Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱՄՆ-ում մեկուկես միլիոն հայեր են բնակվում, նաեւ նրանց ներդրումների շնորհիվ է իմ երկիրը հարուստ». Ռաֆիկ Մանսուր

Դեկտեմբեր 01,2023 10:49

Հայաստանի Ամերիկյան եւ Վաշինգթոնի նահանգային համալսարանները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ սկսում են փոխգործակցություն՝ Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու եւ լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու ուղղությամբ: Այս առիթով Հայաստանում է ԱՄՆ պետքարտուղարության կրթական և մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրը։ Պարոն Մանսուրը պատասխանել է Aravot.am-ի հարցերին:

– Հրաշալի է, որ ստեղծվում է Լրագրողական գերազանցության կենտրոն, եւ ներդրվում է լրագրողական կրթության մագիստրոսական ծրագիր: Ըստ Ձեզ, ինչո՞վ է կարեւորվում այս ծրագիրը, եւ ինչ սպասելիքներ ունեք վերջնարդյունքներից:

– Նախ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ, մի երկիր, որ անչափ սրտամոտ է ինձ: Նախկինում այստեղ 3 տարի աշխատելու հնարավորություն եմ ունեցել (փոխդեսպանի կարգավիճակով-Գ.Հ.), այժմ էլ վերադարձել եմ Հայաստան լավ առիթով: Սա նախաձեռնություն է, որ կյանքի է կոչվում ԱՄՆ պետքարտուղարության, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի եւ Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջեւ փոխգործակցության արդյունքում: Ինչ վերաբերվում է այս ծրագրի կարեւորությանը, ապա նշեմ, որ այն փոխըմբռնման հուշագիրը, որ ստորագրվեց 2 բուհերի միջեւ, ինչպես ՀՀ ԿԳՄՍ նախարարը, Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահը եւ մյուս խոսնակները նշեցին, լրագրողական գործունեությունը շատ կարեւոր հենասյուն է ժողովրդավարական հասարակության համար: Հայաստանն էլ կայացրել է այդ ճանապարհով առաջ շարժվելու որոշում: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն ունենք նպաստել Հայաստանի ձգտումներին: Ժողովրդավարական նախաձեռնությունների շրջանակում լրագրողական գործունեությունը, մագիստրոսական ծրագիրը թույլ կտան ամերիկյան լրագրողական կրթության լավագույն փորձը, չափանիշները մատուցել Հայաստանի լրագրողների նոր սերնդին:

Այս նախաձեռնությամբ ստեղծվում է գերազանցության մի կենտրոն, որը նպատակ ունի ընդգծել, մեծացնել լրագրության դերը հասարակության կյանքում եւ լրագրության համար ապահովել ազատ կերպով որդեգրելու եւ առաջնորդվելու այն սկզբունքներով, որոնք թույլ կտան առաջ մղել ժողովրդավարական զարգացումները, ձեւավորել դիմակայություն հասարակության շրջանում՝ ապատեղեկատվության հանդեպ:

– Ըստ ձեզ, որո՞նք են լավագույն լրագրության բնութագրիչները, եւ ամերիկյան լրագրության ի՞նչ չափանիշներ կուզենայիք տեսնել այստեղ:

-Բարոյական խիզախություն, ազատ մտածողություն, ինտելեկտուալ ազնվություն: Սրանք են այն բնութագրիչները, որ լավ լրագրողը պետք է ունենա իմ կարծիքով՝ անկախ նրանից, թե աշխարհի որ մասում է գտնվում: Մենք ԱՄՆ-ում գիտելիքի նկատմամբ մենաշնորհ չունենք: Մեր բարեկամների, դաշնակիցների հետ պատրաստ ենք կիսել այն դասերը, որ ինքներս ենք քաղել: Այս ծրագրի շրջանակում փորձում ենք ամերիկյան լավագույն փորձը հրամցնել մագիստրոսական կրթության միջոցով:

-Ովքե՞ր են դասավանդելու, ինչպե՞ս են մշակվելու ծրագրերը, հայաստանյան առաջատար լրատվամիջոցները դերակատարություն կունենա՞ն ծրագրերի մշակման մեջ:

– Այս հարցերի շուրջ հանգամանալից տեղեկությունների համար հարկ է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի գործընկերների հետ զրուցել, սակայն ես նշեմ, որ սա համագործակցություն է՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի եւ Վաշինգթոնի նահանգային համալսարանի միջեւ, եւ ինչպես իր խոսքում նշեց Վաշինգթոնի համալսարանի պրոֆեսորը, այս գաղափարի իրականացման համար ոգեշնչվել են Պակիստանում իրականացվող մի ծրագրից, որի իրականացման համար էլ ոգեշնչման աղբյուր է հանդիսացել Կահիրեում իրականացված մեկ այլ ծրագիր: Նպատակը ուղղակի վերցնել ու փոխանցելը չէ, այն ինչը ունենք ամերիկյան լրագրության ասպարեզում, այլ այն, որ պետք է ապահովել հիմնական սյուները, հաշվի առնել տեղի առանձնահատկությունները, համատեքստը եւ առանձնահատկությունների շուրջ կառուցել՝ աշխատելով տեղի լրատվական կազմակերպությունների հետ, ստանալով նրանց գնահատականները, մոտեցումները, առարկայական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:

– Չնայած մենք խոսում ենք որակյալ լրագրության մասին, սակայն այսօր հասարակությունը հիմնականում ուզում է առանց նյարդայնանալու ֆասթ ֆուդի պես «կուլ տալ» լուրերը, նաեւ կարծես մոդայիկ չէ տպագիր թերթ կարդալը, որովհետեւ ամեն ինչ կարելի է ինտերնետից ստանալ: Դուք ինքներդ մի գավաթ սուրճով տպագիր թերթ կարդալու սովորություն ունե՞ք:

-Ես չափից շատ եմ թերթեր կարդում, քանի որ ուզում եմ, որ իմ տեղեկատվության աղբյուրները հավասարակշռված լինեն: Պատասխանատու լրագրությունը կարեւոր, առանցքային գործոն է առողջ հասարակության համար, նաեւ անգլերենի իմացությունն է շատ կարեւոր՝ ոչ միայն նրա համար, որ գուցե ավելի լավ աշխատանքի հնարավորություն կլինի, այլ այն նպատակով, որ այդպես կկարողանաք ավելի շատ աղբյուրներից օգտվել, ավելի շատ հավասարակշռված տեղեկատվություն ստանալ: Ունենալով բազմակի աղբյուրներից քաղած տեղեկություններ եւ քննադատական մտածողություն՝ յուրաքանչյուր ոք կկարողանա դրա հիման վրա իր եզրահանգումներն իրականացնել եւ տեղեկատվական հոսքերի մեջ տարբերակել, թե որն է իրական, ճշմարտացի տեղեկատվություն եւ որը՝ ապատեղեկատվություն:

-Դուք դիվանագիտական առաքելություն եք իրականացրել Հայաստանում, ի՞նչ կարեւոր շեշտադրումներ կառանձնացնեք մեր երկրի հետ կապված:

-Ես Հայաստանում աշխատել եմ 2016-2019թթ, եւ հիշարժանը միայն ամեն տարի հուլիսին Հայաստանում համեղ ծիրան ճաշակելը չէ: Այդ ընթացքում հիշարժան էր «թավշյա» հեղափոխությունը, եւ պատահական չէր, որ «Էկոնոմիստ» ամսագրում Հայաստանը ճանաչվեց տարվա երկիր, քանի որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը անցավ խաղաղ պայմաններում: Այս շաբաթ ես կրկին Հայաստանում եմ եւ տեսնում եմ, որ Հայաստանը շատ մարտահրավերների է բախվել վերջին երեք տարիների ընթացքում: Ընդ որում, կան եւ ներքին, եւ տարածաշրջանային մարտահրավերներ: Հայաստանը իր չափերով մեծ երկիր չէ, բայց մեծ եւ հարուստ է մարդկային ներուժով:

Լինի 2016-2019թթ ժամանակահատվածում, թե այս օրերին՝ ես շարունակում եմ մեծ վստահություն տածել հայ ժողովրդի ներուժի եւ տոկունության հանդեպ: Ի հեճուկս այս մարտահրավերների՝ ես լավատեսորեն եմ տրամադրված Հայաստանի ապագայի հանդեպ, հաշվի առնելով այս երկրի ունեցած ներուժը եւ տոկունությունը: ԱՄՆ-ն էլ շարունակում է հետաքրքրված լինել գործակցելու Հայաստանի հետ եւ ներդրումներ կատարելու այս ներուժի զարգացման հարցում: Լրագրողական գերազանցության կենտրոն ստեղծելու եւ լրագրողական կրթության նոր մագիստրոսական ծրագիր ներդնելու ծրագիրը եւս դրա ապացույցներից մեկն է:

-Ի՞նչ տպավորիչ դրվագ կհիշեք Հայաստանից, երբ մեր երկրում դիվանագիտական առաքելություն էիք իրականացնում: Ի՞նչ հուշանվեր տարաք այստեղից հեռանալիս:

-Մի բան, որ երբեք չեմ մոռանա Հայաստանի վերաբերյալ, այն է, թե իմ երեխաներն ինչքան լավ էին զգում Հայաստանում, ինչքան հարմարավետ, ապահով եւ սիրված: Ընդհանրապես Հայաստանում երեխաների հանդեպ առանձնահատուկ սեր է դրսեւորվում: Ես որպես ծնող՝ շատ շոյված ու լավ էի զգում այդ վերաբերմունքից: Նաեւ մի փոքր եսասիրական նկատառում՝ ինձ շատ է դուր գալիս հայկական գինին, մեծ ուրախությամբ ուզում եմ փաստել այս կարճ ժամանակահատվածում հայկական գինեգործության թռիչքաձեւ զարգացման մասին: Իսկ «հուշանվերը», որ վերցրի ինձ հետ՝ իմ սրտում, հենց այս երկիրն է, որը մեծ չէ տարածքով, բնակչության թվով, բայց ունի մեծ սիրտ ունեցող ժողովուրդ:

-ԱՄՆ-ը ի թիվս այլնի, Հայաստանում իրականացվող կրթամշակութային ծրագրերում մի շարք ներդրումներ է կատարում: Ձեր կարծիքով ինչքանո՞վ է կարեւոր մասնավորապես կրթության, մշակույթի ոլորտներում ներդրումներ կատարելը, հատկապես որ դրանց արդյունքները միանգամից չեն երեւում:

-Նախ եւ առաջ այդ կերպ մեր հարգանքն ենք արտահայտում Հայաստանի մշակույթի, Հայաստանի ժողովրդի հանդեպ: ԱՄՆ-ում մեկուկես միլիոն հայեր են բնակվում եւ նրանց կատարած ներդրումների շնորհիվ իմ երկիրը ավելի հարուստ է, իմ երկիրը նաեւ ավելի հարուստ է այլ խմբերի կատարած ներդրումների շնորհիվ: Երկու երկրների միջեւ հարաբերությունները չեն սահմանափակվում սոսկ կառավարությունների միջեւ հարաբերություններով, կարեւոր բաղադրիչը նաեւ ժողովուրդների միջեւ կապն է: Հայաստանի լավագույն արժեքը իր մարդիկ են: ԱՄՆ-ը աշխատում է եւ պատրաստ է ներդրումներ կատարել ի նպաստ հայության, ձեր նշած բազմազան ոլորտներում՝ մշակույթ, ակադեմիական նպատակներ, անգլերենի ուսուցում, կրթական փոխանակումներ, մշակութային ժառանգության պահպանություն եւ այլն:

-Նշեցիք, որ Հայաստանի առաջ մի շարք մարտահրավերներ են ծառացած, այս համատեքստում ինչքանո՞վ է կարեւոր ազատ, պատասխանատու մամուլի դերը:

-Անկախ եւ ազատ մամուլը միայն Հայաստանի համար չէ, որ կարեւոր է: Այն խիստ էական է առողջ, ժողովրդավար հասարակության համար, որը ապահովում է ընտրողների կողմից իրազեկ որոշումների կայացումը եւ իշխանություն ունեցողների հաշվետվողականությունը:

-Կա՞ մի հարց, որի մասին կուզենայիք խոսել, բայց չհնչեցրի:

-Ես ի սրտե հուսով եմ, որ Հայաստանին սպասվում է խաղաղ, բարեկեցիկ ապագա, ես ուզում եմ հավատացնել, որ այդ ճանապարհին Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է:

Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

 Լուսանկարները՝ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի ֆեյսբուքան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031