Ադրբեջանն ու Թուրքիան ամենագունավոր երազում անգամ չէին պատկերացնի, որ մի օր Հայաստանի նման այսքան բարեկամ «թշնամի» կունենան:
Մի կողմից ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է հայ լրագրողների վրա բարկանում, թե՝ 8-րդ անգամ եմ ասում՝ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղն էլ մեջը: Մյուս կողմից ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է իրեն բնորոշ, աչքերը հայ լրագրողների վրա կլորացնելով՝ ասում. «Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են` ի՞նչ անեն»:
7 րոպե անց Վահագն Խաչատուրյանը հանում է «տուզը», թե՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին:
Ադրբեջանական լրատվամիջոցները ոգեւորված, ցնծության մեջ ցնցում են համացանցը: Չեն հասցնում հայ պաշտոնյաների՝ մեկը մյուսից «շոկոլադ» հայտարարություններն ու դիրքորոշումները հրապարակել:
Կարդացեք նաև
Աղդամն իր հայրնիքը համարող ու այնտեղից նռերը ձեռքին՝ լայնաժպիտ նկարներ հրապարակող Ալեն Սիմոնյանը համարյա բղավում է հայ լրագրողների վրա, թե Հայաստանի համար Լեռնային Ղարաբաղի հարց գոյություն չունի: Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղն էլ մեջը, թե հայերն ու ադրբեջանցիներն ապրելու են կողք կողքի, իրար հետ առեւտուր են անելու:
Նրա՝ հատկապես այս հայտարարություններն ադրբեջանական լրատվամիջոցները մի ամբողջ օր պահեցին լրահոսի կիզակետում, դարձրին ամենաընթերցվածը, «լայք» ու «սրտիկ» հավաքածը:
Ադրբեջանական լրատվամիջոցներն առանց ջանք գործադրելու, ասես հատուկ կերպով ցուցադրում են, ապացուցում, թե՝ հայեր, տեսեք՝ որքան ադրբեջանամետ են ձեր իշխանությունների քաղաքականությունը, դիրքորոշումը, վարքագիծը, պահվածքը, հայտարարությունները: Վերեւ թռնեք, ներքեւ իջնեք՝ սա է իրականությունը: Ընդունեք, որ ձեր իշխանությունները մե՛ր շահերն են պաշտպանում, մե՛զ են ենթարկվում, մեզնից են խաղաղություն մուրում՝ զիջումների, զոհերի, նվաստացումների գնով: Նրանք մեզնից մեկն են ու համաձայն են դրան, ծառայում են մեզ, պարզապես նրանց նստավայրը ոչ թե Բաքուն է, այլ Երեւանը: Առայժմ… Երեւանը:
Նաիր ՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում: