Փաշինյանի կաբինետի հրաժարականը անհրաժեշտություն է «Ազգ»-ի զրուցակիցն է «Զանգ» շարժման անդամ Միքայել Նահապետյանը:
– Պրն Նահապետյան, «Զանգ» շարժումը սկսել է գրավել հասարակության ուշադրությունը, մարդիկ փորձում են հասկանալ՝ ի՞նչ է այն եւ ինչի՞ համար եք փողոց դուրս գալիս:
– «Զանգ»-ը քաղաքացիական նախաձեռնություն է, որի նախաձեռնող խմբի անդամները տեսնում են՝ Հայաստանը կոնկրետ մարտահրավերներ ունի, այն է՝ Բաքվի՝ «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը, ինչն իրավական ու քաղաքական հունով եւ բավական արագ տեմպերով գալիս է մեզ վրա: Մյուս կողմից՝ ունենք այնպիսի կառավարություն, որ ասում է, թե, իբրեւ, Բաքվի այդ ծրագիրը «հայելային նարատիվ է», իսկ Ադրբեջանի ախորժակի մասին հարց տվողներին ընդդիմանում է, թե «դուք ադրբեջանական թեզեր եք տարածում»: Այս տեսակի ու լրջության այս աստիճանի կառավարությունով, այս մակարդակի կազմակերպվածությամբ՝ չենք կարողանալու դիմակայել, եւ ադրբեջանցիները Հայաստանի վրա գոյություն չունեցող իրավունքներ են հաստատելու: Այն, որ առանց կառավարական կաբինետի փոփոխության հնարավոր չէ դիմակայել այդ մարտահրավերներին, միանշանակ է, բայց Փաշինյանի կառավարությունը փոքր խնդիրն է միայն, որովհետեւ մեր ժողովուրդը ցույց չի տվել, որ ինքն ունի այլ որոշում: Հիմա մենք՝ որպես քաղաքացիներ, ասում ենք, որ ի տարբերություն կառավարության՝ ունենք այլ որոշում եւ ուզում ենք «ոչ» ասելու ընդունակ եւ իր քաղաքացիներին տեր կանգնող պետություն ստեղծել եւ մեզ դրա՛ համար է պետք այլ կառավարություն: Եթե ՀՀ քաղաքացիներն այս նպատակը համարեն նաեւ իրենցն ու գործուն ջանքեր ներդնեն այս օրակարգը ժողովրդի պահանջ դարձնելու գործի մեջ, ապա հնարավորություն կստանանք փոխելու թե՛ կառավարությունը, թե՛ Հայաստանի քաղաքականությունը:
– Ձեզ քննադատողներն ասում են՝ «Նիկոլ Փաշինյանի կաբինետում է աշխատել, հետեւաբար՝ նրա պրոյեկտն է»:
Կարդացեք նաև
– Ես կրոնական քարոզիչ չեմ, եւ ինձ հավատալ պետք չէ: Առաջարկում եմ գործ, գործի սխեմա, որը, եթե մարդ կա, որ կարող է առանց ինձ կամ ինձնից լավ անել, ապա պատրաստ եմ լինել նրա զինվորը: Հետեւաբար հարցը, թե ես «Փաշինյանի պրոյեկտն եմ», այս գործին չառնչվող, նվազ նշանակության թեմա է:
2018-ի սոցիոլոգիական հարցումների համաձայն՝ ՀՀ բնակչության 95 տոկոսը պատասխանել է, որ մասնակցել է 2018-ի քաղաքական վերադասավորումներին եւ աջակցել է դրան: Համանման պատկերի մասին են վկայում նաեւ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրության արդյունքները: Հետեւաբար՝ մարդիկ, որ իսկապես ուզում են փոփոխություն, բայց ակնկալում են, որ այդ փոփոխությունը չպե՛տք է անեն Փաշինյանի ազնիվ մղումներին հավատացածները, ինչպե՞ս են դա պատկերացնում, ո՞ւմ միջոցով են փոփոխություններ անելու: Գուցե նրա՞նց, որ 2018-ին դեռ ծնված չե՞ն եղել, թե՞ ակնկալում են, որ մնացած 5 տոկոսով հնարավոր է արդյունքի հասնել: Ինձ համար էլ հեշտ չի եղել մարդկանց հետ բաժանարար գծեր դնել, բայց երբ մարդկային հարաբերություններն ու պետության գլխին կախված վտանգները նժարին եմ դրել, հասկացել եմ՝ ավելի լավ է ամենաչսիրածս խմբի քաղաքական անդամն իմ հարեւանությամբ տուն առնի ու 11 երեխա ունենա, քան, օրինակ, Ադրբեջանի հատուկ ծառայության թոշակառու մի գնդապետ, որի 11 երեխաներն այնպես են անելու, որ ես իմ տանը չապրեմ: Հետեւաբար, ընդհանուր սպառնալիքի գիտակցումն ինձ ստիպել է իմ չսիրած մարդկանց ձեռքն էլ սեղմել:
Զրուցեց ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: