամի նպատակներից են՝

  • իրականացնել հայագիտության և հասարակական գիտությունների ոլորտում հասարակության և պետության համար անկախ ու վստահելի փորձագիտական հետազոտություններ և հանրահռչակել դրանց արդյունքները
  • նպաստել Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող հայագիտության ոլորտում հետազոտությունների առաջանցիկ զարգացմանը
  • բարձրացնել հայագիտական և հասարակագիտական հետազոտությունների արդյունքների թվայնացման և հանրայնացման մակարդակը
  • իրականացնել պետական կառավարման մարմինների գործունեության համար անհրաժեշտ գիտավերլուծական փորձաքննություն
  • իրականացնել պատմական, քաղաքական, տնտեսական, բնապահպանական և այլ թեմաներով հետազոտություններ և ուսումնասիրություններ
  • իրականացնել միջազգային երկկողմ և տարածաշրջանային հետազոտական ծրագրեր
  • հրապարակել առանձին կամ արտերկրի գիտնականների հետ համահեղինակությամբ գիտական հոդվածներ և վերլուծություններ «WoS» և «SCOPUS» գիտաչափական շտեմարաններում ընդգրկված ժողովածուներում
  • կազմակերպել միջգիտակարգային պարբերական գիտաժողովներ
  • կազմակերպել գիտահանրամատչելի հեռուստառադիոհաղորդումներ, հրապարակել ԶԼՄ-ներում հայագիտությունը և հասարակագիտությունը լուսաբանող հոդվածներ
  • զարգացնել հայագիտության և հասարակագիտության բնագավառում միջազգային համագործակցությունը, այդ թվում՝ հայկական Սփյուռքի ներուժի ներգրավմամբ։

«Մենք ունենք գիտական մեծ ներուժ արտերկրում։ Կան հայագիտական կենտրոններ, կան շատ գիտնականներ, վերլուծաբաններ, բայց միասնական գիտավերլուծական հարթակ, որը կարող է միավորել այդ գիտնականներին, չունենք։ Մեր հարևաններն ինտենսիվ քաղաքականություն են  վարում՝ յուրացնելու համար տեղաբնիկ ժողովուրդների պատմությունը և մշակույթը։ Մեր գիտնականները ծավալուն աշխատանք են տանում այդ ամենին հակազդելու համար, բայց կարիք կա մեկտեղելու այդ աշխատանքները և միասնական ուժերով հակազդելու, ներկայացնելու մեր մշակույթը, մեր պատմությունը գիտական օբյեկտիվ վերլուծությունների, գիտական փաստերի հիման վրա», – ասաց Ռոբերտ Ղազարյանը։

Նա նշեց, որ հիմնադրամն ունի հնարավորություն գիտական պատվերներ տալու հայաստանյան և արտերկրի գիտնականներին՝ մեր պետության համար անհրաժեշտ թեմաների վերաբերյալ։

Հիմնադրամի գործունեությունն իրականացվելու է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների, ԲՈՒՀ-երի, գիտավերլուծական կենտրոնների, պետական շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների ջանքերի զուգակցմամբ։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031